Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿԸ. "ՍԻՐԵԼԻ ՄԱՐՈՒՍ, ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՀԵՂ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ..."

Արխիվ 12-16

ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿԸ. "ՍԻՐԵԼԻ ՄԱՐՈՒՍ,
ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՀԵՂ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ..."


Մարուս տատն այսօր էլ Հայրենական մեծ պատերազմում զոհված իր ամուսնու` Մանթաշ Մակիչյանի մասին պատմում է ներկա ժամանակով եւ այնպիսի հուզմունքով ու սիրով, կարծես նրանք` 95-ամյա Մարուս Տիտանյանն ու 100-ամյա Մանթաշ Մակիչյանը, դեռեւս միասին են ու ոչինչ չի խաթարել նրանց ընտանեկան երջանկությունը: Իսկ երբ Օձունի իրենց տանը հավաքվում է միակ որդու` Բորիս Մակիչյանի ողջ ընտանիքը` 3 զավակների, հարսների, փեսայի ու 6 թոռների հետ, այնպիսի զգացողություն ես ունենում, ասես ուր որ է` կբացվի դուռն ու ներս կմտնի պարթեւահասակ, ամուր տղամարդը` ընտանիքի հայրը` Մանթաշ Մակիչյանը, ու բոլորը կձգվեն, կզգաստանան: Նա կնստի սեղանի գլխին պահված իր տեղում ու ընտանիքը կամբողջանա, ընտանիքն ամուր կզգա իրեն. չէ՞ որ հայրը վերադարձել է...
Սակայն 1942 թվականին Կերչում զոհված Մանթաշ Մակիչյանն այս բոլոր տարիներին միայն իր ոգեղեն ներկայությամբ է սատարել ընտանիքին: Նրա մասին պատմած հուշերն են եղել ոգեշնչման այն աղբյուրը, որ ամբողջ կյանքում ուղեկցել է նախ նրա միակ որդուն` Բորիս Մակիչյանին, իսկ հետո նաեւ վերջինիս զավակներին ու թոռներին: Մոր պատմածով մաս-մաս վերականգնվել է հոր կերպարը, իսկ ռազմաճակատից ուղարկած նրա նամակները, հայրենակիցների ու ռազմաճակատային ընկերների հուշերը երբեք թույլ չեն տվել, որ մի պահ անգամ խամրի Մանթաշ Մակիչյանի հիշատակը: Որդին` Բորիս Մակիչյանը, ով ներկայումս Հյուսիսային համալսարանի ռեկտորն է, Ռուսաստանի Դաշնության երկու բուհերի պատվավոր պրոֆեսոր, պատմում է. "Ամուր կին է մայրս: Մնալով մենակ` նա երբեք չի տրտնջացել, թեպետ ավելի հասուն տարիքում զգում էի, թե որքան մեծ սիրով է նա կապված եղել հորս հետ ու ինչպես հաճախ ինձանից թաքուն լաց է լինում: Բայց, միաժամանակ, երբեք ցույց չէր տալիս իր թուլությունը, որ ես էլ խեղճ չմեծանամ, չզգամ անհայրությունս: Թերեւս այդ է պատճառը, որ հայր չունենալով, ես երբեք ինձ զրկված կամ խեղճ չզգացի, ընդհակառակը` մայրս միշտ ինձ ներշնչում էր, որ ես հերոսի որդի եմ ու միշտ պետք է հպարտ լինեմ իմ հորով, որ նա չի զոհվել ու մի օր անպայման կվերադառնա, եւ ես պետք է իրագործեմ այն երազանքը, որի մասին հայրս ռազմաճակատ մեկնելուց առաջ ասել էր մորս` կուզեի, որ Բորիսը ուսուցիչ դառնա":
Մանթաշ Մակիչյանն ինքն էլ մինչեւ Հայրենական մեծ պատերազմ մեկնելը` մինչեւ 1941 թ. հունիսը, Ալավերդու շրջանի Ուզունլար գյուղի (ներկայումս Օձուն) միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ` միաժամանակ սովորելով Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում: Կենսախինդ ու աշխատասեր երիտասարդը նաեւ սպորտի մեծ սիրահար էր եւ մասնակցում էր գյուղում կազմակերպվող սպորտային բոլոր միջոցառումներին: Նրա մահից հետո Մարուս Տիտանյանն ամբողջովին նվիրվում է որդու դաստիարակությանը, կատարում ամենատարբեր աշխատանքներ, որպեսզի զավակը չկրի որեւէ դժվարություն եւ իրագործի հոր երազանքը: Մարուսի կյանքի նպատակը որդուն ուսուցիչ դարձնելն էր, ու թեպետ մեծ դժվարությամբ, բայց նա հասավ իր նպատակին...
Բուհն ավարտելուց հետո` մոր խնդրանքով Բորիս Մակիչյանը 2 տարի աշխատում է Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան դպրոցում, այնուհետեւ աշխատանքային գործունեությամբ ամբողջովին կապվում մայրաքաղաքին: 1962-ից մինչեւ 1996 թ. նա աշխատել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում` որպես դասախոս, վարել տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 1996 թվականից Մանթաշ Մակիչյանի արժանի զավակը հանրապետության առաջատար բուհերից մեկի` Հյուսիսային համալսարանի ռեկտորն է, միաժամանակ պետհավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահը: 2011-ին նա պարգեւատրվել է ՀՀ ԿԳ նախարարի ոսկե մեդալով, 2013-ին` Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ 2009-ին` Նանսենի մեդալով:
"Ինչի էլ որ հասել եմ ես, ինչ գործունեություն էլ որ ծավալել եմ,- պատմում է հարգարժան ռեկտորը,- մտովի միշտ հաշվետու եմ եղել երկու շատ կարեւոր անձանց` հորս եւ մորս առջեւ: Հայրս ինձ համար լուսատու աստղ է եղել, նա կարծես մարմնավորում էր այն հայ քաջորդիներին, որոնց շնորհիվ ջախջախվեց գերմանական ֆաշիզմը:    Հայերը թշնամու դեմ կռվում էին վրիժառուների խրոխտ կեցվածքով` գիտակցելով, որ ֆաշիզմի հաղթանակի դեպքում մեր դարավոր թշնամին գուցեեւ շարունակի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իր զարհուրելի գործողությունները եւ իրագործի պանթուրքիզմի ծրագրերը: Մեծ հաղթանակը մենք նվաճեցինք Մանթաշ Մակիչյանի եւ նրա նման հայրենասեր ու խիզախ զինվորների շնորհիվ: Ինչպես նաեւ թիկունքում գիշեր ու զօր աշխատող, զրկանքներ կրող մեր ողջ ժողովրդի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նրանց մեջ նաեւ մայրս էր` այսօր արդեն 95-ամյա այդ հրաշալի, տոկուն կինը, որն ինձ է փոխանցել հորս պատգամները եւ հետամուտ եղել, որ մի պահ անգամ չվարանեմ, չնահանջեմ ու առաջ քայլեմ: Գովասանքի է արժանի այն, որ այսօր ՀՀ կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայրենական պատերազմի շուրջ 60 մասնակիցների: Մեր կարծիքով` հիշատակման ու մեծարանքի են արժանի բոլորը` եւ Հայրենական պատերազմում զոհվածները, եւ մասնակիցները, եւ հատկապես այն կանայք, որոնք, իրենց զոհված ամուսինների հիշատակը հարգելով, ամբողջովին նվիրվել են իրենց զավակների դաստիարակությանը` նրանց փոխանցելով այդ հայրենասեր քաջորդիների պատգամները":
2015 թվականին կլրանար Մանթաշ Մակիչյանի ծննդյան հարյուրամյակը, իսկ Մարուս Տիտանյանը հունիսին ողջ գերդաստանով կնշի իր իննսունհինգամյակը: Բայց նա իրեն չի առանձնացնում. կնշի նաեւ իր սիրելի ամուսնու 100-ամյակը: "Ավելի ճիշտ` մեր 195-ամյակը,- կատակով ասում է Մարուս տատիկը,- շատ կուրախանար, երբ տեսներ թոռներին, ծոռներին ու հարսներին: Չէ՞ որ նրանք էլ ուսուցիչ պատրաստող են": (Մարուս տատիկը նկատի ունի այն, որ թոռներն ու նրանց կանայք աշխատում են կրթության ոլորտում, փոքր թոռը գիտության թեկնածու է): Գրեթե մեկ դար դժվար կյանքով ապրած Մարուս Տիտանյանը պահել է ամուսնու նամակները, նրանցից մեկի բովանդակությունն անգիր գիտեն ընտանիքի բոլոր անդամները: Դա Մանթաշ Մակիչյանի վերջին նամակն է. "Սիրելի Մարուս, մենք գնում ենք ահեղ ճակատամարտի, հնարավոր է, որ ես զոհվեմ: Չմտածես, թուրք-գերմանական դաշինքի դեմ ես վրեժ եմ լուծելու 1915-ի մեր անմեղ զոհերի համար, իսկ վերջում մենք անպայման հաղթելու ենք: Բորիսիս դաստիարակիր այնպես, որ մեր երազած քաղաքացին դառնա: Համոզված եմ` դու այդպես էլ անելու ես: Համբուրում եմ ձեզ երկուսիդ: Քո Մանթաշ":

ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ