ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՔԹԻ ՏԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍԵԼ, ԲԱՅՑ ՆԱ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞
Արխիվ 12-16ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՔԹԻ ՏԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍԵԼ, ԲԱՅՑ ՆԱ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞
"Իրավունքի" տեղեկություններով` Հրազդան քաղաքի գլխավոր բժիշկը` "Հրազդանի բժշկական կենտրոն" ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանը գնել է Հրազդանի ավտոկայանը եւ պատրաստվում է ռեստորանային համալիր կառուցել:
"Իրավունքի" հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վերոնշյալ լուրերի առնչությամբ ասաց, որ ավտոկայանը պատկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, եւ մենք այնտեղից էլ պետք է պարզաբանում ստանանք: "Ես նման լուրեր չեմ լսել, ու ռեստորանային համալիր կառուցելու մասին փաստաթուղթ չենք ստացել",- ասաց քաղաքապետը:
Կապ հաստատեցինք նաեւ "Հրազդանի բժշկական կենտրոն" ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանի հետ, ով հերքեց այն լուրերը, թե ինքն է գնել այդ տարածքը, եւ ինքն է կառուցում այդ ռեստորանային համալիրը. "Սխալ եք զանգել, ես դրա հետ կապ չունեմ: Իզուր են իմ անունը շրջանառում",- ասաց Սահակյանը:
Իսկ թե ինչու են հենց իր անունը կապում կառուցվելիք ռեստորանային համալիրի հետ, "Հրազդանի բժշկական կենտրոն" ՓԲԸ տնօրենը դժվարացավ ասել, ապա արագորեն անջատեց հեռախոսը:
Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ արդեն մեկ ամիս է, որ շինաշխատանքները սկսվել են, ավելին` ամեն օր հենց այդ ճանապարհով է քաղաքապետը գալիս աշխատանքի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
