«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ»
Արխիվ 12-16«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ»
Թեպետ կամաց-կամաց գնում ենք դեպի ամառային արձակուրդներ, սակայն այդպես էլ հայ հանրությունը ականատես չեղավ ո՛չ խոստացված քաղաքական թեժ աշնան, ո՛չ ձմռան ու ո՛չ էլ առանձնապես քաղաքական ակտիվություն նկատվեց գարնանը: Մինչ ապրիլի 24-ը, քաղաքական ուժերն այս տեւական անդորրը պայմանավորում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով, սակայն անցան հիշատակի միջոցառումները, տոնեցինք մայիսյան հաղթանակները ու կրկին կանգ առանք «հին տաշտակի առաջ»` ներքաղաքական դաշտում գրեթե ամեն ինչ նույնն է: Հատկանշական է նաեւ այն, որ այլեւս անգամ պաթոսով հրապարակային ելույթներ ունեցողներն ու մերօրյա հեղափոխական չեգեւարաներն, այլեւս չեն աղմկում:
Իսկ թե այս շրջանում ինչո՞վ է զբաղված ընդդիմադիր ուժերից «Ժառանգությունը», «Իրավունքը» հետաքրքրվեց կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌԵՎՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ
ՉԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
–Պարոն Մարտիրոսյան, ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում «Ժառանգությունն» աչքի չի ընկնում իր հայտարարություններով, տարբեր գործընթացներում իր մասնակցությամբ: Սա քաղաքական դադա՞ր է, թե՞ նոր ծրագրեր է մշակում «Ժառանգությունը»:
– Այդպես չէ, որ հայտարարություններ չեն եղել: Վերջին ժամանակահատվածում «Ժառանգության» կողմից տարբեր հայտարարություններ եղել են: Այդ թվում հայտարարություն է եղել` համայնքների խոշորացման հետ կապված: Ինչ վերաբերում է քաղաքական դադարին, նոր ծրագրերին, երեւի թե, կարելի է ասել` այս պահին մի փոքր քաղաքական դադար կա: Այսինքն` քաղաքական դադար այն առումով, որ հասարակական մեծ միջոցառումներ չեն կազմակերպվում: Այնպես որ, այս պահին նորմալ կուսակցական կյանքով է ընթանում «Ժառանգությունը»: Հասարակությունը եւս, կարծես թե, առանձնապես քաղաքական ակտիվության ինչ-որ ազդանշաններ չի տալիս: Հետեւաբար, նաեւ հասարակական տրամադրությունն ընկալելով` այսպիսի իրավիճակ է ստեղծվել` հանգիստ, աշխատանքային վիճակ:
– Իսկ առաջիկայում «Ժառանգության» կողմից հանրահավաքներ կլինե՞ն Ազատության հրապարակում:
– Այս պահին որեւէ բան պլանավորված չէ:
«ԵՍ Ո՛Չ ՀԱԿ-ԻՑ ԵՄ, Ո՛Չ ԷԼ ԲՀԿ-ԻՑ»
–Ի՞նչ կասեք այս շրջանում ընդդիմադիր ուժերի հետ որեւէ ձեւաչափով «Ժառանգության» հավանական համագործակցության մասին:
– Նախ պետք է ճշտենք, թե ինչի շուրջ: Եվ երկրորդ` սա քննարկման թեմա է: Պետք է օրակարգ լինի, առաջարկ լինի, խնդիր լինի, որի շուրջ քննարկում կկազմակերպվի, եւ հետո կերեւա հնարավոր համագործակցությունը:
– Ի դեպ, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կոնֆլիկտ է հասունանում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գ. Ջհանգիրյանը անգամ նշել է, որ ԲՀԿ-ից միայն անունն է մնացել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ես ո՛չ ՀԱԿ-ից եմ, ո՛չ էլ ԲՀԿ-ից:
– Ամեն դեպքում, Ձեր ընդդիմադիր գործընկերների մասին է խոսքը:
– Ցանկացած դեպքում, կարծում եմ, որ ճիշտը միմյանց հետ աշխատելն է: Ի վերջո, ե՛ւ պարոն Ջհանգիրյանը նոր չէ քաղաքական դաշտում, ե՛ւ «Բարգավաճ Հայաստանը»: Նրանք կարող են իրենց մոտեցումները ներկայացնել, եւ եթե արձագանքելու կարիք կլինի, «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերները կկարողանան արձագանքել:
«ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»
–Այս օրերին քաղաքական դաշտում առաջիկա ՏԻՄ ընտրությունների թեման է խիստ ակտիվացել...
– Չեմ կարծում, որ այդ թեման ակտիվացել է, որովհետեւ չեմ տեսնում, թե ընդդիմադիր ուժերը նմանատիպ ցանկություն ունեն մասնակցելու, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկրում ՏԻՄ համակարգ, ըստ էության, գոյություն չունի, առավել եւս` ՏԻՄ ընտրական համակարգ: Ուստի` նաեւ ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը ոչ քաղաքական գործընթացներին չեն մասնակցում: Իհարկե, սա քաղաքական գործընթաց չէ:
– Կարո՞ղ ենք Ձեր խոսքից եզրակացնել, որ ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի «Ժառանգությունը»:
– Այս պահին նման ցանկություն չկա: Հետագայի համար չեմ կարող ասել, բայց հունիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու ցանկություն չկա:
ԱՌԱՋԱ՞ՐԿ, ԹԵ՞ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ`«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ
–Որքանով տեղյակ ենք, «Ժառանգությունը» կառավարության հակակոռուպցիոն խորհրդի կազմում մաս կազմել-չկազմելու դիրքորոշման փոխարեն, առաջարկներով է հանդես եկել: Ո՞ր դեպքում «Ժառանգությունը» կհամաձայնի ներկայացուցիչ ունենալ այս մարմնում:
– Մենք հայտարարություն ենք տարածել դրա վերաբերյալ: Դա բավականին մեծ տեքստ է, բայց համենայնդեպս, միանշանակ է, որ նմանատիպ կառույցները կարող են աշխատել այն դեպքում, եթե ղեկավարվում են ընդդիմության կողմից: Մեծամասամբ ընդդիմությունն այնտեղ պետք է ներկայացված լինի եւ, իհարկե, կողմ ենք նաեւ, որ հասարակական դաշտի մեր գործընկերներն այնտեղ աշխատանք իրականացնեն: Այդտեղ պատասխանատվության, հավասարակշռության, հակակշիռների մեխանիզմի խնդիր կա եւ, ըստ իս, այն ընդդիմությանը պետք է տրված լինի:
– Փաստորեն, կարելի է ասել, որ ոչ թե առաջարկ է եղել կառավարությանը «Ժառանգության» կողմից, այլ` մերժո՞ւմ:
– Ոչ, սա առաջարկ է, եթե կընդունեն, թող ընդունեն, այդ ուղղությամբ կաշխատենք, որովհետեւ մենք ժամավաճառությամբ, կարծում եմ, զբաղվելու որեւէ խնդիր չունենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ի ԴԵՊ
Ի տարբերություն «Ժառանգության», նշենք, որ ՀՅԴ-ն լրջորեն նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: Ավելին` մայիսի 10-ին տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի հանդիպումը Դաշնակցության 11 մարզային կառույցների եւ 50 կոմիտեների ներկայացուցիչների հետ: Վերջիններս մի քանի հարցերի շրջանակում քննարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու մասին հարցը:
