«ԱՅԼ ԽՆԴԻՐ Է, ԵՐԲ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՍ ԶՈՐՔՈՎ»
Արխիվ 12-16«ԱՅԼ ԽՆԴԻՐ Է, ԵՐԲ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՍ ԶՈՐՔՈՎ»
Դեռեւս մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել հունիսի 12-28-ը մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին: Բնականաբար, Հայաստանի մասնակցությունը դարձավ բուռն քննարկման ու հակասական տեսակետների պատճառ: Սակայն որոշումը կայացված է, իսկ դրանից հետո Ադրբեջանը տարբեր մրցաշարերում ցույց տվեց, թե իր ագրեսիան ինչ չափով է նաեւ մարզական ոլորտի վրա տարածվում: Եվ, վերջապես, երբ Ադրբեջանը նախընտրեց մինչեւ իսկ հրաժարվել Հայաստանում կայացած շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելուց, այդ դեպքում հանուն ինչի պետք է հայ մարզիկները Բաքու մեկնեն: «Իրավունքը» փորձեց այս հարցի պատասխանը ստանալ տարբեր ոլորտների գիտակներից:
«ՄՆԱՑԵԼ ԵՄ ԱՐԹՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ՄԱԶԸ ՀԱՆԿԱՐԾ ՉՊԱԿԱՍԻ»
Մեզ հետ զրույցում Չինական Կեմտո կարատեի ֆեդերացիայի նախագահ, 2006 եւ 2012 թվականների չինական Կեմտո կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ԷԴՈՒԱՐԴ ՓՈՌԵՅԱՆԸ ներկայացրեց, թե մասնակցելով Բաքվում կայանալիք այդ խաղերին` ինչ դժվարությունների կարելի է հանդիպել եւ բերեց Ադրբեջանի «ավագ եղբոր»` Թուրքիայի օրինակը. «2012 թվականին գնացինք Տրապիզոն` մասնակցելու Աշխարհի գավաթի մրցմանը: Ես 48 ժամ մեքենա եմ վարել, մեր մարզիկների հետ հասել Թուրքիա ու դեռ ամբողջ գիշեր էլ մնացել եմ արթուն, որպեսզի հյուրանոցում քնած մեր երեխաների մազը հանկարծ չպակասի: Ու այդպես առավոտյան անքուն վիճակում 3 ռաունդ մենամարտել եմ ու վերջին 20 վայրկյանի ընթացքում հաղթել դաղստանցի մարզիկին, ով 9 անգամ աշխարհի չեմպիոն էր եղել: Պատկերացրեք, որ ողջ ընթացքում ուշադրությունս լարած հետեւում էի մեր երեխաներին, որ հանկարծ նրանց մեկը վնաս չտա, որովհետեւ ադրբեջանցիները եկել էին երկու ավտոբուսով` մոտավորապես 180 մարզիկ: Ուշագրավ էր այն, որ ադրբեջանցիներից նրանք, ովքեր դուրս եկան մեզ հետ եզրափակիչ, բոլորն էլ պարտվեցին: Եվ ես մեծ մտավախություն ունեի, որ մեր երեխաներին ու ինձ կարող են վնասել, ու անգամ չկարողանայինք վերադառնալ Հայաստան: Մարտից հետո միանգամից վարել եմ ավտոմեքենան, որ վայրկյան անգամ շուտ անվնաս հեռանայինք այդ երկրից»:
Է. Փոռեյանի պատմածից հետո հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք խնդրի հոգեբանական կողմի մասին. «Բոլոր դեպքերում, ասել, թե Բաքու մեկնող հայ մարզիկները կլինեն խաղաղ ու հանգիստ հոգեվիճակում, չեմ կարող: Հաստատ կլինի լրացուցիչ լարվածություն, որովհետեւ մեր մարզիկները հայտնվելու են թշնամու որջի մեջ` իմանալով, թե նրանք ինչ կենդանական ատելություն են տածում հայի ու ընդհանրապես ամեն հայկականի նկատմամբ: Եվ նույնիսկ մտածում եմ, որ դա նրանց խաղի որակի վրա էլ կարող է յուրահատուկ ձեւով անդրադառնալ: Նաեւ հարցի մյուս կողմը կա. ժողովուրդն էլ է անհանգիստ: Բազմիցս լսել եմ խոսակցություններ, որ մարդիկ անհանգիստ են այս հարցում: Այսինքն` դա լրացուցիչ լարվածություն է ոչ միայն գնացող մարզիկների, այլեւ իրենց հարազատների համար: Ընդհանրապես` մեր ժողովուրդը սրտի տրոփյունով է մտածում այդ մասին: Չեմ ուզում վախի լրացուցիչ մթնոլորտ ստեղծել, սակայն այլ խնդիր է, երբ թշնամու դեմ կանգնած ես զորքով ու զենքով, մինչդեռ անզեն մարզիկներին այդ օրերին ողջ ընթացքում բացասական ապրումների մի ամբողջ փունջ է ուղեկցելու»:
Ամեն դեպքում, լավ ճանաչելով մեր անհաջող «հարեւան» երկրին, Ադրբեջանահայերի ասամբլեայի միության նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ վստահեցրեց. «Մոտակա ժամանակներս, մինչեւ Ադրբեջանում կկայանան Եվրոպական
խաղերը, նրանք կպահպանեն հարաբերական զսպվածություն: Ադրբեջանն իր երկրի բյուջեի կեսն ուղղել է այդ անիմաստ խաղերի անցկացմանը եւ շահագռգռված չէ, որ սրացումներ լինեն: Չնայած, որ ադրբեջանական լկտիությունը հասել է այն մակարդակի, որ անընդհատ սադրանքներ են կազմակերպում Արցախում: Սա եւս մի ապացույց է, որ ադրբեջանցիները կարող են ամեն հարցում հպարտանալ իրենց ագրեսիայով»:
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ»
Ամփոփելով թեման` Է. Փոռեյանը, այդուհանդերձ, կարեւորեց թշնամական երկրում տարած հաղթանակի բերկրանքն ու մարզիկի գնահատված լինելը. «Մենք 6 հոգով գնացինք Թուրքիա եւ 6 առաջին տեղ գրավեցինք: Եվ դա քիչ էր, մի հատ էլ` մասնակից 62 պետության միջից աշխարհի գավաթը բերեցինք: Դա անբացատրելի է, երբ դու հաղթանակած մտնում ես Հայաստան, ու քեզ թեկուզ մի հոգի համբուրում է, ձեռքդ սեղմում... Բայց երբեմն այդ պարզ ուշադրությանն էլ չես արժանանում: Միգուցե, ինձ չեն սիրում, բայց կարեւորը` ես սիրում եմ իմ ազգին: Ինչեւէ, ես պատաստ եմ պատերազմել, եթե անգամ պատերազմ լինի: Ի դեպ, երբ հաղթեցի աշխարհի գավաթում, ինձ հրավերներ էին գալիս Թուրքիայից եւ առաջարկում փոխել անուն-ազգանունս ու դառնալ որպես թուրք մարզիկ: Ինձ դրա համար մեծ գումարներ էին առաջարկում: Բայց ինչպե՞ս կարող էի թքել իմ ազգի վրա ու գնալ ուրիշի դրոշի տակ հանդես գալ»:
Եզրափակելով մեր բարձրացրած հարցը` Գ. Այվազյանը եւս մեկ անգամ ընդգծեց. «Իմ կարծիքով` այս ընթացքում Ադրբեջանի կողմից մեծ ցնցումներ չեն լինի: Այս ամենը կազմակերպելու համար Ադրբեջանը շատ մեծ գումար է վճարել, ինչը կարող է զսպաշապիկ դառնալ ու հակիրճ ժամանակով զսպել ագրեսորին: Իսկ ընդհանուր առմամբ, որքան էլ Հայաստանն ու համաշխարհային հանրությունն ի դեմս համանախագահողների, պատրաստակամ են խաղաղության հաստատման հարցում, իսկապես, Ադրբեջանը այդ խաղաղությունը չի ուզում եւ վիժեցնում է: Այնպես որ, նրանցից երկարատեւ խաղաղություն դժվար է ակնկալել»:
Իսկ վերջում տիկին Կ. Նալչաջյանը մաղթեց. «Այնուամենայնիվ, եթե այդ որոշումը կայացված է, պետք է ճշմարտությանը նայել ուղիղ: Ես չգիտեմ Բաքու մեկնող մարզիկների անձնական ցանկությունը որքանով է առկա այդ որոշման մեջ, համենայնդեպս, իրենք կանգնած են այդ փաստի առաջ եւ պետք է լինեն շատ աչալուրջ, խուսափեն սադրանքներից: Հետեւաբար, ուղղակի, նրանց կմաղթեի, որ, տա Աստված, կարողանան իրենց արժանապատիվ կեցվածքը, իրենց հոգեկան հավասարակշռությունը պահպանել: Թող իմանան, որ ամեն մի հայ հոգեպես իրենց թիկունքում է»:
Ի դեպ, հավելենք, որ այս շրջանում պետք է հոգեպես սատարել ու աղոթել ոչ միայն Բաքու մեկնող մեր մարզիկներին, այլեւ քիմիա առարկային գերազանց տիրապետող հայ աշակերտներին: Անդրադառնալով վերոնշյալ թեմային` պարզեցինք նաեւ, որ հայ աշակերտները` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ, հուլիսի 20-29-ը պատրաստվում են Բաքվում մասնակցել Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Շեշտենք, որ ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
