«ԴԵՊՔ ՄԵՏՐՈՅՈՒՄ». ԶՈՀԵՐԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Արխիվ 12-16«ԴԵՊՔ ՄԵՏՐՈՅՈՒՄ».
ԶՈՀԵՐԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Մայիսի 11-ին մեկնարկեց «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը` «Մեկ թագավորի թատրոն» պիեսի բեմադրությամբ: Փառատոնի շրջանակներում վաղը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կկայանա ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ բեմադրած «Դեպք մետրոյում» ներկայացումը: Ըստ ռեժիսորի` ներկայացումը բեմադրելիս հիմնվել է 70-ականների հանրաճանաչ «Դեպք մետրոյում» ֆիլմի կինոսցենարի վրա, որի թեման մինչեւ օրս էլ դեռ արդիական է.
«Այնպիսի խնդիրներ են բարձրացվում ներկայացման մեջ, ինչպիսիք են` անտարբերությունը, վախի մեջ ձեւավորված հասարակությունը, եւ ներկայացվում է միայնակ մարդու պատմություն: Մենք կարողացել ենք ֆիլմի սցենարն ադապտացնել բեմի համար: Սունդուկյանի բեմը մեծ հնարավորությունների, բայց մեծ պահանջներ ներկայացնող բեմ է, եւ իմ խորին համոզմամբ, դա մեզ մոտ ստացվեց»:
Խոսելով «Վախի մեջ» դրամայում արծարծվող սուր հարցադրումների մասին, Դ. Հարությունյանն ընդգծեց. «Հասարակության ծնած պտուղները դառնում են այդ նույն հասարակության դահիճները, որոնց զոհերը հայտնվում են վախի մթնոլորտի մեջ: Խոսքը հասարակարգի, նրա մտածողության ու բարոյականության ճգնաժամի մասին է, թշնամության և ագրեսիայի, դավանանքի ժամանակաշրջանի, որն իր հերթին քայքայում, հիվանդացնում է հասարակությանը: Վերջինիս վիճակված է կա'մ ինքնամաքրվել ու պայքարել, կա'մ անվերջ մնալ միևնույն շրջապտույտի մեջ ու վերապրել նորանոր ցնցումներ»:
Ներկայացման մեջ հիմնականում ներգրավված են Սունդուկյան թատրոնի երիտասարդ դերասաններ, որովհետեւ ըստ ռեժիսորի` գործող անձինք հիմնականում երիտասարդներ են, բոլորն էլ պատրաստակամ են եւ մինչեւ վերջ նվիրված. «Կարող եմ ասել, որ այդ բեմադրության մեջ կարողացել ենք ժամանակակից թատերային մոտեցումով հանդես գալ, ինչը մեզ հաջողվել է»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
