ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՆ «ԱՐՄՄՈՆՈՅԻ» ԽՈՀԱՆՈՑԻՆ
Արխիվ 12-16ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՆ
«ԱՐՄՄՈՆՈՅԻ» ԽՈՀԱՆՈՑԻՆ
Մայիսի 6–11-ը Երևանում անցկացվող մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը հատեց եզրագիծը: Այս մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:
Ըստ նրա՝ փառատոնի շրջանակներում ցուցադրվեց 29 ներկայացում՝ 31-ի փոխարեն. 2 ներկայացում չեն ցուցադրվել դերակատարների հիվանդության պատճառով:
«Որոշ ներկայացումներ մարդկանց ավելի շատ դուր եկան, որոշներն՝ ավելի քիչ: Մենք ունեցանք հաջողություններ՝ հատկապես ուսանողական ծրագրում: Հատուկ փառատոնի համար ԵԹԿՊԻ-ի ուսանողները (Հրաչյա Ղազարյանի արվեստանոց) ներկայացումներ էին բեմադրել: Նրանցից մեկը՝ աշնանը կհրավիրվի Լեհաստան»,- ասաց Մ. Մխիթարյանը:
Տիկին Մխիթարյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը հյուրընկալել էր Վրոցլավի (Լեհաստան) մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասին եւ լեհ դերասանուհի Վիոլետ Կոմարին: Հանդիպման ընթացքում նրանք խոսել են հայ-լեհական մշակութային կապերի զարգացման մասին:
«ATSPINDIS» մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱ ՏԱՆԱՆԱՆ ասաց, որ սա իր առաջին այցելությունը չէ Հայաստան: Վերջինս գոհ է թե' փառատոնի կազմակերպիչներից, թե' ցուցադրված ներկայացումներից: «Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ մեր փառատոնի համար որեւէ ներկայացում եմ ընտրում՝ հրավիրելու համար: Այս անգամ էլ ընտրություն կատարեցի՝ Նորա Բադալյանի «Քիչ ավելի, քիչ պակաս» ներկայացումը»:
Ի դեպ, Հայաստանից տիկին Տանանան հրավիրել է նաեւ Նարինե Գրիգորյանի՝ «Դզին» մոնոներկայացումը, որն անցյալ տարի իրենց թատրոնի վերանորգման աշխատանքների պատճառով հնարավորություն չի ունեցել հրավիրելու:
Նշենք, որ փառատոնն այս տարի մեկնարկել է Մ. Միտուայի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացմաբ՝ երիտասարդ դերասան Արեգ Գևորգյանի կատարմամբ (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան):
ԱՄՆ-ից ժամանած դերասան, երգիչ Բրեմներ Ֆլետչեր Դատին ցուցադրեց «Կաբարե» մոնոներկայացումը, որտեղ նա համադրում էր օպերային երգեցողություն, դերասանի վարպետություն և պլաստիկա:
Հայ թատերասեր հանրությանն արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան ներկայացավ «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում: Ի. Եվդոկիմովան ներկայացավ նաև «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին:
Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) ներկայացավ «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց 2 մոնոներկայացում Լեհաստանից. դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին ներկայացրեց Ս. Քեյնի «Պսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները:
Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) ներկայացավ «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ:
Փառատոնին մասնակցում էին նաև Զարուհի Խաչատրյանը՝ «Անլռելի զանգակատուն» (ըստ` Պ. Սևակի) գրական-երաժշտական կոմպոզիցիայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Նորա Բադալյանը՝ «Քիչ ավելի, քիչ պակաս», Ագնեսա Շահնազարյանը՝ «Շատերից մեկը», Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ «Ժամանակի վարագույրը», Արամ Գյուրջյանը՝ «Մամուլի ասուլիս » մոնոներկայացումներով:
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում հանդես եկան Արինե Սուքիասյանը՝ «Անկում վերելքի համար», Հռիփսիմե Շահինյանը՝ «Ինչպես չբեմադրվեց» մոնոներկայացումներով: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն այս տարի կազմվել էր համատեղ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի. ցուցադրվեցին ուսանողական աշխատանքներ:
«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում ներկայացվեցին նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2014թ. մոնոներկայացումների միջազգային փառատոների է մասնակցել Արա Գևորգյանը. «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը ցուցադրվել է «ATSPINDIS» IX (Լիտվա), ինչպես նաև Մոլդովայի միջազգային թատերական փառատոներում:
2014թ. հաջողություն ունեցած «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրի մասնակից Նարեկ Հարությունյանն այս տարի «Ռոմեո» մոնոներկայացումը ցուցադրեց «Արմմոնո-Տրիումֆ»-ում նոր մեկնաբանությամբ:
2015թ. փառատոնի նորամուծություններից էր «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որտեղ մասնակցում էին դպրոցականներ. Ա. Պուշկինի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտները:
«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում էին մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան):
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
