«ՄԱՐԴԻԿ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ, ՏՎՅԱԼՆԵՐՆ ԵՆ ԱՅԴՊԻՍԻՆ». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ՄԱՐԴԻԿ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ, ՏՎՅԱԼՆԵՐՆ ԵՆ ԱՅԴՊԻՍԻՆ». ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մայիսի 17-երեք մարզերում տեղի ունեցավ համայնքների խոշորացման հանրաքվե: Ըստ նախնական արդյունքների` հանրաքվեի մասնակիցների մեծ մասը «այո» է ասել համայնքների խոշորացմանը, սակայն արձանագրվել է ցածր մասնակցություն: «Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր, համայնքների խոշորացման ծրագրին դեմ Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց` ինչու նրա սպասելիքները չարդարացան:
Հիշեցնենք`պատգամավորը հայտարարել էր, որ եթե ժողովրդի կամքը արտահայտվի, 95%-ը «ոչ» կասի հանրաքվեին: «Եթե չեմ սխալվում Սյունիքում 120%-ով «այո» են ասել»,- ասաց պատգամավորը:
Լյովա խաչատրյանին հակադարձեցինք, որ միայն Սյունիքում չի արձանագրվել բարձր ցուցանիշ, այլ նաեւ մյուս երկու մարզերում: «Չէի էլ կասկածում, որ այդպիսի արդյունքներ կլինեն»,- հանգիստ պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը:
- Փաստորեն, համայքնի բնակիչների մեծ մասը կողմ է համայնքների խոշորացմանը:
- Ոչ, բնակչությունը չի ուզում, այլ տվյալներն են այդպիսին:
- Բայց բնակիչների ձայների շնորհիվ է այդ պատկերը ստացվել:
- Տվյալներն են այդպիսին:
- Ձեզ համար կասկածելի՞ են հանրաքվեի արդյունքները:
- Ես չգիտեմ` 100%-անոց արդյունք, ո՞ր դեպքում է լինում: Դուք կարո՞ղ եք դա ինձ բացատրել:
-100%-անոց չկա, բայց ձայների մեծամասնությամբ դրական արդյունքն է ստացվել:
-100%... 100%-անոց արդյունք է ցույց տրվել: Կարելի է ասել` հանրաքվեն կայացավ:
- Ձեր սպասումներն էլ չարդարացան:
- Չէ, ինչո՞ւ:
- Որովհետեւ ասում էիք` որ եթե լինի հանրաքվե…
- Ես ասում էի, որ եթե ժողովուրդն իր կամքն արտահայտի, ապա 95% դեմ:
- Այսինքն` ժողովուրդն իր կամքը չի՞ արտահայտել:
- Ոչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
