ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍԻՆ. «ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ
Արխիվ 12-16ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍԻՆ. «ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԻՔ»
ԱԺ քառօրյայի մեկնարկին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով շրջանառության մեջ դնել իր ԱԺ հայտարարության նախագիծը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու մասին: Նա ասաց, որ իր նախագիծը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը եւ նրա կողմից կատարված հանցագործություններին. «Նա մեղադրվում էր ծանր հանցագործություն կատարելու մեջ: Այդ թվում՝ նա դատապարտված է եղել մի քանի անգամ եւ չպետք է պաշտոնավարի: Դուք այդ նախաձեռնությունը, շրջանցելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները, չդրեցիք շրջանառության մեջ: Եվ մենք այս վերջին օրերին տեսանք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին նորից ընդգրկված է վիճաբանությունների մեջ, որի հետեւանքով մի երիտասարդ կորցրել է աչքը, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մեղքի բաժինը նաեւ, կարծում եմ, դուք եք կրում: Այդ երիտասարդները մեր հանրության մի մասն են: Այս անպատժելի մթնոլորտի հետեւանքով, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավորումը դառնում է հասարակության համար սպառնալիք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը այնուհետ հավելեց, որ. «Փորձաքննության արդյունքներ ունենք, որ նա թմրանյութ է օգտագործում: Փաստորեն, այս արատավոր ընտանիքը, ունենալով լծակներ, շարունակում է սպառնալիք լինել մեր հանրության համար»:
ԱԺ նախագահը ասաց, որ դա ԱԺ-ի քննարկման հարց չէ, այլ՝ դատախազության, ուստի երբ Գեւորգ Կոստանյանը հաշվետվություն ներկայացնի շուտով ԱԺ-ում, Զարուհի Փոստանջյանը կարող է այդ հարցերը բարձրացնել նրա մոտ. «Բոլոր պատգամավորները դատապարտում են: Եթե հանցակազմ կա, պիտի հանցագործը պատժվի»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
