ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆ. «ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆԱԼ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ»
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆ. «ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԹՈՒՐ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆԱԼ ԻՄ
ԵՐԿՐՈՒՄ»
«Իրավունքը» նախկին ՕԵԿ-ական, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանից պարզեց` արդյոք ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին` որպես ընդդիմադիր քաղաքական ուժի, կհաջողվի նորից հանրությանն իրենց շուրջը համախմբել: «Ժողովուրդն է վերջին հաշվով որոշում` քաղաքական ուժը ընդդիմություն է թե իշխանություն: Ես, անկեղծ ասած, տեսականորեն ու գործնականորե բացառում եմ, որ ՕԵԿ-ը կունենա այն վարկանիշը, որն ուներ 2008-ին: Այն ժամանակ ընտրողներն այլ աչքով էին նայում ՕԵԿ-ին, նրան համարում էին իրական ընդդիմություն: Բայց հետո պարզ դարձավ` ՕԵԿ-ը մեկ մարդու կուսակցություն է, ինչպես մնացած կուսակցությունները, եւ նրա նպատակն է ծառայել մեկ մարդու շահերին: Ես հասկացա այդ իրականությունը եւ հեռացա այդ մարդկանցից»,- ասաց պրն Բաղդասարյանը:
Նախկին ՕԵԿ-ականի խոսքով` Արթուր Բաղդասարյանը վերջին տարիների ընթացքում դարձավ ամեն ինչի` միլիարդավոր կարողությունների ու անշարժ գույքի տեր, ու հիմա ցանկանում է վերադառնալ ընդդիմություն, որ ի՞նչ անի:
- Պրն Բաղդասարյան, բայց ՕԵԿ-ն արդեն մեկ տարի է` ընդդիմություն է:
- Դե հիմա ես էլ կարող եմ ասել, որ աստղային լեգենդ եմ կամ դոկտոր պրոֆեսոր: Հո ասելով չէ՞: Ես եւ Դուք պետք է ասենք` ընդդիմությո՞ւն է ՕԵԿ-ը, թե՞ ոչ: Այսօրվա քաղաքական գործիչների իննսուն տոկոսն առաջնորդվում է իր անձնական շահերով, բիզնես պրոյեկտների շրջանակներում խնդիր են լուծում: Արթուր Բաղդասարյանն այս յոթ տարվա ընթացքում դարձել է կոնյակի գործարանի, հսկայական հյուրանոցի, հեռուստաընկերության տեր: Սա այն դեպքում, երբ նրա կողքին կանգնած մարդիկ` ՕԵԿ-ի կարկառուն դեմքերը, հազիվ հացի խնդիր են լուծում: Ինչ կուսակցություն, ինչ քաղաքականություն:
- ՕԵԿ ղեկավարը բազմիցս հայտարարել է` ինչու ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն` կուսակցությունը լծակներ չի իշխանության ներսում ունեցել իր ծրագրերը կյանքի կոչելու:
- Ինձ համար ընդունելի չեն այդ հիմնավորումները: Ես չեմ ուզում կտրուկ բաներ ասել, բայց կարող եմ ասել` դա ո՛չ Բաղդասարյանի հնարավորությունից, ո՛չ էլ նրա ցանկությունից է կախված: Նա գրագետ է, բանիմաց, բայց որպես քաղաքական գործիչ… ես 2008-ին շատ բաներ էի անում, որ Արթուր Բաղդասարյանը դառնար ՀՀ նախագահ: Իսկ հիմա ես չեմ ցանկանում իմ երկրում նման նախագահ ունենալ: Ինձ համար Արթուր Բաղդասարյանը անընդունելի կերպար է դարձել, քանի որ անընդունելի են նրա նպատակները: Ես 2008-ին լրիվ ուրիշ մարդու էի ճանաչում:
- Բայց ՕԵԿ առաջնորդը 2008 թ-ին նախագահական ընտրություններում երրորդ տեղն էր զբաղեցրել եւ ինչպես ինքն է հայտարարել, լինելով երրորդ տեղում` ոչինչ չէր կարող փոխել:
- Արթուր Բաղդասարյանը երրորդ տեղն էր զբաղեցրել ընտրողների ձայների շնորհիվ, որոնք հավատում էին, որ նա լավ գործ է ուզում անել: Բայց հետագայում պարզվեց` նրա նպատակն իր անձնական շահն է: Նա մեծ հարստությունների հասավ, էլ ուրիշ ի՞նչ է ուզում: Հիմա Բաղդասարյանը կարող է հանգիստ իր կյանքը վայելել, որն էլ ես իրեն խորհուրդ եմ տալիս: Նրա ուզածը հիմա իշխանությունն է: ՕԵԿ-ն աստիճանաբար դարձավ բիզնես պրոյեկտ, այնպես որ, ըստ էության, ես եմ մնացել ՕԵԿ-ական եւ ցանկանում եմ այդ օրինաց երկիրը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
