«ԱՅՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ, Ի ԴԵՐԵՎ ԵՂԱՆ»
Արխիվ 12-16«ԱՅՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ, Ի ԴԵՐԵՎ ԵՂԱՆ»
Մայիսի 9-ին ողջ աշխարհը ուրախությամբ կամ նախանձով հետեւեց Ռուսաստանի սրտում` Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած հզոր ռազմական շքերթին: Իսկ շքերթին զուգահեռ` աշխարհի ուշադրության կենտրոնում էր ռուսաստանյան տոնական ակցիան, որը կոչվում էր «Անմահ գունդ»: Յուրաքանչյուր ՌԴ քաղաքացի իր հետ վերցրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հարազատի նկարն ու դուրս եկել հրապարակ` հաղթական քայլերթի մասը դառնալով: Հայաստանի ու հայերիս համար Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի այս տոնակատարությունները հատկանշական էր նրանով, որ Կրեմլի հրապարակի ռազմական շքերթին պատվով մասնակցեց նաեւ ՀՀ Զինված ուժերի զորախումբը` որպես Բեռլին մտած հայորդիների ու Ռայխստագի պատի տակ հաղթական հայկական քոչարի պարած պապերի իսկական ժառանգներ:
Բնականաբար, այս պատմական իրադարձությունը աշխարհաքաղաքական նոր եղանակ ստեղծեց, որի զարկերակում է նաեւ Հայաստանը: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
«ԵՏՄ-Ի ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ ՏԱՐԱԾՎԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ԿԱ»
–Պարոն Հարությունյան, Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթը ինչ-որ առումով ՌԴ-ի կողմից հաշվետվություն էր աշխարհի առաջ: Ի՞նչ հետեւություններ կարելի է անել տեղի ունեցած պատմական իրադարձությունից:
– Միանգամից ասեմ, որ շքերթը բացի նրանից, որ խիստ տպավորիչ էր, գլխավորը թերեւս այն էր, որ այն արտահայտությունները, թե Ռուսաստանին հնարավոր է մեկուսացնել, ի դերեւ եղան: Այս առումով բավական է նշել, որ այնտեղ էին Չինաստանի, Հունաստանի, Հնդկաստանի ղեկավարները: Եվ սրանով մենք տեսանք բազմակենտրոն աշխարհը, այսպես ասած, պատկերային ձեւով:
– Չինաստանի եւ Հնդկաստանի ղեկավարների մասնակցությունը այս կարեւորագույն իրադարձությանը, հնարավո՞ր է նոր փուլ հաղորդի ԵՏՄ-ին, եւ արդյունքում այս միությունն ընդլայնվի դեպի Արեւելք:
– Այո, ԵՏՄ-ի դեպի Արեւելք տարածվելու միտում կա: Եվ կարծում եմ, որ ԵՏՄ-ն կունենա նաեւ համաձայնություններ Շանհայի կազմակերպության հետ, եւ այս գործընթացը անպայման անընդհատ ավելի մեծ թափ է հավաքելու, ինչը բնական է: Ամերիկյան շատ վերլուծաբաններ սկսել են անհանգստություն հայտնել այն առումով, որ իրենց երկրի գործողությունները հանգեցրին Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների ավելի մերձեցմանը: Եվ դրան նպաստեց ոչ միայն այս ռազմական շքերթը, այլ այն, որ Սեւ ծովում սկսվել են ռուսական եւ չինական ռազմանավերի համատեղ զորավարժությունները, եւ դա շատ լավ է: Ինձ թվում է` սա նաեւ ավելի շատ անհանգստացնելու է Թուրքիային, քան մնացած խոսքերը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍՕՐ ՆԵՂԱՑԱԾ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ»
–Ի դեպ, Թուրքիան խիստ նեղացած կեցվածք է ընդունել Ռուսաստանի առաջ, անգամ երկրի ղեկավարի մակարդակով չմասնակցեց Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարություններին: Ըստ Ձեզ, ինչի՞ կհանգեցնի Ռուսաստան-Թուրքիա նման հարաբերությունները:
– Չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ լուրջ փոփոխություններ բերել, որովհետեւ, որքան հասկանում եմ, թուրքական կողմը սկսել է այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տանել: Ընդհանրապես, Թուրքիան այսօր նեղացած է ողջ աշխարհից: Այնպես որ, ոչինչ, կնեղանա, հետո կանցնի:
– Անդրադառնանք մեր մյուս ագրեսոր «հարեւանին»` Ադրբեջանին, որն այսօր անգամ ակնհայտ իրականությունն է մարդկանց աչքի առաջ խեղաթյուրում: Բավական է նշել, որ ադրբեջանական պետական կայքերը զետեղել էին Կարմիր հրապարակի շքերթին մասնակցած իրենց զորախմբի լուսանկարը, սակայն ֆոտոշոփով հեռացրել էին հայկական դրոշը:
– Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես գիտի վարվել եւ մշտապես է այդպես վարվում: Իրենք փորձում են ակտիվություն ցուցաբերել տեղեկատվական դաշտում, բայց քանի որ իրենց փաստարկները, որպես կանոն, բավականին հեղհեղուկ են եւ ոչ լուրջ, թերեւս չեմ կարծում, թե մեծ հաջողության կհասնեն:
– Մամուլում շրջանառվում է, որ մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Արցախյան հակամարտության հարցը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից:
– Չեմ կարող որեւիցե կանխագուշակում կատարել, սակայն, կարծում եմ` միշտ հանդիպումներն ավելի լավ են, քան դրանց բացակայությունը: Հուսանք, որ սահմանում գոնե ինչ-որ չափով դա կբերի ավելի հանգիստ իրավիճակի:
«ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ
ԴԱՍԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
–Այս օրերին, երբ ամենքի ուշադրության կենտրոնում ռուսաստանյան հաղթական տոնակատարություններն էին, միեւնույն ժամանակ, աշխարհի մյուս հատվածում` Իրաքում, շարունակվում է զանգվածային կոտորածը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իրաքում եւ ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում, արդեն երկու-երեք տարուց ավել է, ինչ տեղի է ունենում դասական ցեղասպանություն: Եվ դա վերաբերում է ոչ միայն հայերին, եզդիներին, ասորիներին, այլ առաջին հերթին հենց արաբ ժողովրդին: Նրանք, այսպես ասած, նոր տիպի ցեղասպանության են ենթարկվում` իրենք իրենց ոչնչացնելով: Այս խնդիրը կարիք ունի նաեւ մեր ցեղասպանագետների ուսումնասիրության, աշխարհի ուշադրության, որովհետեւ տեսնում ենք, որ աշխարհը բավական անտարբեր է, ինչպես անտարբեր էր 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ: Երեւի թե, պետք է մի քիչ ավելի չեզոք գոտում մի նոր ատյան ստեղծել` հակառազմական հանցագործների համար դատարան, որտեղ կզբաղվեն ցեղասպանությունները կազմակերպողներին պատժելու խնդիրներով:
– Ամփոփելով զրույցը` ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի արտաքին քաղաքականությունում ունեցած վերջին շրջանի ակտիվությունը:
– Մեր քայլերը, որոնք ուղղված էին դեպի ԵՏՄ, դրանք ռեալ քայլեր էին, մնացածն ավելի շատ դիվանագիտական ոլորտում էին, տեսնենք այս ամենն ինչի կհանգեցնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
