ՈՎ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀՍԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ "ՏՆԱՔԱՆԴ ԳՆԵՐԸ"
Արխիվ 12-16ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ "ՏՆԱՔԱՆԴ ԳՆԵՐԸ"
Խմբագրություն էր դիմել "Իրավունքի" մշտական ընթերցողներից Ալբերտ Ասատուրյանը, ով բավական սրտնեղած էր անալիզի համար առողջապահական լաբորատորիաներում տիրող, ինչպես նա արտահայտվեց, պահանջվող "տնաքանդ գներից": Բանն այն է, որ մեր զրուցակիցը որոշ առողջական խնդիրների պատճառովª բժշկի ցուցումով գնացել է Կոմիտասի շուկայի դիմաց գտնվող "Պրոմտեստ" լաբորատորիաª արյան անալիզ հանձնելու, եւ այս իրավիճակն է նկարագրում.
"Լաբորատորիայի աշխատակիցը արյան հետեւյալ` հելիկոբակտեր պիլորի, ալֆա ամիլազա եւ լիպազա անալիզներըի համար ինձանից պահանջեց 32 հազար դրամ: Ես վճարեցի այդ գումարը` արյունս հանձնեցի եւ դուրս եկա: Երբ դուրս եկա, անմիջապես հիշեցի մեկ այլ` "Դիալաբ" անունը կրող լաբորատորիան, որտեղ մեկ շաբաթ առաջ ինձանից չորս այլ անալիզի համար վերցրել էին տասը հազար դրամ: Այդ պահին, պարզապես հետաքրքրության համար, գնացի այնտեղ` տեսնեմ, թե ինչ արժեն նույն անալիզները: Եվ պատկերացրեք զարմանքս եւ միեւնույն ժամանակ զայրույթս. աշխատակցուհին նայելով, թե ինչ անալիզ պետք է հանձնեմ, հաշվեց եւ ասաց` 8 հազար դրամ: Առանց մի վայրկյան անգամ վարանելու հետ գնացի "Պրոմտեստ" եւ հետ պահանջեցի գումարս, իհարկե, մի փոքր քաշքշուկից հետո գումարս հետ տվեցին: Բայց ինչպես կարելի է նույն անալիզի համար ոչ թե նույնիսկ կրկնակի, եռակի, այլ քառակի գումար պահանջել հիվանդ մարդուց: Չենք ասում, թե ձրի անեն, բայց էդքան անխիղճ լինել էլ պետք չէ",- պատմեց դեռ հազիվ զայրույթը զսպող 80-ամյա Ալբերտ պապիկը:
Փորձեցինք ՀՀ ԱՆ նախարարությունից պարզել, թե ովքեր են վերահսկում մասնավոր լաբորատորիաների գնային քաղաքականությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ նախարարությունը մասնավոր լաբորատորիաների եւ կլինիկաների գնային քաղաքականությանը չի միջամտում: Նրանց միջեւ մրցակցություն է, եւ քաղաքացին դիմում է այնտեղ, որտեղ իրեն առավել հարմար է:
Փորձեցինք կապվել նաեւ "Պրոմտեստ" լաբորատորիայի տնօրինության հետ եւ պարզել` ինչով է պայմանավորված այդչափ տարբերությունը: Սակայն, մինչեւ օրվա վերջ, պատասխանատուների հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց , չնայած նույնիսկ հեռախոսահամար էին խնդրելª խոստանալով, որ տնօրենն անձամբ կկապվի մեզ հետ:
Դեռ կսպասենք պարզաբանման: Բայց մինչ այդ, ֆիքսենք, որ սա ընդհանրական եւ չափազանց լուրջ խնդիր է: Նախª ինչպե՞ս են լաբորատորիաներուն ձեւավորվում սակագները: Այսինքնª ով ինչ գին քեֆը տա կարող է սահմանե՞լ, ինչ է, թե անունն ազատ շուկա՞ ենք դրել: Բայց չէ՞ որ այդ դեպքում էլ կոպեկանոց անալիզների համար տասնյակ հազարներով գումար են ուզում, եւ հիվանդը ճարահատյալ պետք է վճարի: Հակառակ դեպքում, ստիպված է անցնել բոլոր լաբորատորիաներով, համեմատել բոլոր գները: Իսկ միթե 80-ամյա մեր զրուցակիցը, ասենքª նաեւ մյուս հիվանդներն ի վիճակի՞ են նման մարաթոնյան վազքի: Ուրեմն, ո՞վ պետք է այդ ամենը համակարգի, մարդկանց գոնե միանգամից հուշի, թե այս-այս գներն են, եթե ոչ նախարարությունը: Օրե՞նքն է խանգարում. փոխեք, ո՞վ է ձեռքներդ բռնել:
Եվ եթե սրան հավելենք այն բազում փաստերը, երբ նույն անձը նույն անալիզի համար դիմում է տարբեր լաբորատորիաներ եւ ստանում նույնքան տարբեր պատասխաններ, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ ահավոր վիճակ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
