ԱՆԳԱՄ ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՉՕԳՆԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ՔԱՂՑՐ ՀՈՒՇԵՐԸ ԵՏ ԲԵՐԵԼՈՒ
Արխիվ 12-16ԱՆԳԱՄ ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՉՕԳՆԵՑ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ՔԱՂՑՐ ՀՈՒՇԵՐԸ ԵՏ ԲԵՐԵԼՈՒ
«Իրավունքը» ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից պարզեց` ինչու դաշնակցությունը չմիացավ ՀԱԿ-ի ստորագրահավաքին` էլեկտրաէներգիայի թանկացման համար ժամանակավր հանձնաժողով ստեղծելու նպատակով: ՀՅԴ-ը չմիացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը, քանի որ կողմ ենք խորհրդարանական լսումներ անցկացվեն, մանրամասներ վեր հանվեն:
«Չմոռանանք նաեւ, որ մեր գործընկերները հաճախ այդ ուղղությամբ ստեղծում են մի բան, հետո էլ սկսում են հետ կանգնել, չեն պարտադրում, որ մարմինն աշխատի: Չենք ցանկանում գազի հանձնաժողովի հետ կապված պատմությունը կրկնվի»,- ասաց պրն Մինասյանը:
ՀԱԿ-ին չմիանալու մյուս պատճառը նաեւ, ըստ պատգամավորի, այն է, որ միգուցե առաջ քաշվի ՀԷՑ-ում աուդիտ անելու պահանջը:
Արծվիկ Մինասյանից նաեւ հետաքրքրվեցինք` համաձա՞յն է ընդդիմադիր ՀԱԿ-ի այն գնահատականներին, թե ՀԷՑ-ում կատարվել է թալան ու գողություն: «Որպես մարդ կարող եմ ընդունել ցանկացած դիտարկում, բայց որպես պատգամավոր ու տնտեսագետ` ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր նման հայտարարության հիմքում լինեին փաստեր: Լավ կլիներ, որ մինչեւ լիարժեք պատկերացում չունենանք խնդրի մասին, հայտարարություններ չանենք»,- պատասխանեց Մինասյանը:
Այնուամենայնիվ, թեկուզ սոլիդարությունից ելնելով՝ չէ՞ր կարելի միանալ ՀԱԿ-ին` որպես ընդդիմադիր գործընկերոջ: Դաշնակցակա պատգանավորն ասաց, որ իրենք շարժվում են ոչ այնքան սոլիդարության, որքան անհրաժեշտության ու հիմնավորվածության տեսանկյունից: «Միայն այն, որ ընդդիմություն ենք եւ ընդդիմության բոլոր նախաձեռնություններին պետք է միանանք, այդքան ճիշտ չենք համարում»,- եզրափակեց քաղաքական գործիչը:
Հ.Գ. ԲՀԿ-ն եւս չմիացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը`ասելով, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը ամիսների աշխատանք է, իսկ հոսանքի գինը պատրաստվում են բարձրացնել, հավանաբար, կամ հունիսին կամ հուլիսին: Դատելով ընդդիմադիր ուժերի հայտարարություններից`կարող ենք արձանագրել, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցն անգամ ի զորու չեղավ միավորել ընդդիմադիրներին, իսկ նախկին «քառյակ»-«եռյակ» ձեւաչափը կարելի է միայն որպես քնքուշ մութի թեւ ու քաղցր հուշ դիտարկել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
