«ԲԱՐԻՆ ՍԻՐՎՈՒՄ Է, ԻՍԿ ՉԱՐԸ` ՀԻՇՎՈՒՄ…»
Արխիվ 12-16«ԲԱՐԻՆ ՍԻՐՎՈՒՄ Է, ԻՍԿ ՉԱՐԸ` ՀԻՇՎՈՒՄ…»
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում պրեմիերա է` «ԹՈՄ ՍՈՅԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ»: Մարկ Տվենի 1876 թվականին հրատարակված համանուն աշխատանքի հիման վրա բեմադրված ներկայացումը դահլիճում ժողվել էր թե´ երեխաների, թե´ մեծահասակների, և ինչպես իր գրքի առաջաբանում նշում է ամերիկացի հայտնի գրողը. «Թեև գիրքս նախատեսել եմ հիմնականում պատանիների ու աղջիկների համար, սակայն հույս ունեմ, որ այն չի խրտնեցնի նաև հասուն տղամարդկանց ու կանանց»։
«Թոմ Սոյերի արկածների» գլխավոր հերոսը 12-ամյա Թոմին է, ով, արկածախնդրության ոչ մի առիթ բաց չթոնելով, մի շարք մարդասիրական ու բարի գործերի կատարող է դառնում, հերոսացվում, սիրվում հասարակության ու ընկերների կողմից: Տղան հայատնվում է´լ քարանձավում, է´լ ապրում կղզում, գանձեր որոնում, ի վերջո, սիրահարվում:
«Թոմը սիրահարվում է իմ կերպարին`Բեքիին... Նրանց սերը մանկական է, դեռևս այնքա՜ն մաքուր… Սիրում եմ իմ կերպարի անկեղծությունը. ես էլ իրական կյանքում այդպիսին եմ»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում նշում է ԱՐԱՔՍՅԱ ԵՆԳՈՅԱՆԸ, ով, թատրոնում լինելով 1 տարի, արդեն մարմնավորել է 7 կերպար: Իսկ չար և բարի կերպարների մասին խոսելիս դերսանուհին նշում է. «Բարին սիրվում է, իսկ չարը` հիշվում»:
«Ներկայացման շուրջ տարվող աշխատանքները դեռևս շատ վաղուց են սկսվել, բայց քանի որ պարբերաբար դադարներ են եղել, միայն հիմա կարողացանք այն ներկայացնել հանդիսատեսին: Դերասանական թիմն ընտրվել է ըստ իմ ռեժիսորական մոտեցման: Ներկայացման հիմնական ասելիքն ու նպատակը այսօրվա երեխաների առօրյայում արկածախնդրության վերաարթնացումն է, որը,ցավոք, շատ է պակասում: Մանուկների աշխարհը հենց այդ արկածախնդրությունն է, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ է, որտեղ «ավազակություն» բառը խորհրդանշվում է միայն հերոսության, դիմացինին օգնելու հետ»,- մեզ հետ զրույցում նշում է ներկայացման ռեժիսոր ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
