"ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻՑ" ՄԻՆՉԵՎ "ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ"
Արխիվ 12-16Կայացավ "Արմմոնո" միջազգային թատերական մոնոներկայացումների 13-րդ փառատոնը, որի ընթացքում թատերասեր հանրությունը լսեց "Ծխախոտի վնասի մասին" ու "Մի կոշիկի պատմություն", հանդիպեց ամենատարբեր հերոսների` "Օձ կինը", "Ծաղրածու", "Մռնչացող ճնճղուկը", "Ճամփորդը", պարեց "Սպիտակ վալս"` Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի առթիվ, անգամ "Նոկաուտ" եղավ ու "Քիչ ավելի, քիչ պակաս"` մայիսի 6-11-ը մասնակից դարձավ թատերական այս տոնակատարության: "Իրավունքը" փառատոնի ողջ ընթացքում հետեւեց մոնոներկայացումներին.
"ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ
ՆՍՏԵՑՆԵԼ ՄԵԶ ԶԳԱՑՄՈՒՆՔԻ ՆԱՎՈՒՄ"
Փառատոնի շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հանդիսատեսին ներկայացրեց "Անլռելի զանգակատուն" կոմպոզիցիան, ըստ Պարույր Սեւակի համանուն պոեմի` Արմեն Սաֆարյանի բեմադրությամբ: Դերասանուհին իր հուզառատ խաղով միահյուսեց հայ երաժշտական մշակույթի բացառիկ երախտավորի` Կոմիտասի կենսագրությունն ու պատմական իրականության թելը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության դեպքերի սեւակյան մեկնաբանությունը: Հատկանշական էր այն, որ հաջողված ներկայացումից հետո, դերասանուհին արցունքներ քամեց ինչպես իր, այնպես էլ հանդիսատեսի աչքերից…
Ի դեպ, ներկայացմանը ներկա էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, ով "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ տպավորված է. "Ամենակարեւորը` սեւակյան "Անլռելի զանգակատունը" մատուցվեց եւ ոչ թե մնաց անլռելի զանգակատուն, այլ դարձավ հոգու զանգակների ղողանջը էությանդ մեջ: Իրապես, Զարուհի Խաչատրյանը կարողացավ այնքան գեղեցիկ մատուցել այդ ամենը, որ ամեն բառի հետ, կարծես, քայլում էիր պատմության այն արահետներով, որ անցել էր Կոմիտասը` իր որբությունից մինչեւ իր ողբերգություն: Այն, որ ամբողջ ժամանակահատվածում մարդիկ քարացած ունկնդիրներն էին ելույթի, խոսում է այն մասին, որ դերասանուհին կարողացավ իր էությամբ նստեցնել մեզ մտքի եւ զգացմունքի նավում եւ իրականացնել մի ճամփորդություն դեպի Հայոց ողբերգության օվկիանը":
"ԳՈՒՑԵ iphoni-Ի ՓՈԽԱՐԵՆ ԹՌՉՈՂ ԱՓՍԵԻՑ ՀՐԱՄԱՆՆԵՐ
ԱՐՁԱԿԵՄ"
"Արմմոնո-Տրիումֆ" ծրագրում ներկայացվեցին փառատոնի նախորդ տարվա հաջողություն գրանցած ներկայացումները, որոնց թվում էր նաեւ երիտասարդ դերասան ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ "Ռոմեո" մոնոներկայացումը` Հայարփի Ասոյանի ռեժիսուրայով: Ռոմանտիկ սիրահար Ռոմեոն եւս մեկ անգամ հանդիսատեսին հիշեցրեց, որ անգամ 21-րդ դարում` հագեցած տեխնիկայի ժամանակաշրջանում, միեւնույն է, պարզ ու մաքուր սեր դեռ կարող է լինել: Իսկ սոցցանցերում ֆեյքերից բացի, կարող են հանդիպել անգամ մերօրյա Ռոմեոներ ու Ջուլիետներ: Մոնոներկայացման ու իր կերտած ժամանակակից Ռոմեոյի մասին էլ "Իրավունքը" զրուցեց Ն. Հարությունյանի հետ:
- Նարեկ, Ձեր կերտած Ռոմեոն, կարելի է ասել, մեկ տարի մեծացել է: Ի՞նչ փոխվեց կերպարում այս մեկ տարվա ընթացքում:
- Գուցե նա էլ ինձ հետ մեկ տարի մեծացավ, բայց եթե ճիշտը կուզեք, այդ կերպարը չի մեծանում այնքան, որ հասունանա: Չէ՞ որ այդ դեպքում չէր լինի այն Ռոմեոն, ով ապրում է իր սիրո ակնթարթով, եւ ում սիրտը բաբախում է առաջին իսկ հանդիպումից: Կարծում եմ` յուրաքանչյուր ծերունի իր սրտի մի անկյունում հիշում է իրեն` Ռոմեոյի տարիքում, որովհետեւ այդ Ռոմեոն երբեք չի մեծանում:
- Հանդիսատեսը եւս մեկ անգամ տեսավ Ձեր մեկնաբանությամբ ժամանակակից Ռոմեոյին: Հնարավո՞ր է, որ սա ունենա իր շարունակությունը եւ մի օր էլ, ներկայացնեք, ասենք, Լիր արքային, ով հրամաններ է տալիս iphone-ով:
- Աշխարհն այնքան է զարգանում իր տեխնիկայով, որ այն տարիքում, երբ ես Լիր կխաղամ, գուցե iphoni-ի փոխարեն թռչող ափսեից հրամաններ արձակեմ: Բայց, միեւնույն է, պիտի ասեմ այն, ինչ գրել է մեծն Շեքսպիրը եւ ոչինչ ավելի:
"ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ" ԴԱՐՁԱՎ ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Իսկ դերասան ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ ներկայացավ "Մամուլի ասուլիս" մոնոներկայացմամբ` հիմնված Ա. Ս. Պուշկինի "Մոցարտ եւ Սալյերի" ստեղծագործության վրա: "Իրավունքի" հետ զրույցում Ա. Գյուրջյանն ասաց, որ այն ավելի շատ ներկայացում-խորհում էր: "Պուշկինի լեզուն եւ Սալյերիի մտքերը, ի զարմանս մեզ, մամուլի ասուլիսի ձեւաչափում օրգանական են հնչում: Այս մտքերն արդիական են, քանի որ կյանքում ակտուալ են մարդկային բարդ միջանձնային հարաբերությունները` իրենց խնդիրներով",- ընդգծեց Ա. Գյուրջյանը: Դերասանին ոգեւորել էր հանդիսատեսը, ով ջերմությամբ ընդունեց ներկայացումը: Ըստ նրա. "Թեեւ ներկայացումը մենախոսության ձեւաչափով էր, բայց, կարծում եմ` մեզ մոտ երկխոսություն ստացվեց, քանի որ հուզական առումով յուրաքանչյուր խոսք արտացոլվում էր հանդիսատեսի հայացքում":
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, փառատոնի ամփոփմանը "Իրավունք" թերթն "Արմմոնոյի" կողմից արժանացավ վկայականի:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
