ԽԶՄԱԼՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱԶԵՐԻՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Արխիվ 12-16ԽԶՄԱԼՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱԶԵՐԻՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
«Նախախորհրդարանի» նախկին անդամ Տիգրան Խզմալյանը հավանաբար այն աստիճան է անտեսվել հայկական լրատվամիջոցների և նույնիսկ նախկին թիմակիցների կողմից, որ ինքնահաստատման վերջին անհույս ճիգերը գործադրելով հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.az-ին, որում, մեղմ ասած, բողոքել է իր երկրի թե իշխանությունից, թե ընդդիմությունից, և որ ամենանողկալին է՝ նաև ժողովրդից:
Բայց մինչ հարցազրույցի բովանդակությանն անդրադառնալը նախ համառոտ ներկայացնենք, թե ով է տխրահռչակ Տիգրան Խզմալյանը: Կարճ կարելի է ձևակերպել այսպես՝ չկայացած մարդ, չստացված ու անտաղանդ ռեժիսոր, ով, ինչպես և մի խումբ այլ չստացվածներ, փորձեց կայանալ քաղաքական դաշտում՝ հայտնվելով Ժիրայր Սեֆիլյանի կողքին: Սակայն այդտեղ էլ նրան չհաջողվեց կայանալը և Խզմալյանի վերջին հանգրվանը դարձավ Haqqin.az-ը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Խզմալյանը նշանակվել էր «Երևան» կինոստուդիայի տնօրեն, որտեղ երկար ժամանակ աշխատելուց հետո հեռացվել էր` ֆինանսական չարաշահումներ կատարելու և ստուդիային պատկանող նեգատիվերը վաճառելու համար: Իսկ անտաղանդ ռեժիսորի վերջին անտաղանդ աշխատանքը նախորդ տարի նկարած «Սարդարապատ» վավերագրական ֆիլմն էր, որտեղ նա քաղաքական նկատառումներից ելնելով այնքան էր խեղաթյուրել պատմական փաստերը, որ ֆիլմը հայ հասարակության կողմից ընդունվել էր բավականին բացասական: Բայց Խզմալյանն իրեն չի կորցրել և իր անտաղանդ ստեղծագործությունը տարել է ԱՄՆ և վաճառել տեղի հայ համայնքին:
Հիմա մի փոքր էլ Haqqin.az-ին տված նրա հարցազրույցի մասին: Անտաղանդ ու հայրենադավ Խզմալյանը բողոքում է թե իշխանություններից, և թե ընդդիմությունից, որը նույնպես նախախորհրդարանականների մտածելակերպի մեջ ինչ-որ ձևով կարելի է տեղավորել: Բայց որ ադրբեջանական լրատվամիջոցին բողոքում է նաև հայ հասարակությունից և ամեն կերպ փորձում է վարկաբեկել Հայաստանը, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է: Չնայած ի՞նչ բարոյականության մասին կարելի է խոսել, երբ դեռ «Նախախորհրդարանում» եղած ժամանակ կառույցի մյուս ղեկավարների հետ միասին Խզմալյանը «քցում» էր իրենց իսկ անդամներին՝ չտալով խոստացված աշխատավարձը, ինչի մասին համացանցում տարածվել էր հայտնի տեսանյութը:
Ինչպես հայտնի է, Խզմալյանի գաղափարական ընկերներ Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները դատի են տվել ԱԺ «ՀՀԿ» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, քանի որ վերջինս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սեֆիլյանը, Խզմալյանն ու նրանց նմանները ֆինանսավորվում են «դրսից»: Դրանով Գ.Մելիքյանը հավանաբար ցանկացել էր ակնարկել, որ խզմալյանների այս անհայրենիք տեսակը որպես «ազդեցության գործակալ» օգտագործվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից, ինչի դիմաց էլ վարձատրվում է: Այս համատեքստում Haqqin.az-ին տված Խզմալյանի հարցազրույցը հերթական անգամ խոսում է այն մասին, որ Սեֆիլյանի ու նրա գաղափարակիցների մասին Գագիկ Մելիքյանի և շատ-շատերի կարծիքը ամենևին էլ զուրկ չէ հիմնավորումներից:
Ի դեպ, Բախրամ Բատիևը, ում հարցազրույց է տվել Խզմալյանը, հայտնի է իր հակահայկական կեցվածքով: Նա պարբերաբար տպագրում է հարցազրույցներ ու մեկնաբանություններ, որոնց միջոցով տարածում է ապատեղեկատվություն և իրականացնում հակահայկական քարոզչություն, մասնավորապես` նրա վերջին հոդվածներից մեկը վերնագրված էր «В Армении заживо сжигали азербайджанцев»: Եվ ահա, Խզմալյանը հարցազրույց է տվել այս «մարդուն»` իր լուման ներդնելով ազերիների հակահայկական քարոզչության գործում:
«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ
