"ՄԱՐԱԹՈՒԿԻ" ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. "ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ ՏՄՊՊՀ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՅՑ ԿԱՊՐԵՆՔ, ԿՏԵՍՆԵՆՔ"
Արխիվ 12-16Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նիստ էր հրավիրել` քննելու "Մարաթուկ" տուրիստական գործակալության դեմ հարուցված վարչական վարույթը: Հիշեցնենք` ապրիլի 7-ին կայացած նիստում ՏՄՊՊՀ-ն հարուցել էր վարչական վարույթ` "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորման համար:
Ու քանի որ ժամանակին թեման լուսաբանելու առիթ ունեցել ենք, ներկայացանք նաեւ նիստին: Սակայն ստիպված էինք բախվել այս պատմությունից դուրս գտնվող մեկ առնվազն տարօրինակ իրավիճակի. մինչ նիստը սկսելը ՏՄՊՊՀ-ն թույլ չտվեց լրագրողին տեսանկարահանել նիստը` պատճառաբանելով, որ գուցե հրապարակվեն վերոնշյալ կազմակերպությանն առնչվող առեւտրային գաղտնիքներ: Աբսուրդն այն է, որ մինչ այս սույն կառույցը հազար ու մի նիստեր է անցկացրել` հաճախ շատ ավելի լուրջ մեղադրանքներ ու ծանրակշիռ տնտեսվարողների վերաբերող գործեր քննել: Ու մինչ այժմ չէինք լսել նման պատճառաբանություններով փակ նիստերի մասին: Առավել եւս, որ կոնկրետ դեպքում տնտեսվարողը`"Մարաթուկ" տուրիստական գործակալությունը, ամենեւին էլ դեմ չէր իրեն առնչվող ցանկացած տեղեկատվության հրապարակմանը: Բայց չէ, ՏՄՊՊՀ-ն ավելի "շատ" էր մտածում տնտեսվարողի "շահերի" մասին, եւ նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը դրվեց քվեարկության եւ անցավ միաձայն: Ամենատարօրինակ այն է նաեւ, որ ըստ հանձնաժողովի` վերջինիս վախը ԶԼՄ-ներից բացատրվում է նրանով, թե լրատվամիջոցները կարող են վարույթի փաստերի վերաբերյալ մեկնաբանություններ կատարել եւ այլն, ինչը, ըստ ՏՄՊՊՀ-ի, թույլատրելի չէ: Այստեղ ցանկանում ենք փաստել մեկ կարեւոր հանգամանք. տեղեկություններ ստանալու եւ տարածելու` այդ թվում դրանց վերաբերյալ մեկնաբանություններ, վերլուծություններ կատարելը լրագրողի իրավունքն է, որը սահմանված է ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածներով, եւ այդ իրավունքը կարող է սահմանափակվել բացառիկ դեպքերում` օրենքով նախատեսված կարգով: Լրագրողի կողմից վարույթի փաստերի վերաբերյալ հնարավոր մեկնաբանությունները եւ դրանց "հրապարակման վտանգը" որեւէ կերպ չեն հանդիսանում օրենքով նախատեսված այնպիսի նպատակներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ այդ իրավունքի սահմանափակման համար: Նման հիմքով լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումն ուղղակի աննախադեպ է, եւ մեզ հայտնի չէ որեւէ այլ պետական մարմին, որը երբեւէ նման կերպ վարված լինի: Հավանաբար, ՏՄՊՊՀ-ն թաքնվելու լուրջ պատճառներ ուներ:
Մոտ երեք ժամ տեւած նիստից հետո, այնուամենայնիվ, զրուցեցինք "Մարաթուկի" ներկայացուցիչ Զորիկ Վարդանյանի հետ, ով այսպես ներկայացրեց տեղի ունեցածը.
- Մենք ներկայացրինք մեր փաստերը, սակայն ՏՄՊՊՀ-ն չլսելու էր տալիս: Մինչեւ անգամ մենք ներկայացրինք, որ այս ողջ պատմությունը "Մարաթուկի" դեմ պատվեր է, բայց ՏՄՊՊՀ-ն դա էլ "չլսեց":
- ՏՄՊՊՀ-ն որեւէ հակափաստարկ կամ հակադարձում ներկայացրե՞ց:
- Ոչ: Իրենք մեր գովազդի սլայդը ներկայացրին: Ընդ որում` գովազդի վրա փակցված "Greece"-ն փակել են եւ ասում են, որ "Մարաթուկը" միայն Կրետե կղզին է գովազդում: Ես իրենց ասում եմ` մենք Հունաստանն ենք գովազդում: Նիստի ավարտին ՏՄՊՊՀ-ն մեզ ասաց, որ մենք կարող ենք մեր բողոքները նաեւ գրավոր ուղարկել:
- Ըստ Ձեզ` ՏՄՊՊՀ-ն հակվա՞ծ է "Մարաթուկի" գրավոր բողոքներն ուսումնասիրել:
- Երեւի` ոչ: Ես հասկացա, որ նրանք նախօրոք վճիռը կայացրել են եւ մի վատ բան "Մարաթուկի" հանդեպ անելու են, որպեսզի ոչնչացնեն այն` որպես տուրիստական գործակալության: Ավելին ասեմ` նիստի ընթացքում հօգուտ իրենց հարցեր էին ուղղում, եւ երբ մենք ճիշտ պատասխանում էինք, ընդհատում էին եւ անցնում այլ հարցերի: Օրինակ, հարցնում էին` Երեւան-Կրետե-Երեւան չվերթի քանի՞ փաթեթ ենք վաճառել, ինչքա՞ն շահույթ ենք ունեցել անցյալ տարի: Մեզ համար անհասկանալի են ՏՄՊՊՀ-ի գործողությունները, բայց կապրենք, կտեսնենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
