ՈՒ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԲԱՔՈ՞Ւ ՄԵԿՆԵՆՔ
Արխիվ 12-16ՈՒ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԲԱՔՈ՞Ւ ՄԵԿՆԵՆՔ
Մայիսի1-4-ը անցկացված շոտոկան կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ հայ եւ ադրբեջանցի մարզիկների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի պատմության շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:
Ադրբեջանական աղբյուրներըª սեփական ձեռագրի համաձայնª այս միջադեպի մեղավորներ փորձում են հայ մարզիկներին ներկայացնել, ովքեր, իբրեւ, չեն համակերպվել ադրբեջանցիների հիանալի հաղթանակների հետ ու կռիվ են սարքել: Թեեւ հասկանալի էª Բաքվում կայանալիք համաեվրոպական մրցախաղերից առաջ նման խայտառակությունը, մեղմ ասած, չի համապատասխանում ադրբեջանական այն քարոզչությանը, թե իրենց մոտ բոլորն էլ անվտանգ կլինեն, պետք է փորձեն ամեն կերպ մեղավորությունը հայ մարզիկների վրա բարդել:
Մինչդեռ միայն այն փաստը, որ այդ առաջնությունից մերոնք վերադարձան բավականին հարուստ ավարովª 3 ոսկե, 3 արծաթե եւ մի քանի բրոզնե մեդալներով ¥մի քանի հաղթանակ էլ տարել են ադրբեջանցի մարզիկների նկատմամբ¤, արդեն իսկ հուշում է, որ ադրբեջանցիների "հաղթանակներ" նախանձելու վարկածը պարզապես ծիծաղելի է:
Տեղի ունեցածը մեկնաբանեցին նաեւ Հայաստանում գործող կարատեի գրեթե բոլոր ֆեդերացիաների նախագահները: Ավանդական կարատեի ասոցիացիայի նախագահ Վյաչեսլավ Հարությունյանը նշեց. "Միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ եւ ադրբեջանցի մարզիկներ: Այն, որ Հայաստանի մարզիկները մասնակից են եղել վեճին, չի համապատասխանում իրականությանը": Կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մարզիչ, wado-ryu կարատեի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Մուրադյանն էլ իր հերթին հաստատեց. "Հայկական պատվիրակությունը ոչ մի կապ չի ունեցել միջադեպի սկզբի հետ, սակայն երբ Վրաստանի եւ ադրբեջանցի մարզիկներին "հաշտեցնելու" պահին ադրբեջանցի մարզիկը հարվածեց վրացահայ մարզիկի մեկնած ձեռքին, դրանից հետո միայն ներկա գտնվող հայ մարզիկները ստիպված են լինում միջամտելª ցույց տալով ադրբեջանցիներին իրենց տեղը":
ՀՀ սպորտի եւ երիտասարության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը եւս մեզ տեղեկացրեց, որ իրականում միջադեպը տեղի է ունեցել Վրաստանը ներկայացնող ջավախահայ մարզիկի եւ ադրբեջանցի մարզիկի միջեւ. "Հայաստանն այդ միջադեպին որեւէ առնչություն չի ունեցել, եւ մենք հորդորել ու պահանջել ենք, որ կազմակերպիչները կատարվածի մասին հաղորդագրություն տարածեն":
Այնուամենայնիվª որքան էլ հայկական կողմը փորձում է սպորտը չքաղաքականացնել, սակայն Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայումª ցանկացած առիթ օգտագործել այլ երկրի տարածքում ազգամիջյան կոնֆլիկտ հրահրելու համար: Բոլորովին վերջերս էր, երբ ադրբեջանցի մարզիկը կքանստել էր` հայկական հիմնը հնչեցնելու ժամանակ, իր պահվածքով փորձելով հունից հանել հայկական կողմի ներկայացուցիչներին: Ադրբեջանցի մարզիկների նման կեցվածքի մասին Աստղիկ Մարտիրոսյանը նշեց. "Չհերքելով այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ցավոք դեռ երկար ժամանակ լարված են մնալու, բայց կոնկրետ այս միջադեպը որեւէ ազգամիջյան տարր չի պարունակել":
"Իսկ կա՞ արդյոք տեղեկություն այն մասին, թե ձերբակալված ադրբեջանցիների հանդեպ ինչ պատիժ է սահմանվել" հարցին նա պատասխանեց. "Դա միջազգային մրցաշար էր, որն ունի կազմակերպիչ-պատասխանատու, որն էլ կրում է միջոցառման ողջ պատասխանատվությունը: Մենք երբ ստանանք նրանց տեղեկատվությունը, նոր կարող ենք հստակ պատասխանել: Ընդունողը վրացական կողմն է եւ նրանք էլ պարտավոր են հանդես գալ հայտարարությամբ":
Մի խոսքովª այս ամենից հետո նորից օրակարգ է վերադառնում հարցը, թե Հայաստանը կարո՞ղ է ներկայանալ Բաքվի համաեվրոպական մրցախաղերին: Առավել եւս, որ բացի անվտանգության խնդրից, պակաս կարեւոր չէ նաեւ այն հարցը, թե ինչո՞ւ պետք է մեկնենք: Ցույց տալու համար, թե տեսեքª ինչ խաղաղասե՞ր ենք: Բայց չէ՞ որ, ինչպես ղարաբաղյան պատերազմի փորձն է հուշում, ազերիներին պետք է ոչ թե նման օրինակներով ինչ-որ բան ցույց տալ, այլ հենց քիթը մի լավ տրորում ես, միանգամից խելքը տեղն է գալիս:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
