ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄԸ ԹՈՒԼԱՑԵԼ Է
Արխիվ 12-16Գնաճային ճնշումը Հայաստանում թուլացման միտում է դրսեւորել: Արդյունքում 12-ամսյա գնաճը ապրիլին դարձյալ վերադարձել է նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական ապրանքների գների միջին աճը կազմել է 4,8 տոկոս: Այն նախորդ ամսվա նույն ցուցանիշից պակաս է մեկ տոկոսով: Հիշեցնենք, որ մարտին 12-ամսյա գնաճը Հայաստանում գերազանցեց 5,8 տոկոսը:
Գնաճի թուլացման վրա ազդել են հիմնականում պարենային ապրանքների շուկաներում արձանագրված դրսեւորումները: Դրանք թելադրված են ինչպես ներքին գյուղատնտեսական, այնպես էլ արտաքին որոշ ապրանքային շուկաներից:
Գաղտնիք չէ, որ արտաքին գնաճային միջավայրն այս տարի բավական բարենպաստ է: Միջազգային տնտեսական գործընթացների եւ պահանջարկի կրճատման կամ դանդաղ աճի հետեւանքով հումքային ապրանքների գները էական փոփոխության չեն ենթարկվում: Թերեւս պատահական չէ, որ այդ հատվածից Հայաստանի Կենտրոնական բանկը վտանգավոր զարգացումներ հիմնականում չի սպասում:
Ավելին, ինչպես վկայում են վիճծառայության դիտարկումները, ներմուծվող առանձին ապրանքների շուկաներում նույնիսկ արձանագրվել են գնանկումային երեւույթներ: Մասնավորապես ապրիլին նախորդ ամսվա համեմատ շաքարավազի գինը իջել է 3 տոկոսով: Արտաքին շուկաների հետ կապված մեկ այլ ապրանքախումբ` ի դեմս կենդանական եւ բուսական յուղերի, էժանացել է 3,7 տոկոսով: Գնանկումը պայմանավորված է եղել հիմնականում կարագի եւ արեւածաղկի յուղի գների նվազմամբ: Կարագի դեպքում այն հասել է ընդհուպ մինչեւ 5,4 տոկոսի:
Գնաճի թուլացման վրա դրական ազդեցություն է թողել պարենային ապրանքների ներքին շուկան` թելադրված հիմնականում գյուղատնտեսության ոլորտից: Սեզոնայնության գործոնով պայմանավորված` ապրիլին որոշ գյուղմթերքներ սկսել են էժանանալ: Հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները, պետք է ենթադրել, որ այդ միտումը կշարունակվի նաեւ առաջիկայում:
Թեեւ դա դեռ չի նշանակում, թե այս տարի Հայաստանում գնաճի խնդիրն այլեւս լուծված կարելի է համարել: Դատելով էներգետիկ ընկերությունների ներկայացրած սակագնային հայտերից եւ դրանցում ներառված առաջարկություններից` շատ լուրջ ռիսկեր են սկսվում նշմարվել էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման հետ կապված:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
