ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆ ՉԻ ՄՏԵԼ
Արխիվ 12-16ՔԱՐԴԱՇՅԱՆԸ <<ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ>>ԹԱՆԳԱՐԱՆ ՉԻ ՄՏԵԼ
Այս տարի <<Թանգարանային գիշեր>> միջոցառումը տեղի կունենա մայիսի 16-ին: Հայաստանում այդ օրը 111 թանգարաններ, մինչեւ կեսգիշեր, բաց կլինեն այցելուների առջեւ: Միջոցառման շրջանակներում տարբեր թանգարաններ նախապատրաստել են բազմաբնույթ միջոցառումներ եւ ներկայացել նոր ցուցադրություններով:
<<Մայր Հայաստան>> զինվորական թանգարանը նույնպես երեք նոր ցուցադրություններով նախապատրաստվել է "Թանգարանային գիշեր" միջոցառմանը: <<Իրավունքը>> թանգարանի տնօրեն ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրուցեց նոր ցուցադրության, ինչպես նաեւ թանգարանի այցելուների վիճակագրական տվյալների շուրջ:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
-Մեր թանգարանում տարին տասներկու ամիս թանգարանային գիշեր է, քանի որ, ի տարբերություն մյուս թանգարանների, "Մայր Հայաստան" թանգարանի դռներն ամեն օր անվճար բաց են բոլոր այցելուների առջեւ, անկախ սեռից, կրոնից, տարիքից եւ ազգությունից:
- Երեք նոր ցուցադրություններն ի՞նչ են իրենց մեջ ներառում:
- Այս տարի թանգարանում բացվել է երեք նոր ցուցադրություն, երեք տարբեր խորագրերով: Առաջինը կոչվում է <<Նեմեսիս>>, որը բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Ցուցադրությունը նվիրված է <<Նեմեսիս>> գործողության մասնակիցներին, որոնք հետամուտ եղան Ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծելուն: Երկրորդը` <<1915 թվականի կամավորական ջոկատներ եւ ինքնապաշտպանական մարտեր>> խորագրով ցուցադրությունն է, արտացոլում է 1915 թվականին հայ կամավորական ջոկատների կազմավորումը, գործունեությունը եւ ինքնապաշտպանական մարտերը` Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում եւ նահանգներում: Երրորդ ցուցադրությունը կրում է <<Մերօրյա հերոսները>> խորագիրը` նվիրված նախորդ տարի մեր սահմաններն ադրբեջանական ագրեսիայից կյանքի գնով պաշտպանած հայ հերոսներին:
<<ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՎ
ԱՎԵԼԱՑԱՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ>>
-2015-ին թանգարան այցելուների թվաքանակի հետ կապված` դեռեւս չունենք վիճակագրական տվյալներ: Նոր ցուցադրությունը բերեց այցելուների թվաքանակի ավելացում: Իսկ ահա 2014-ին` մոտավորապես 75 օտար պետություններից թանգարան են այցելել 65 հազար մարդ:
<<ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԻԱՅՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ ՆԿԱՐՎԵԼ Է, ԻՐԵՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է
ՈՒ ՀԵՌԱՑԵԼ>>
"Իրավունքը" թանգարանի տնօրենից նաեւ հետաքրքրվեց, թե վերջերս Հայաստան ժամանած եւ Հաղթանակի զբոսայգով հիացած ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով այցի շրջանակներում, ըստ տարածված կարծիքի եւ լուսանկարների, եղե՞լ է արդյոք թանգարանում եւ հատկապես ի՞նչն է նրան հետաքրքրել, Ա. Հարությունյանը փաստեց. <<Թե ինչ էր նախատեսված Ք. Քարդաշյանի Հայաստան այցի ծրագրում եւ Հաղթանակի զբոսայգում, չգիտեմ, բայց որ նա թանգարան չի մտել` փաստ է: Քարդաշյանը միայն շենքի մոտ նկարվել է, իրեն ցուցադրել է ու հեռացել: Ինչո՞ւ պետք է Քարդաշյանը մտներ թանգարան>>,- եզրափակեց Ա. Հարությունյանը:
Զրույցը`
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
