⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

"ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԽՈՒՐ Է"

Արխիվ 12-16

"ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԽՈՒՐ Է"


Ըստ "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունից մեզ փոխանցվ ած տվյալների` վերջին տարիների ընթացքում երկաթուղային պատահարների թիվը ավելացել է: Մասնավորապեսª 2014թվականի ընթացքում շուրջ 45 դեպք է գրանցվել, որոնցից 30-ը եղել է մահվան ելքով: Մտահոգված լինելով երկաթուղային պատահարների բարձր ցուցանիշներով` ՀԿԵ անվտանգության պատասխանատուները մայիսի 13-ին լրագրողների եւ գնացքների գծերին մոտ գտնվող համայնքների ղեկավարների հետ իրականացրին գնացքով շրջայց` Երեւանից դեպի Վանաձոր` նպատակ ունենալով վերջիններիս միջոցով եւս մեկ անգամ բարձրաձայնել անվտանգության եւ իրազեկման կանոնների պահպանության մասին:
Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում անդրադառնալով տարեցտարի ավելացող երկաթուղային պատահարներին, մասնավորապես ասաց.
-Երկաթուղային պատահարների թիվն ամեն տարի ավելանում է: Պատճառը հիմնականում գնացքների գծերին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչների անզգուշությունն է: Ներկայումս վերանորոգված երկաթգծերը թույլ են տալիս գնացքներին զարգացնել առավելագույն` 100 կմ/ժամ արագություն: Այդ պարագայում, եթե երկաթգիծը հատող անցորդը կամ անասնապահն անուշադիր են մոտեցող գնացքի հանդեպ, ապա գնացքի մեքենավարի համար էլ ավելի դժվար, եթե ոչ անհնարին է լինում խուսափել պատահարից, քանի որ նա կտրուկ արգելակելու դեպքում անգամ չի կարողանա անմիջապես կանգնեցնել գնացքը. նման արագությունների դեպքում արգելակելուց հետո գնացքն ինքնաբերաբար անցնում է մոտ 800 մետր: Ուստի երկաթուղու անվտանգության կանոնների պահպանման եւ ողբերգական պատահարներից խուսափելու գլխավոր նախապայմանը հասարակության կարգապահությունն ու զգոնությունն է: Գնացքի մեքենավարից հաճախ ոչինչ կախված չէ: Եթե ավտոմեքենան անզգույշ անցորդին կամ կենդանուն տեսնելիս կարող է շրջել ղեկը եւ խուսափել բախումից, ապա գնացքի դեպքում դա, հասկանալի է, անհնար է:
- Ունե՞ք կոնկրետ վիճակագրական տվյալներ, թե ինչն է նպաստում պատահարների աճին, եւ ի՞նչով է պայմանավորված, որ հենց այսօր եք որոշել այդ ամենի մասին իրազեկել հանրությանը:
- ՀԿԵ-ի անվտանգության պատասխանատուներ ղեկավար կազմի հետ ամեն չորեքշաբթի կատարում ենք գնացքով շրջայցեր` ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին արագ արձագանքելու եւ գնացքով փոխադրումներ կատարելու հետ կապված` խոչընդոտները վերացնելու նպատակով: Մենք այսօր որոշեցինք լրագրողների եւ երկաթգծի հարակից համայնքների ղեկավարների հետ հանդիպել, որովհետեւ առջեւում ամառային արձակուրդներն են, իսկ դա նշանակում է, որ գնալով մեծանալու են պատահարների ռիսկերը: Շատ կարեւոր է, որպեսզի համայնքապետերն արդեն իսկ սկսեն դպրոցների ուսուցիչների միջոցով կազմակերպել անվտանգության կանոնների մասին իրազեկող դասընթացներ, քանի որ  հաճախակի պատահարները լինում են երեխաների եւ անասնապահների անփութության հետեւանքով:
- Այսօր էլ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք երկաթգծում:
- Երկաթգծի տարածքում հաճախակի հանդիպող բացասական երեւույթներից են` երկաթուղային կաբելների գողության դեպքերը, ինչի հետեւանքով ժամերով խաթարվում է ոչ միայն երկաթուղու աշխատանքը, այլեւ կաբելի գնի բազմապատիկ չափով վնաս է պատճառվում երկաթգծին: Պակաս խնդիր չէ նաեւ անչափահասների կողմից քարերով գնացքների ապակիների կոտրելը, քարերի տեղադրումը երկաթգծերի վրա, ինչը կարող է մինչեւ իսկ վագոնի գծից դուրս գալու եւ շրջվելու պատճառ դառնալ:
Իսկ թե ինչպես է պետք խուսափել պատահարներից, շրջայցին մասնակցող ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ ՍԵՐԳԵՅ ՎԱԼԻԿՈՆ մասնավորապես նշեց.
- Երկաթուղային պատահարներից հնարավորինս խուսափելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն երկաթգծերին մոտ համայնքների ղեկավարների եւ երկաթգծի անվտանգության հարցերով զբաղվողների միջեւ: Ցավոքª 2013-2014 թվականների երկաթուղային պատահարների վիճակագրությունը տխուր է, հետեւաբարª այսօր առաջնային խնդիր է դարձել երկաթուղային անվտանգության կանոնների պահպանումը: Քանի դեռ բնակչությունը չի գիտակցում, որ իր զգոնությունից ու ուշադրությունից է կախված սեփական անվտանգությունը, մենք կունենանք նման վիճակագրություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ