ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԿՆՍՏԻ՞
Արխիվ 12-16
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի հերթական "հերոսությունները", կարծես թե, այս անգամ անպատիժ չեն մնալու: Համենայնդեպս, մեր քաջատեղյակ աղբյուրը տեղեկացնում է, որ նրան նորից վանդակաճաղերի ետեւը վերադարձնելու համապատասխան որոշում կա: Ընդ որում` վիճակը կարող է բարդանալ նրանով, որ վերջին ծեծուջարդի պատմությանը կգումարվեն նաեւ նրա մի շարք այլ "անմեղ զանցանքներ", հաշվի կառնվեն քրեական աշխարհի հետ ունեցած որոշակի կապերը, սրա-նրա համար մինչեւիսկ գաղութներում "գործեր դզելու" դրվագները:
Մեր աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ, թեեւ Ս. Խաչատրյանը համառ փորձեր է անում այս անգամ էլ որդուն "փորձանքից" փրկելու համար, բայց դեռ ոչինչ չի ստացվում: Նույնիսկ սպառնացել է եւս մեկ անգամ հրաժարական տալ, բայց, ըստ մեր աղբյուրի` նրան հասկացրել են, թե այս անգամ դա կլինի անվերադարձ, ընդ որում` այդ քայլից բխող բոլոր ծանր հետեւանքներով հանդերձ:
Ամեն դեպքում, այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նաեւ Ս. Խաչատրյանից, բայց, երեւում է, նա խոր ընդհատակ է անցել` միաժամանակ նաեւ փորձելով որդուն դեռ իրավապահների ձեռքից հեռու պահել:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
