ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ Է ԶԱՆԳԱԿԻ ԵՎ ԲԱՄԲԱԿԻ ԽՆԴԻՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ Է ԶԱՆԳԱԿԻ ԵՎ ԲԱՄԲԱԿԻ ԽՆԴԻՐԸ
Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է: Հրավիրված ասուլիսին թեմայի շուրջ խոսեցին հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ ու սեքսոպաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Բանախոսները հիմնականում անդրադարձան հայ ընտանիքի արդի խնդիրներին, կնճռոտ հիմնահարցերին: Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ Հայաստանում ավելացել են ամուսնալուծությունների դեպքերը, ինչը մասնագետների փոխանցմամբ՝ շատ դեպքերում կապված է ամուսնական ինստիտուտի բացակայությամբ: «Իրավունքի» այն հարցին, թե, այնուամենայնիվ, որն է ամուսնանալու նախընտրելի տարիքը, Ի. Ծատուրյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Վաղ ամուսնությունների պատճառ երբեմն դառնում են ծնողները`իրենց աջակցությունը ցուցաբերելու և նորաստեղծ ընտանիքին օգնելու հորդորներով. քանի երիտասարդ եմ տիրություն կանեմ, ինչի արդյունքում ընտանիքը ինքնուրույն չի ձևավորվում: Երևույթն ունի իր դրական և բացասական կողմերը»:
Ի. Ծատուրյանը համոզված է, որ բարձր տարիքում ավելի է դժվարանում ամուսնության գործընթացը. առաջ է գալիս զանգակի և բամբակի խնդիրը կամ բանալու և կողպեքի: «Մի բան է 18-20 տարեկան տղան, աղջիկը, այլ բան 28-30-ը, երբ արդեն ձևավորված է բնավորությունը: Պահանջներն են այլ: Ուստի ինքներդ որոշեք` ո՞ւշ, թե՞ շուտ կայացնել ամուսնանալու որոշումը…»,- ընդգծեց հոգեբանը՝ հավելելով, որ շատ մեծ դեր ունի ամուսնության հարցում նաև սոցիալական պայմանները:
Սեքսոպաթոլոգ Վ. Շահրամանյանը համաձայն է Ի. Ծատուրյանի դիտարկմանը, սակայն սոցիալականից բացի, բժիշկը նշում է. «Կարևոր է հոգեբանական հասունությունը, թե որքանով է տվյալ անձը հոգեբանորեն պատրաստ ընտանիք կազմելու, քանի որ ընտանիքը շատ բարդ մեխանիզմ է և լուրջ ինստիտուտ: Գոյություն ունի և՛ ֆիզիոլոգիական տարիք, և՛ հոգեբանական տարիք, ուստի լինում են դեպքեր, երբ անձը, լինելով 40 տարեկան, ունենում է 18 տարեկանի մտածողություն, և ճիշտ հակառակը: Ամուսնության համար նախընտրելի տարիքը 27-30-ն է, երբ անձը արդեն ունենում է հոգեբանական առողջ պաշար, ձևավորված են լինում կյանքի հմտությունները և խոհեմ հայացքները»: Սեքսոպաթոլոգն ամուսնության գործընթացը համեմատեց նավարկության հետ` ասելով, որ նավավարը պետք է անպայման փորձառու լինի. «Ամուսնական կյանքը նման է մի նավարկության, որտեղ, եթե դուրս ես գալիս նավարկության, պետք լինես հասուն, փորձառու. միայն այս դեպքում քո առագաստը բարեհաջող նավարկություն կունենա: Հակառակ դեպքում նավարկությունը կձախողվի»,- նկատեց Վ. Շահրամանյանը:
Նյութը, տեսանյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
