ՀՀ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԼԱՔՆ ՈՒՂՈՒՄ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ՀՀ-ՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԼԱՔՆ ՈՒՂՈՒՄ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎՐԱ
Շուտով խորհրդարանում լսվելու է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հաղորդումը 2014 թվականի դատախազության գործունեության մասին: Դատելով դատախազության ներկայացրած հաղորդումից տպավորություն է ստեղծվում, որ հանցավորության ընդհանուր վիճակը վատթարացել է: Այսպես, արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարած հանցագործությունների աճ, 330 դեպքով աճել են միջին ծանրության հանցագործությունները, 231 դեպքով՝ ծանր եւ 43 դեպքով՝ առանձնապես ծանր հանցագործությունները: Մասնավորապես 2014 թվականին եղել է 53 սպանություն, 28 սպանության փորձ, 22 բռնաբարություն եւ բռնաբարության փորձ:
Դրան զուգահեռ վատթարացել է միջին եւ ծանր հանցագործությունների բացահայտման վիճակը հասնելով համապատասխանաբար 74,5 եւ 54,8 տոկոս: Բարվոք չէ նաեւ վիճակը հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման առումով: Այսպես, 2014 թվականին հետախուզվել է 13,500 հանցագործ, որոնցից հայտնաբերվել են ընդամենը 1,777-ը, կամ 13,1 տոկոսը: Հետախուզվղների մեջ են՝ 60 մարդասպան, 3 բռնաբարող, 7 բանդիտ, 67 խուլիգան, 63 ավազակ, 14 կողոպտիչ, 152 գող, 475 խարդախ:
Դատախազությունը նշում է, որ հանցագործությունների բացահայտման ցածր ցուցանիշների պատճառներն են քննության որակը եւ աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպումը. <Անհանգստացնող է հետաքննության մարմինների կողմից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ցածր որակն ու անարդյունավետությունը>,- նշված է դատախազության հաղորդման մեջ:
Ավելին, դատախազությունը նշում է, որ <Հանցագործությունների բացահայտման աշխատանքներում տեղ գտած թերությունները... նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հանցագործությունների կատարման համար>: Դատախազությունը նշում է, որ թեեւ իրավապահ մարմիններին տալիս է անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ, սակայն չի կարող երաշխավորել դրանց կատարման արդյունավետությունը:
Այսպիսով, քրեական իրավիճակի վատթար լինելու սլաքը ուղղվում է նաեւ ոստիկանության կողմ: Մասնավորապես դատախազությունը նշում է, որ սպանությունների դեպքերին հիմնականում նախորդում են երկար ժամանակ զարգացող կոնֆլիկտները, սակայն ոստիկանությունը ժամանակին դրանք չի կանխում. <Օպերատիվ աշխատանքների ոչ բավարար մակարդակի, այն է՝ ժամանակին տեղեկություն չստանալու արդյունքում, կատարվածի մասին տեղեկությունը ստացվում է միայն դեպքից (սպանություն, ծանր մարմնական վնասվածք) հետո>: Ըստ դատախազության, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկած պրոֆիլակտիկ միջոցառումները անարդյունավետ են:
Ի վերջո, ինչպես նշում է դատախազությունը այս քրեական վիճակը ծանր հետեւանք է թողնում հասարակական գիտակցության վրա. <Հասարակության անդամների մոտ առաջացնելով անպաշտպանվածության զգացում՝ հատկապես, երբ այդ հանցագործությունները կատարած անձինք չեն բացահայտվում եւ խուսափելով քրեական պատասխանատվությունից մնում են ազատության մեջ>: Իսկ այդպիսի դեպքերը ինչքան ուզես կարելի է թվարկել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
