ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՆՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ
Արխիվ 12-16ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՆՎԵԼ Է
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ
Թուրքիան կրկին օգտագործելով Գերմանիայում ապրող թուրքական համայնքի ուժը իր ճիրաններն այս անգամ էլ մխրճեց Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների կոկորդը: Թուրքերը կրկին ջանք չխնայեցին ճնշում գործադրելով հասնել Բունդեսթագում ապրիլի 24-ի լիագումար նիստում հնչեցված «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևի մեղմացմանը: Թուրքական լոբբիի ճնշման տակ Գերմանիայի գործադիր իշխանությունը փորձել է մեղմել ներկայացված բանաձևը, իսկ Անգելա Մերկելի պահանջով հանվել է Ցեղասպանություն բառը: Նոր տարբերակի քննարկման ժամանակ, սակայն, Բունդեսթագի մի շարք պատգամավորներ դեմ են դուրս եկել մեղմացված տարբերակին:
Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Ներկայումս բանաձևը քննարկվում է հանձնաժովների կողմից և ենթադրվում է, որ մինչ բունդեսթագյան ամառային արձակուրդը՝ հունիսի 30-ը, բանաձևը նորից կքննարկվի, սակայն վերջնական ի՞նչ տեսք կունենա, դեռևս պարզ չէ: Ըստ Ռ. Սաֆրաստյանի նոր բանաձևը կարելի է մեկ քայլ առաջ համարել 2005 թվականին ընդունվածի համեմատ, որտեղ նույնիսկ ենթատեքստում Ցեղասպանություն եզրույթը չէր էլ օգտագործվել: «Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որոնք արվեցին Բունդեսթագի նախագահի և Գերմանիայի նախագահի կողմից, որտեղ շատ հստակ նշվում էր Ցեղասպանություն բառը, բանաձևի նոր տարբերակում չի լինի: Այսինքն, բանաձևը կունենա ավելի չակերտավոր մեղմ բնույթ և փորձ կարվի Թուրքիային շատ «չնեղացնել»»,- ասում է Ռ. Սաֆրաստյանը:
Իսկ այն, որ վերջին մեկ ամսում Հայոց Ցեղասպանությունն ընդունած երկրներից Թուրքիան իրար ետևից ետ է կանչում իր դիվանագիտական կառույցների ղեկավարներին, ընդամենը թուրքական ցուցամոլության արդյունք է, քանի որ, ըստ Ռ. Սաֆրաստյանի՝ Թուրքիան եթե կտրուկ քայլեր է կատարում, ապա հետագայում կամաց-կամաց ետ է վերադառնում նույն վիճակին, քանի որ ինքը կախվածության մեջ է այդ նույն երկրներից:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
