"ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԱԼ ԵՎ ՎԵՐՋ"
Արխիվ 12-16<<ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԱԼ ԵՎ ՎԵՐՋ>>
Մինչ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած հայ զինվորներն իրենց կյանքի գնով հայրենի հողն են պաշտպանում ադրբեջանական խուժանից, հայ ազգի որոշ "մտավորականներ" թշնամուն են ցուցադրում իրենց "մարդասիրությունը": Նախօրեին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական կայքերից մեկին եւ թշնամու մոտ մի լավ "թեթեւացրել" սիրտը:
Կինոռեժիսորը երեւի թմբիրի մեջ է եղել եւ մոռացել է, թե ում մոտ է բողոքում: Փաստորեն, նա այդքան շուտ է մոռացել Խոջալուի, Սումգայիթյան եւ նախորդ տարվա դեպքերը: Ինչպես երեւում է Խզմալյանի "ֆանտաստիկ" վերլուծություններից եւ դատողություններից, սիրտն ադրբեջանցիների հետ հաշտեցում եւ եվրոպական քաղաքակրթություն է ուզում: Պարոն ռեժիսորը երեւի կարծել է, որ հարցազրույցից հետո ադրբեջանական կողմը մեծ ընծաներով իրեն կպարգեւատրի, այդ պատճառով էլ, ուշիուշով հետեւել է հարցազրույցի տպագրությանն ու ընթացքին, որից հետո ոչ ավել, ոչ պակաս հայտարարել` ադրբեջանցի լրագրողն իր ասածների մեջ ոչինչ չի խեղաթյուրել: Տեսնես այսքանից հետո գոնե մեր "խեղճ" ռեժիսորը թեթեւացած սրտո՞վ է ապրում, թե դեռ ասելիքներ կան թշնամուն, որը միշտ պատրաստ կլինի լսել ազգիս հոգսերով "մտահոգված" Խզմալյանին: Այսքանից հետո մնում է մտածել` արտաքին թշնամո՞ւց պետք է զգուշանալ, թե՞ ներքին: Չնայած` այս մարդու արարքն արժանի է արհամարհանքի, այնուամենայնիվ "Իրավունքը" որոշ կինոռեժիսորներից պարզեց, թե ի՞նչ կարծիք ունեն իրենց գործընկերոջ հակահայկական քայլի մասին:
<<ՀԱՅԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ՉԵՄ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ
ԹՇՆԱՄՈՒ ՄՈՏ>>
ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ.
- Արվեստագետները մեկ վիրավորվում են աշխատանքային գործընթացից, մեկ` հպարտանում իրենց ստացած մրցանակներով: Արվեստագետների որոշ մասը անհավասարակշիռ մարդիկ են: Տիգրան Խզմալյանին լավ եմ վերաբերվում, նա մի քանի լավ ֆիլմեր ունի, սակայն այդ ամենը կապ չունի այն աշխարհի հետ, որտեղ նա մտել է:
- Դուք կգնայի՞ք այդ քայլին:
- Ես իմ կռիվն ունեմ, ուրիշ կռիվ, որն անում եմ: Օրինակ` կարող եմ ցուցադրել ադրբեջանական ֆիլմ, որը դեմ է Ադրբեջանին, բայց իմ ազգի, հայերի դեմ չեմ կարող ֆիլմ ցուցադրել: Ճիշտ է, հայերի թերությունների մասին մեկ-մեկ ֆիլմ նկարահանում եմ, բայց այն չեմ ցուցադրում թշնամու մոտ:
<<ԱՅՍ ԱՄԵՆՆ ԱՎԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ>>
Կինոռեժիսոր ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆ.
- Այս ամենն ավել մեկնաբանությունների կարիք չունի, քանի որ բոլորն ունեն իրենց կարծիքը: Սա արդեն մարդու անձնական մոտեցման խնդիրն է: Իմ կարծիքով` չի կարելի նման հարցազրույց տալ եւ վերջ: Ես նման բան չէի անի, ահա իմ կարճ մեկնաբանությունը:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԵԹԵ ԽՈՍԵՆ ՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ,
ԿԱՄ ԿԲԱՆՏԱՐԿՎԵՆ, ԿԱՄ ԷԼ ԿԳԼԽԱՏՎԵՆ
Պարզվում է, Հայաստանին փնովելու ու սեւացնելու համար Խզմալյանի հարցազրույցը ադրբեջանական կողմի մոտ ունեցել է բոլորովին հակառակ ազդեցությունը: Հոգեբան Սամվել Խուդոյանը ռեժիսորի արարքը դիտարկելով հոգեբանական տեսանկյունից` փաստեց, որ այդ ամենով ցույց է տվել Հայաստանի ժողովրդավարությունը` հակառակ Ադրբեջանի, որտեղ, եթե խոսեն նման հարցերի շուրջ, կամ կբանտարկվեն, կամ էլ կգլխատվեն:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
