ԼԱՏՎԻԱՆ ԼԻՆԵԼՈՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿԻՐ` ԴԵՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆԸ
Արխիվ 12-16ԼԱՏՎԻԱՆ ԼԻՆԵԼՈՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿԻՐ`
ԴԵՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆԸ
Այս օրերին 52 ազգային, 31 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, կրթության 20 նախարար Երեւանում մասնակցում են եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) Նախարարական գագաթաժողովին եւ Բոլոնիայի քաղաքական չորրորդ ֆորումին: ԵԲԿՏ Նախարարական գագաթաժողովի շրջանակներում «Իրավունքը» զրուցեց
Լատվիայի Դաուգավպիլյան համալսարանի ռեկտոր, Լատվիայի ռեկտորների խորհրդի ներկայացուցիչ ԱՐՎԻԴՍ ԲԱՐՇԵՎՍԿԻԻ հետ` անդրադառնալով նախկին խորհրդային եւ ներկա ԵՄ անդամ երկրում առկա խնդիրներին:
ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ԱՌԿԱ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՎՐԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՉԻ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԱԶԴԵԼ
–Պարոն Բարշեւսկի, բազմիցս մամուլում խոսվել է այն մասին, որ Մերձբալթյան երկրներում երիտասարդությունն իր ապագան չի կապում իրենց հայրենիքի հետ, այլ որոշակի կրթություն ստանալով` պարզապես արտագաղթում է: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իհարկե, ինչ-որ առումով սա խնդիր է: Բայց առավել մեծ խնդիր է, երբ երիտասարդությունն առանց կրթություն ստանալու է հեռանում երկրից: Երբ երիտասարդը Լատվիայում կրթություն ստանալով` տեղափոխվում է Եվրոպա աշխատելու, ես այդտեղ ավելի քիչ խնդիր եմ տեսնում, որովհետեւ նրանք որոշակիորեն արդեն կայացած են լինում: Իսկ առանց կրթություն ստանալու, նրանք Եվրոպայում շատ ցածր վարձատրվող աշխատանք ենք գտնում: Այս ամենը տեսնում ենք էլեկտրոնային փոստի միջոցով, որոնք գալիս են տարբեր եվրոպական ընկերությունների կողմից` ստուգելու տվյալ անձանց դիպլոմների հավաստիությունը: Հաճախ հարցնում են` սովորե՞լ է ձեզ մոտ այսինչ ուսանողը: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ կա երիտասարդության մի հատված, որը գնում է Եվրոպա, լավ աշխատանք է գտնում, գումար կուտակում ու հետ վերադառնում Լատվիա: Իսկ դա բավական ողջունելի է, որովհետեւ վերադառնալով` իրենք փորձ են բերում: Հիմա, երբ Լատվիան Եվրամիության անդամ է, մենք նախկին Սովետական Միության նման սահման չունենք: Այնպես որ, այդ գործընթացին կառավարությունը չի կարող որեւէ կերպ ազդել:
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Լատվիայում հնարավոր չէ գտնել համապատասխան աշխատանք:
– Դեպքերը տարբեր են, շատ կարեւոր է, թե ինչ մասնագետ ես: Կան մասնագիտություններ, որոնց տիրապետելով` երիտասարդն անմիջապես կարող է աշխատանք գտնել: Օրինակ, Լատվիայում բժիշկների խիստ պակաս կա, շատերն են բժշկական համալսարանում սովորում, բայց ավարտելով` մեծամասամբ մեկնում են Արեւմուտք, որովհետեւ այնտեղ բժիշկներն առավել բարձր են վարձատրվում, քան մեզ մոտ: Դրա համար էլ ստացվում է այնպես, որ շատերը հեռանում են երկրից: Մինչդեռ շատ են իրավաբանները, տնտեսագետները, հոգեբանները, իսկ այսպիսի մասնագիտությամբ աշխատանք գտնելը բավական բարդ է: Ընդհանրապես, այս ամենը շատ բարդ է, օրինակ, ինժեների աշխատանք գտնելը շատ բարդ է, բայց մյուս կողմից` Լատվիայում գործազուրկ ինժեներները մեծ թիվ են կազմում: Ամեն դեպքում, կարծում եմ` այսօր բոլոր երկրներում է բուհն ավարտած ուսանողի համար աշխատանք գտնելը բարդ: Գուցե հետխորհրդային որոշ երկրներում դեռ պահպանվել է հին ավանդույթը, բայց մեզ մոտ բոլորովին այլ է` բուհն ավարտելով` ուսանողն ինքն է աշխատանք փնտրում, որովհետեւ պետությունը մրցակցություն չի կարող ապահովել:
«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆ ԶՈՒՍՊ Է
ՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ»
–Վերջերս Լիտվայից ժամանած մի քաղաքական գործիչ ահազանգում էր, որ մերձբալթյան երկրների կրթական համակարգում լայն տարածում է գտել համասեռամոլությունը: Այս ուղղությամբ Լատվիայի կառավարությունը որեւէ քայլեր ձեռնարկո՞ւմ է:
– Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում, բայց ես չունեմ այդպիսի տվյալներ, որ մեզ մոտ նման ուղղությամբ տարածում է նկատվում: Լատվիան, լինելով հետխորհրդային երկիր, դեմ է համասեռամոլության տարածմանը: Մեր հասարակությունը բավական զուսպ է նման հարցերում: Միգուցե, դա շատ ավելի լուրջ խնդիր է, բայց այդ մասին ոչ ոք որեւէ տվյալ չունի: Եվ դա երբեւէ չի քննարկվել համալսարանական խորհուրդներում, իսկ եթե չի քննարկվել, ուրեմն` այդքան էլ լուրջ խնդիր չէ: Այսօր առավել մեծ խնդիր է գրագողությունը: Համացանցի պատճառով ամենքին ամեն ինչ հասանելի է, եւ շատ բուհերում բավական բարդացել է ուսանողական աշխատանքները ստուգելը, որովհետեւ նրանք ուղղակի վերցնում են ինչ-որ տեղից նյութերն ու ներկայացնում այն որպես սեփականը: Այժմ Լատվիայում 11 բուհ միավորվել եւ ստեղծել է մի համակարգ, որը կոչվում է «Պայքար գրագողության դեմ»: Այս համակարգով բոլոր կուրսային, դիպլոմային, մագիստրոսական աշխատանքները ներառվում են ընդհանուր համակարգի մեջ, եւ նվազագույնի են հասցվում արտագրման դեպքերը:
«ԼԱՏՎԻԱՆ ԴԵՌ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՈՂ ՓՈՐՁԻ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼ»
–Վերադառնալով ԵԲԿՏ Նախարարական գագաթաժողովին` եւս մեկ հարց. ինչպե՞ս կգնահատեք այն, որ Նորվեգիան դեմ արտահայտվեց Բելառուսի` Բոլոնյան գործընթացում մաս կազմելուն:
– Նորվեգիայի ներկայացուցիչը հետո ուղղեց ինքն իրեն` նշելով, որ դեմ չէ եւ Բոլոնյան գործընթացում ողջունում է Բելառուսին: Պարզապես, նրանք մատնացույց արեցին մի շարք խնդիրներ, որ պետք է Բելառուսը լուծի` անդամակցելով ԵԲԿՏ-ին: Բայց այս խնդիրը թող բելառուսներն իրենք պարզեն, կարծում եմ` շատ տարօրինակ է, որ իրենք իրենց կրթական համակարգով մնացել է մեկուսացած, որովհետեւ նույն Բելառուսին շրջապատող մյուս պետություններն անցել են Բոլոնյան համակարգի: Հետեւաբար, եթե Բելառուսն ընտրել է Բոլոնյան գործընթացին անդամակցելու ճանապարհը, թող միանա, թող աշխատի: Շատ լավ գիտեմ Բելառուսի համալսարանները, մեր համալսարաններից շատերի հետ իրենք փոխհամաձայնության պայմանագրեր ունեն: Ավելին` գտնում եմ, որ Բելառուսի ուսանողները ոչնչով չեն տարբերվում Բոլոնիայի ուղին ընտրած այլ երկրների ուսանողներից: Ամեն դեպքում, ես կողմ եմ, որ Բելառուսը միանա Բոլոնյան գործընթացին:
– Ի դեպ, միանալու մասին. Եվրամիության դրական ու բացասական կողմերն արդեն իսկ տեսած Լատվիան երբեւէ մտածե՞լ է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին, հատկապես, որ հարազատ հետխորհրդային երկրներն են այնտեղ միավորվում:
– Իհարկե, դա պետք է մեր քաղաքական գործիչներին հարցնել: Բայց կարծում եմ, որ` ոչ, որովհետեւ Լատվիան Եվրամիության անդամ է, եւ ԵՏՄ-ին անդամակցելը կդառնար քաղաքական լուրջ խնդիր: Այնուամենայնիվ, Լատվիան չի կորցրել իր կապերը նախկին խորհրդային եւ հետխոհրդային երկրների հետ: Այնպես որ, Լատվիան դեռ Եվրամիությունից թող փորձի գլուխ հանել, մենք էլ` եվրոպական բարձրագույն կրթական համակարգից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
