«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ»` ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
Արխիվ 12-16«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ»` ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
Գեղեցիկ արվեստների ակադեմիան ավանդական դարձած «Դասը վարում է մտավորականը» միջոցառման շրջանակներում հյուրընկալեց ժամանակակից գրողներ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆԻՆ եւ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒՆ, նպատակ ունենալով ընթերցողներին ներկայացնել ժամանակակից գրողներին եւ նրանց ստեղծագործությունները: Գրողները ուսանողների հետ քննարկեցին հայ ժամանակակից գրականության եւ հայոց լեզվի հետ կապված տարբեր հարցեր: «Ազգին, բացի լեզվից ոչինչ չի պահում, ուստի պետք է իմանաք ձեր մայրենի լեզուն: Աշխարհում որեւէ կոթող, քանդակ այնքան շքեղ ու փառահեղ չէ, որքան մեր լեզուն»,-ուսանողների հետ զրույցում նշեց Դ. Մշեցին եւ հորդորեց լավ տիրապետել հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին. «Հայ ազգը երբեք չի կործանվել, քանի որ մեր մեջ միշտ եղել է հոգեւոր հայրենքի գիտակցումը, իսկ այսօր ունենք ամեն ինչ, բացի հոգեւոր հայրենիքից»:
Գոռ Հարությունյանի խոսքով` ինչքան էլ այսօր մարդիկ կարեւորում են համացանցը եւ աղաղակում, որ 21-րդ դարը ոչ թե գրքի, այլ համակարգչի դար է, միեւույն է, սոցիալական ցանցերի պատճառով գիրն ու գիրքն իրենց արժեքը երբեք չեն կորցնի. «Մարդիկ ասում են, որ այսօր գրականության եւ արվեստի դար չէ, սա իհարկե այդպես չէ: Գրականությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդկությունը եւ լեզուն»,-ընդգծեց Գ. Հարությունյանը:
Հանդիպման ավարտին գրողներն ուսանողների համար ընթերցեցին իրենց բանաստեղծություններց, այդ թվում նաեւ Դավիթ Մշեցու դեռ չտպագրված բանաստեղծություններից:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
