"ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՒՏ Է ՆԱԵՎ ԻՐԱՆԻՆ"
Արխիվ 12-16"ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՒՏ Է ՆԱԵՎ ԻՐԱՆԻՆ"
Մի կողմիցª Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, մյուս կողմիցª Իրանի նկատմամբ հայտնի միջազգային պատժամիջոցները հանելը կարող է նոր իրավիճակ, հեռանկարներ առաջ բերել Իրան-Հայաստան հարաբերություններում: Դա հասկանալի է, եւ պատահական չեն այս ամենի հետ կապված բավականին ակտիվացած մասնագիտական քննարկումները: Վերջին հաշվովª ԵՏՄ-ի հսկայական շուկան չի կարող չհետաքրքրել Իրանին, եւ Հայաստանն էլ այդ շուկան հասցնում է հենց Իսլամական Հանրապետության սահմաններին: Մյուս կողմից էլª Հայաստանն ու Իրանն ունեն մի շարք մեծ տնտեսական ծրագրեր ու միջազգային պատժամիջոցների չեղյալ համարման դեպքում այդ թեմաները միանգամից կարող են ակտիվանալ:
Ամեն դեպքում, թե Իրանում ինչ են մտածում այս ամենի մասին, փորձեցինք պարզել Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԻՍԻԻ հետ մեր զրույցում:
-Պարոն դեսպան, ի՞նչպես եք վերաբերվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Իրանը, որպես Հայաստանի անմիջական հարեւան, ակնկալիքներ ունի՞ կապված նրա հետ, որ հայ-իրանական սահմանը նաեւ Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ սահմանն է:
- Իհարկեª վերաբերմունքս դրական է: Ինչ խոսք, ԵՏՄ-ն մեծ շուկա է բացում Հայաստանի համար, բայց Հայաստան էլ պետք է, այսպես ասած, ձեռքերը ծալած չնստի: Պետք է իր արտադրանքը եւ արտահանումը ընդլայնի, որպեսզի համապատասխանի այդ շուկային: Ավելին ասեմ` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը օգուտ է նաեւ Իրանին: Եթե մենք կարողանանք որեւիցե համապատասխան համաձայնագիր ունենալ Հայաստանի հետ, ապա դա Իրանին հնարավորություն կտա զարգացնելու մեր առեւտուրը նաեւ ԵՏՄ անդամ երկրների հետ:
- Իրանի` Հայաստանով ԵՏՄ շուկա դուրս գալու համար, թերեւս, շատ կարեւոր կլիներ երկաթուղային կապ ունենալը: Ըստ Ձեզª ի վերջո ե՞րբ կլինի այդքան երկար սպասվելիք Իրան-Հայաստան երկաթգիծը եւ ի՞նչ կտա այն երկու կողմերին:
- Ինչ խոսքª Իրան-Հայաստան երկաթուղու բացումը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ, քանի որ այդ երկաթգիծը Պարսից ծոցը կարող է միացնել Սեւ ծովին, որն էլ կբերի մեծ եկամուտ թե՛ Հայաստանին եւ թե՛ Իրանին: Թե երբ կբացվի այդ երկաթգիծը, դեռեւս հայտնի չէ, քանի որ կախված է ներդրումների հետ: Այս նախագիծը բավական ծախսատար է, եւ գումար պետք է հայթայթել դրա համար: Մենք Հայաստանի իշխանություններին հայտնել ենք, որ եթե ներդրողներ գտնվեն, եւ դրա շնորհիվ հնարավոր լինի Հայաստանի տարածքով Վրաստանի, այնուհետեւª Ռուսաստանի հետ կապ հաստատող երկաթգիծ կառուցել, ապա մենք պատրաստ կլինենք Իրանի պետական բյուջեի միջոցների հաշվին անհապաղ սկսել մեր հատվածի շինարարությունը` Ջուլֆայից մինչեւ Մեղրիի անցակետ:
Ամեն դեպքում, ինչպես նշեցի, Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց եւ Կասպից ծով, ինչը շատ կարեւոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով: Իրանի համար էլ Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական սեւծովյան Փոթի եւ Բաթում նավահանգիստներ: Հայաստանն Իրանի հետ երկաթգծի շնորհիվ կդառնա Հարավային Կովկասում տարանցիկ կարեւոր միջանցք:
- Երկաթուղուց զատª մեկ կարեւոր տնտեսական ուղղության մասին եւս խոսակցությունները տարիներ շարունակ չեն դադարում: Խոսքը իրանական գազը Եվրոպա արտահանելու մասին է: Ավելինª նույնիսկ քննարկումներ են լինում տարանցման ուղղությունների մասին, այդ թվում, որ ձեռնտու տարբերակ կարող է հանդիսանալ Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա տարբերակը: Նման բան հնարավոր համարո՞ւմ եք:
- Ինչպես գիտեքª Իրանն աշխարհում ունի գազի ամենամեծ պաշարները, եւ բնական է, որ այն արտահանելու համար պետք է փնտրի նոր շուկաներ: Իրանական գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ դեռեւս հստակ խոսակցություն չի եղել, սակայն եթե նման քննարկումներ լինեն, ապա որպես կարճ, ապահով եւ տնտեսապես ձեռնտու ուղղություն կարող է քննարկվել նաեւ Հայաստանի տարբերակը: Ամեն դեպքում դա ապագայի խնդիր է, երբ Իրանը վերջնական համաձայնության գա այդ հարցի շուրջ, մեր տնտեսությունում լուրջ առաջընթաց տեղի կունենա: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունները, հատկապես` տնտեսական ոլորտում, ավելի կբարելավվեն:
- Պարոն դեսպան, գաղտնիք չէ, որ Հայաստանի ներկայումս գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, թեեւ կա նաեւ Իրան-Հայաստան գազատարը, որտեղից որոշ ներկրում իրականացվում էª դրա դիմաց էլեկտրաէներգիայով փոխհատուցելու պայմանով: Վերջերս էլ, երբ թարմացվեց հայ-ռուսական գազային պայմանագիրը, խոսակցություններ հնչեցին, թե դա կարող է ինչ-որ կերպ վնասել, խոչընդոտել հայ-իրանական էներգետիկ նախագծերին: Նման բան կարո՞ղ է լինեն:
- Իրանի եւ Հայաստանի միջեւ կնքվել է պայմանագիր 20 տարի ժամկետով: Ըստ այդմ էլª Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված համաձայնագրով Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքված պայմանագիրը փոփոխության չի ենթարկվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
