ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ` ՊՈԼԻԿԼԻՆԱԿՆԵՐԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ «ԱՆԵԿՏԱ» ԼՐԱՑՆՈՂ ՉԵՆ
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ` ՊՈԼԻԿԼԻՆԱԿՆԵՐԻ
ԲԺԻՇԿՆԵՐԸ «ԱՆԵԿՏԱ» ԼՐԱՑՆՈՂ ՉԵՆ
«Իրավունքը» առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից պարզեց` ինչպես նա կարձագանքի խմբագրություն դիմած այն քաղաքացիների բողոքներին, որոնք առնչվում են պոլիկլինիկաների բժիշկների մատուցած ծառայություններին: Քաղաքացիները բողոքում են, որ պոլիկլինիկաների բժիշկները դարձել են հարցաթերթիկ (анкета) լրացնողներ: «Ես ձեր ասածը լիարժեքորեն չեմ ընդունում, քանի որ վստահ եմ` մեր մասնագետները լավն են: Եթե մեկ-երկու դժգոհություն կա, այնպայման դրա դիմաց տասնյալ լավ արձագանքներ կան: Գնացեք պոլիկլիկաներ, ինչքան մարդիկ են դիմում», - ասաց փոխնախարարը:
- Որովհետեւ անվճար է, դրա համար էլ ճարահատյալ գնում են:
- Երեւանում ճարահատյալ չէ: Երեւանում այնքան շատ են հիվանդանոցներն ու պոլիկլինակները: Մասնագիտական զարգացումը լուրջ խնդիր է ոչ միայն պոլիկլինիկական, այլեւ բոլոր մասնագետների համար: Երկրորդ ընթերցմամբ մասնագիտակական շարունակական զարգացման մասին օրենքում փոփոխություն պիտի արվի, որը կխթանի մասնագետների ինքնաուսուցումը: Լինելու է նոր համակարգ, որի շնորհիվ ոչ միայն ստիպված, այլեւ ինքնագիտակցաբար մասնագետները բարելավվեն իրենց ունակությունները, որպեսզի հինգ տարի հետո ստանան հավաստագիր:
- Փաստորեն, պարտադիր վերապատրաստման կուրսեր նախատեսված չեն: Իսկ եթե բժիշկը չցանկանա բարելավել իր ունակությունը:
- Օրենքով բժիշկը պիտի հավաքի կրեդիտներ: Դրանց մի մասը նա կհավաքի սեմինարներին մասնակցելով, մյուս մասը` պրակտիկ ունակությունների ցուցադրությամբ, մի մասն էլ` վերապատրաստումներով:
- Ի՞նչ քայլեր են արվում պոլիկլիկաների տեխնիկական հագեցվածության համար:
- Մեր հանրապետության բոլոր ամբուլատորիաներում, որտեղ աշխատում են ընտանեկան բժիշկներ, տրամարդել ենք որոշակի անհրաժեշտ սարքավորումները: Բայց պոլիկլինկաներում` հատկապես քաղաքային պոլիկլինկաներում, սարքավորումների նորացման կարիք կա: Ռենտգեն ապարատների անհրաժեշտության մասին է խոսվում վերջերս, բայց ես կասեմ, որ դա մեծ գումարների հետ է կապված: Իսկ մենք այդ միջոցները չունենք, ցավոք սրտի: Վերջին հինգ տարվա ընթացքում առողջապահության նախարարությունը հիվանդանոցների համար որեւէ սարքավորում չի գնել: Դրա համար մենք փնտրում ենք ալտերնատիվ միջոցներ` գտնել ներդրողներ, կազմակերպություններ, որոնք կկարողանային վերազինել պոլիկլինիկաները:
- Դուք, որպես փոխնախարար, օգտվում ե՞ք պոլիկլինիկայից եւ վստահո՞ւմ եք այնտեղի մասնագետին:
- Այո, ես վստահում եմ պոլիկնիկաներին եւ ոչ միայն ես, այլեւ իմ ամբողջ ընտանիքը: Դրա շնորհիվ շատ լավ տեղեկանում եմ պոլիկլինիկաների տարբեր խնդիրների մասին եւ լուծում տալիս դրանց:
- Բայց նկատել եք, որ մեր պաշտոնյաներից քչերն են հաճախում պոլիկլինիկա: Մեծ մասն օգտվում է թանկարժեք, մասնավոր հիվանդանոցային ծառայություններից:
- Չէ էդպես չի, դուք թյուր կարծիք ունեք: Պոլիկլինիկաներից շատերն են օգտվում, քանի որ ամեն հարցի համար չի կարելի գնալ հիվանդանոց եւ ամեն հիվանդանոց գնալիս չէ, որ արագ կստանաս քեզ հուզող հարցի պատասխանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
