Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ "ՏՈԿԻ՞ ԵՆ ՏՎԵԼ"

Արխիվ 12-16

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ.
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ "ՏՈԿԻ՞ ԵՆ ՏՎԵԼ"


Այս քառօրյան սկսվեց բավականին բուռն: Պատճառը` Հայաստանի էլցանցերի հայտն է` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու: Թե ինչու հանկարծ ասպարեզում հայտնվեց այդ նոր պատուհասը, ինչքանով են հիմնավորված կամ անհիմն փաստարկները, առանձին հարց է: Սակայն փաստը մնում է փաստ, որ խորհրդարանի աշխատանքներին տեղի ունեցավ ընդմիջում, որի ընթացքում ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ "Ժառանգությունը" խորհրդակցեցին:


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ "ԳԱԼՎԱՆԱՑՈՒՄ"


Հիշո՞ւմ եք, ֆիզիկայի դպրոցական դասագրքի օրինակը` թե ինչպես իտալացի բժիշկ Գալվանիի գիտափորձի ժամանակ գորտի առանձին վերցված մկանը կծկվում է էլեկտրական հոսանքի իմպուլսից: Մոտավորապես նույն ազդեցությունը խորհրդարանական ընդդիմության վրա թողեց էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման լուրը: Միանգամից ելույթներ ունենալու, քայլերի դիմելու ասպարեզ գոյացավ:
Բայց մոտեցումները տարբեր են: Եթե ՀԱԿ-ը կողմնակից է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն եւ այդ նպատակով ստորագրություններ է հավաքում` արտահերթ նիստ գումարելու համար, ապա ԲՀԿ-ն կողմնակից է էլեկտրաէներգիայի սակագների շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել: Առաջին տարբերակը ենթադրում է ամիսների աշխատանք, իսկ երկրորդը` առավել հրատապ քննարկում: Բայց երկուսի դեպքում էլ մի "բայց" կա` ընդունվելու համար անհրաժեշտ է ԱԺ մեծամասնության համաձայնությունը:
Խորհրդարանական մեծամասնությունն էլ, ՀԿԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի խոսքերով, ուրբաթ օրը հանդիպելու է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ նրանից պարզաբանումներ ստանալուց հետո միայն կճշտի իր անելիքները:
Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ թանկացումը, մեղմ ասած, չի կարող ուրախալի լինել հանրության համար, ու այս կամ այն կերպ դրա շուրջ  դժգոհությունն արտահայտվելու է: Մայիսի վերջերին հանրահավաք է նախատեսված թանկացումների դեմ, սոցիալական ցանցերում այդ հանրահավաքին նախաձեռնող խումբը մարդ է հրավիրում, իսկ խորհրդարանական ընդդիմությունն էլ ակտիվորեն ելույթներով է հանդես գալիս: Գալվանացված, կամ ինչպես ժողովուրդը կասեր` "տոկի տված" ընդդիմադիր դաշտը աշխուժանում է: Անշուշտ աշխուժություն կլինի եւ սոցիալական նշանակություն ունեցող այլ խնդիրներում: Մասնավորապես համայնքների խոշորացման շուրջ էլ տարաձայնությունների պակաս չկա: Նույնիսկ միեւնույն կուսակցությունում` ԲՀԿ-ում, միաժամանակ կան խոշորացմանը կողմ եւ դեմ արտահայտվողներ:
Բայց միաժամանակ նաեւ ակնառու է, որ համայնքների խոշորացման հանրաքվեին ընտրողների ակտիվությունը շատ ցածր էր, թեեւ մասնակիցների մեծամասնությունը կողմ քվեարկեց:
Բայց ոչ միայն սոցիալական հիմնախնդիրների շուրջ աշխուժություն եւ տարակարծություն կա, այլեւ որոշակի շարժ է նկատվում "Արեւմուտք, թե Ռուսաստան" ավանդական հարթությունում:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐ

Ինչպես եւ խոստացված էր, Տիգրան Ուրիխանյանն անցկացրեց "Ալյանս" անունը կրող կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը կողմնորոշված է ավելի շուտ դեպի հյուսիս, իսկ ուղղվածությունը ձախ կենտրոնամետ է: Այդ դաշտում որոշ չափով նաեւ այլ կուսակցությունների ակտիվություն է նկատվում` ՀԴԿ, ՍԴՀԿ, Կոմունիստներ:
Առանձին հարց է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների մասնակցությամբ տարբեր ինտրիգային եւ տեղեկատվական շարժերը: Այդտեղ էլ, ինչպես արդեն հիշատակել էինք, օբյեկտիվորեն նկատվում է առաջին եւ երկրորդ նախագահների ճամբարների համաչափ աշխատանքը, ինչպես ստվերում, այնպես էլ տեղեկատվական-քարոզչական դաշտում:
Սակայն ամենաջղաձիգ, իսկական "տոկի տված" վիճակ է արեւմտամետների դաշտում: Այդտեղ Ռիգայի ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ինչ-ինչ սին հույսեր են արթնացել, եւ արեւմտամետները ձգտում են ամեն կերպ ակտիվանալ: Երբեմն հասնում է կուրյոզների, զորօրինակ, "ԿԳԲ-ի գործակալների" լյուստրացիայի, այսինքն` գաղտնազերծման պահանջի:Դե պարզ է, օրինակ, Պարույր Հայրիկյանի աչքին ամենուրեք ԿԳԲ է երեւում, եւ եթե նրա կամքը լինի, ապա գերեզմանոցների մեռելներին էլ կստուգեն` արդյո՞ք եղել են ԿԳԲ-ի գործակալ:
Իսկ մեկ ուրիշ ակտիվություն, կարելի է ասել` հիվանդագին եւ հիսթերիկ, նկատվում է գրանտածիծների դաշտում: Միաժամանակ եւ զուգահեռ, թեւ թեւի տված արթնացան համասեռամոլների պաշտպանները եւ հակաբանակային քարոզչությամբ զբաղվողները: Եվ, ի դեպ, առաջիններին իր լիակատար հրապարակային  աջակցությունը հայտնեց Բրիտանական դեսպանատունը: Իսկ դրսեւորումները` իսկը գարնանային սրացում: Էլ խմբով ծիածանագույն դրոշով Հյուսիսային  պողոտայում լուսանկարվեցին, էլ մայրաքաղաքի ասֆալտին եւ պատերին սեւ ներկով թողեցին համասեռամոլապաշտպան գրառումներ, եւ այդ ամենն  ուղեկցվեց անգլալեզու որոշ միջազգային լրատվամիջոցների բուռն, հորթային հրճվանքով:
Մեկ էլ գարնանային ուշացած սրացման այլ դրսեւորում էլ երեւաց` ոմանք առաջ քաշեցին դավադրության տեսություն, իբր համասեռամոլների պաշտպաներին ակտիվացրել է իշխանությունը, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի էլեկտրաէներգիայի թանկացումից: Բայց, իհարկե, դա հիմարություն է, քանզի բողոքողը կբողոքի եւ կգա հրապարակ, իսկ չբողոքողը կբավարարվի` խոհանոցում փնթփնթալով: Ու դժվար թե, ինչ-որ այլ առիթներ բողոքողին չբողոքող դարձնեն, կամ` հակառակը:
Ինչեւէ, սպասենք նաեւ Ռիգայի բուն գագաթնաժողովին` իր ձեւական ըհռչակագրային  փաստաթղթերով: Այ, այդ ժամանակ արեւմտամոլների վառ հույսերի փուքսը կիջնի, առավել եւս, որ ամբողջ աշխարհում նկատելի է միտումը, որ ԱՄՆ-ն նվազեցնում է իր միջամտությունը ռուսական ազդեցության գոտի համարվող տարածաշրջաններում:
Իսկ արեւմտամոլությունն ուղեկցող տարատեսակ գենախեղվածների հիմիկվա ակտիվությունը ընդամենը նրանց կարապի երգն է, կամ միգուցե հոգեվարքի ջղակծկումը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ