« «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը շարունակում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները». Պր
Արխիվ 12-16« «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը շարունակում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները». Պրոդյուսեր
Երեկ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: Այդ մասին «Իրավունքի» հեզ զրույցում ասաց ներկայացման պրոդյուսեր ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ`հավելելով, որ թատերականացված համերգ–ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:
Տ. Վիրաբյանի փոխանցմամբ` հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել համերգ-ներկայացումը, ինչը, անշուշտ, ուրախալի փաստ է: «Վստահ եմ, որ համերգ-ներկայացումը նույնքան ջերմ ընդունելության կարժանանա նաև Գյումրիում (հունիսի 21- ին), Ստեփանակերտում (հունիսի 12- ին) և Երևանում (աշնանը)»:
Տ. Վիրաբյանն ընդգծեց, որ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը այսօր էլ, հավատարիմ իր սկզբունքներին շարունակում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և շոշափելով ժամանակի զարկերակը, զգալով դարի շունչը հայ ժողովրդական երգն ու պարը տարածում է ամբողջ աշխարհով` ի հեճուկս մշակութային համընդհանրացման: «Այս համերգ-ներկայացումն իր բովանդակությամբ, հայ ժողովրդական երգի ու պարի միջոցով կվերարժևորի ազգային մշակույթի ծիսատոնական երևույթների պահպանման ու տարածման կարևորությունը»:
Հավելենք, որ նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
