ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ
Մայիսի 8-ին ԼՂՀ-ում մարտական հերթապահության ժամանակ զոհված 20-ամյա զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն 20-ամյա զինծառայողի ինչպես հայրը, այնպես էլ հարազատներն ու համագյուղացիները չեն հավատում, որ Հարությունը կարող էր ինքնասպան լինել: Զինծառայողի հոր` ՀՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ խոսքով.
-Էրեխուս մի բան արել են կա՛մ ծառայակիցները, կա՛մ պատահական ինչ-որ դեպք է եղել, բայց հաստատ` ոչ ինքնասպանություն: Դա աբսուրդ է, ես իմ խոսքերը կարող եմ ապացուցել, իմ տղան ինքնասպան լինել չէր կարող, ու ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ էրեխուս գլուխը ուտողները պատասխանատվության ենթարկվեն (արտասվում է- Ի. Ա.):
- Այսինքն, ըստ Ձեզ, Ձեր որդուն իրեն իսկ ամրակցված զենքից սպանե՞լ են:
- Կարծում եմª այո, որովհետեւ ես համոզված եմ, որ իմ տղան ինքնասպան լինել չէր կարող, ինքնասպանությունը Հարությունիս դեպքում բացառվում է: Ինքը կյանքը սիրող, հայրենասեր, ընկերասեր տղա էր: Իսկ ինչ վերաբերում է, որ իր զենքից է արձակվել փամփուշտը, ապա նախª ես չգիտեմ իրականում ոնց է եղել, էնտեղ չեմ եղել: Բայց շատ հնարավոր է, որ որեւէ մեկը` թեկուզ ծառայակիցներից մեկը, տղայիս զենքը վերցրել է ու կրակել նրա վրա: Եթե Դուք էլ նրան ճանաչեիք, կհասկանայիք, որ նա ինքնասպանության ընդունակ մարդ չէր: Ես նույն օրը երեկոյան եմ նրա հետ խոսել, բոլոր տանեցիների հետ խոսել էր, շատ լավ տրամադրություն ուներ, ամեն զանգի ժամանակ հետաքրքրվում էր ամեն ինչով` սպորտից, քաղաքականությունից, շախմատից: Նա ամբողջովին տարված էր իր ծառայությամբ, սիրած աղջիկ բան, էդ էլ չի ունեցել: Եվ հենց վերջին զրույցի ժամանակ խոսեցինք ստեղից-ընդեղից, վերջում էլ ասեց. "Պապ ջան, բան չմնաց, մնաց ութ ամիս զորացրվեմ գամ ու վերջ` էլ դու չես աշխատելու, դու կնստես տանը, տղադ կաշխատի, Ձեզ կպահի, պապ ջան": Դե ասեք, ինչպե՞ս էդ ձեւի մտածող մարդն ընդամենը ժամեր հետո ինքնասպան կլիներ...":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
