ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից», - ասել է ֆրանսիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոն: Հենց այս շեշտադրմամբ էլ ծավալվեց «Իրավունքի» Ընտանիքի միջազգային օրվան նվիրված զրույցը ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻ հետ:
- Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում հայ մնալու, հայի տեսակը պահպանելու համար մեծ դեր ունեն ծնողները: Ի՞նչ կասեք այս մասին: - Ոչ միայն ԱՄՆ- ում, այլեւ ցանկացած օտար երկրում հայ մնալու համար անչափ կարեւոր է ծնողի դերը, մանավանդ եթե երեխան անչափահաս է: Օտար միջավայրում , այլազգիների ներկայությունը եւ վատ շրջապատը արագ կարող են ազդել երեխայի վրա, ու ծնողը չնկատի, թե ինչպես է փոխվում իր երեխայի վարքագիծը: Իհարկե, անհրաժեշտ է նաեւ ազատ թողնել , որ ձեւավորվի աշխարհայացքը, բայց միաժամանակ պիտի լինի ծնող-երեխա վստահությունը , այդ դեպքում երեխան միանգամից որոշումներ չի կայացնի , որը վատ հետեւանքներ կունենա:
- Ծնողների խորհուրդ , որին միշտ հետեւում եք:
-Գրեթե մշտապես հետեւում եմ ծնողներիս խորհուրդներին: Միշտ ասել եմ , որ եթե ես որպես անհատ կայացել եմ` այդ իմ ծնողների դաստիարակության արդյունքն է: Նրանք ամեն առիթով չեն դադարել ասել , որ համեստությունը , ազնվությունը, հարգանքը մարդու հանդեպ ամենակարեւոր հատկանիշներն են կյանքում եւ մշտապես հետեւում էին, որպեսզի ես ու եղբայրներս ապրեինք այդ սկզբունքներով:
- Արարքներ , որ երբեք չեք անի , որովհետեւ մանկուց են այդպես սովորեցրել:
- Շատ ու շատ արարքներ կան , որ չեմ արել ու չեմ անի: Ցանկացած քայլ անելուց առաջ պետք է մտածես հարազատներիդ մասին ու ապրես այնպես, որ ծնողներիդ պատիվը բարձր պահես , իսկ օտարության մեջ դա ավելի պարտավորեցնող է դարձնում , որպեսզի չշեղվես ու հայ մնաս տեսակով , էությամբ:
- Սովորություններ, որ Ձեր ծնողներից եք ժառանգել:
- Երեւի, ընկերասիրությունը: 10 տարեկան եմ եղել , որ տեղափոխվել ենք ԱՄՆ-ը , մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ կա տարբեր մշակույթ, տարբեր սովորույթներ ունեցող ազգեր , բայց ծնողներս մեզ խիստ պարտադրում էին, որպեսզի տանը խոսենք հայերեն ու անում էին ամեն ինչ , որ մեր մեջ պահպանվի հայ լինելու գիտակցությունը:
- Ձեր ընտանիքում ի՞նչ ավանդույթներ կպահպանեք , որ կա հայրական տանը:
- Կան ավանդույթներ գրեթե բոլոր տոներին: Սուրբ Զատիկին , տարեդարձներին մենք ՝ ընտանիքի բոլոր անդամներով պիտի իրար կողքի լինենք: Եվ անկախ այն հանգամանքից, թե ինչքան կարեւոր գործեր կլինեն թողնում ենք ու միասին նշում տվյալ առիթը: Բնականաբար, իմ ընտանիքում կպահպանվի դա: Մայրս միշտ ասում է , որ ընտանիքի կողքին պետք է լինեն նաեւ այն մարդիկ, ովքեր ձեզ բարին են կամենում ու երբեք մարդկային ջերմ վերաբերմունքը չփոխեք ոչ մի նյութական արժեքների հետ:
- Ըստ Ձեզ, ԱՄՆ-ում ապրող հայ երիտասարդը ինչպիսի՞ կենսակերպ պիտի վարի, որ արժանանա ծնողների օրհնանքին:
-Մեզնից յուրաքանչյուրը անցնում է այն ճանապարհը , որով վաղուց անցել են նրանք , ու կա մի բան՝ իր զավակին բոլորից լավ ծնողն է ճանաչում: Թող բոլոր երկրներում հայ ծնողը ուրախանալու,հպարտանալու առիթներ շատ ունենա: Իսկ օրհնանքներն էլ լինեն մարդկային արժեքները պահպանելու համար:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
