ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Ժողովուրդն ասում է` ինչքան էլ ուղտը սատկի, էլի կաշին մի իշաբեռ է: Իսկ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ զարմանալիորեն նույն կարծիքին է մեռած-չթաղած հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նա այդ դիակին համարում է հույժ վտանգավոր զոմբի եւ շուրջը հյուսում "Կիկոսի մահվան" պատմությունը. "Եթե հանկարծ Թուրքիան, Հայաստանին նեղ դրության մեջ գցելու նպատակ ունենալով, վավերացնի արձանագրություններից մեկը, որը ինչ-որ քայլեր կատարելու ժամկետներ չի պարտադրում, այդ դեպքում դժվար կլինի աշխարհին բացատրել, թե ինչու մենք չենք վավերացնում այդ փաստաթուղթը: Երկու արձանագրությունները մեկ ամբողջություն են կազմում, եւ մեկն առանց մյուսի, իմաստ եւ արժեք չունի": Որ խոսք գնաց Թուրքիայի մասին, չենք կարող չարձանագրել, թեեւ զարմանալի, բայց հաճելի տեղեկությունը: Ժամանակին, որպես ձայն բարբառո հանապատի հնչում էին կոչերը` Թուրքիա չգնալ հանգստի եւ զբոսաշրջության նպատակով, սակայն հիմա, կարծես թե, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները սառույցը կոտրեցին, եւ տեղի ունեցավ կտրուկ ՆՎԱԶՈՒՄ: Ըստ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության` 2015-ի մարտին Թուրքիա է այցելել 3167 հայաստանցի, ինչը 33 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ 2015-ի հունվար-մարտ ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 31 տոկոսով` կազմելով 7686 հոգի: Դե ինչ, դա լավ է, որ մեր հայրենակիցներն աստիճանաբար խելքի են գալիս:
Ի դեպ, ինչքան պարբերաբար խոսում ենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մասին, բայց զարմանալիորեն պարզվում է, որ ավագ եղբոր` Թուրքիայի համեմատ գլուխը պատով է տվել: Եթե մազութային սուլթանատին հաջողվում է կաշառել ընդամենը խեղճուկրակ ԵԽԽՎ բյուրոկրատիային եւ քաղաքական թոշակը որպես ԵԽԽՎ պատգամավոր գլորող անհաջողակներին, ապա Թուրքիան ոչ ավել, ոչ պակաս կարողացել է վարձու աշխատող դարձնել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն ՓՈՐԹԵՐ ԳՈՍՍԻՆ: Ըստ հենց ամերիկյան պաշտոնական տվյալների` իրենց նախկին գլխավոր հետախույզը. "Կոնգրեսի անդամներին եւ վարչակազմին տեղեկացնելու է այն հարցերի շուրջ, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար, Թուրքիային տեղեկացնելու է Կոնգրեսում եւ գործադիր մարմնի որեւէ ճյուղում իրականացվող այն գործողությունների մասին, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար, վերլուծելու է Կոնգրեսում եւ գործադիր մարմնի որեւէ ճյուղում իրադարձությունների զարգացումներն այն հարցերի շուրջ, որոնք կարեւոր նշանակություն ունեն Թուրքիայի համար": Դե ինչ, նույնիսկ մեր սաքունցներն այդքան բացահայտ չեն ծախվում:
Եվ դու Բրուտոս: Բայց տվյալ դեպքում` ՀԱՐԻ: Թուրքասեր բրիտանական արքայական ընտանիքի սույն արքայազնը զարմանալիորեն հրապարակել իր առաջին անձնական թվիթը, չնայած նախկինում նա խոստովանում էր, որ ատում է Twitter-ը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը: Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդին ասում էր, որ Twitter-ը ոտնահարում է իր անձնական կյանքի իրավունքը: Թե ինչու է Հարին փոխել իր կարծիքը, չի հաղորդվում: Դե ինչ, ինչքան էլ զարմանալի է, բայց փաստ է` սոցիալական ցանցերը, բացի սովորական քաղաքացիներից, սկսել են կլանել եւ արքայական ընտանիքների անդամներին:
Ու վերջապես "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ. "ՀՀ-ում չկա մի ուժ, որ կարող է ժողովրդին տանել արտահերթ ընտրության, ինչում ժողովուրդը բազմիցս համոզվել է: Ընդդիմադիր կոչվածները վերջում կա՛մ միացել են իշխանությանը, կա՛մ ինչ-որ հարցում հետ են կանգնել": Այդ դեպքում են ասում` լավ է ուշ, քան երբեք: Ըստ էության, պարոն Միքայելյանը տվյալ դեպքում արձանագրեց այն անհերքելի փաստը, որ 2008-ին ԼՏՊ-ի հետեւից գնալը լավագույն դեպքում զարմանալի միամտություն էր:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
