"ՄԵՏԱՔՍԻ ՈՒՂԻՆ" ԿԱՆՑՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ
Արխիվ 12-16"ՄԵՏԱՔՍԻ ՈՒՂԻՆ" ԿԱՆՑՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ
Մեր նախորդ համարում անդրադառնալով Մոսկվայում այդ պահին նոր միայն մեկնարկող Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակի միջոցառումներից եւ Կարմիր հրապարակի ռազմական շքերթից ակնկալիքներին, կարծիք էինք հայտնել, որ այդ ամենը, ըստ էության, պետք է համարել Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարությամբ ԱՄՆ-ին հակակշիռ համաշխարհային բեւեռի հռչակման հաղորդագրություն: Եվ այն, ինչ այս վերջին օրերին տեղի ունեցավ Մոսկվայում, ցույց տվեց, որ նման գնահատականն ամենեւին էլ չափազանցություն չէ: ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ
Միայն այն փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփին ինչ-որ տեղ նաեւ ցուցադրաբար մայիսի 9-ի այդ բոլոր հրապարակային միջոցառումների ժամանակ կանգնած էին կողք կողքի, միանգամայն ջերմ տեսքով երկար-բարակ ինչ-որ բաներ էին քննարկում, արդեն իսկ վկայում է նման գնահատականի օգտին: Չնայած մինչ այդª մայիսի 8-ին շրջանառության մեջ դրված ռուս-չինական մոտ 40-ի կարգի դոլարային համարժեքով բազմամիլիարդանոց, սակայն ռուբլով եւ յուանով ¥ոչ ամերիկյան դոլարով¤ արտահատված նոր տնտեսական ծրագրերն արդեն իսկ բոլոր փակագծերը բացում էին: Որին էլ, անշուշտ, պետք է հավելել, օրինակ, ՌԴ պաշտպանության նախարարի եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի հետ հանդիպումից հետո Սերգոյ Շոյգուի հայտարարությունը, թե. "Մեր երկրների ղեկավարները արտակարգ նշանակություն են տալիս ռազմատեխնիկական համագործակցությանը եւ նպատակ ունեն հետեւողականորեն այն զարգացնել: Փոխգործակցության այս ուղղությունը ռուս-չինական կապերի կարեւորագույն բաղադրիչներից է":
Այսպիսովª մայիսի 8-9-ին, ըստ էության, տեղի ունեցավ հետեւյալը: Չինաստանն ամեն կերպ ցույց տվեց, որ տնտեսական առումով անվերապահորեն կանգնած է Ռուսաստանի թիկունքին, ինչը ռուսների համար հիմնականում չեզոքացնում է Արեւմուտքի հետ ընթացող ներկայիս տնտեսական պատերազմի հետեւանքներըª այդ պատերազմում հիմնական տուժողի դերում թողնելով Եվրոպային: Եվ դրան զուգահեռ էլª Կարմիր հրապարակի շքերթում Ռուսաստանը ներկայացրեց այն քանակով նորագույն, շատ դեպքերում նույնիսկ աշխարհում համարժեքը չունեցող զինատեսակներ, որով պարզ հասկացրեց Արեւմուտքին, որ ինչքանով Չինաստանի պոտենցիալն է իրեն տնտեսապես դարձնում գործնականում անխոցելի, նույն չափով էլ ինքն է ռազմական տեսանկյունից անխոցելի դարձնում Չինաստանին:
Հանրագումարումª այդ ողջ պոտենցիալը, ինչպես արտահայտվեց ՌԴ պաշտպանության նախարարը. "Ներդրում է ողջ եվրասիական մայրցամաքում եւ նրա տարածքներից դուրս խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար": Այսինքնª ռուս-չինական տանդեմն այսպիսով Եվրասիայում թիվ 1 աշխարհաքաղաքական դերակատարման հայտ է ներկայացնում, որը, հասկանալի է, Վաշինգտոնում կընդունվի որպես մարտահրավեր:
Բայց մինչ Վաշինգտոնին հասնելը` նկատենք, որ թեեւ այս գործընթացներում առաջին պլանում են Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն առանցքը դրանով չի սահմանափակվում: Նախ կա Հնդկաստանի գործոնը, որի ռազմական ստորաբաժանումը ներկա գտնվելով մոսկովյան շքերթում, ըստ էության ֆիքսում էր, թե այս ժամանակակից համաշխարհային բարիկադների որ կողմում են հնդիկները: Նույն կերպ հասկանալի է նաեւ Իրանի ուղղվածությունը, իսկ դա արդեն ամբողջականացնում է Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան-Իրան առանցքը ¥տե՛ս նաեւ քարտեզը¤, ինչի ստեղծման` իրենց համար վտանգավորության մասին ամերիկյան տեսաբանները դեռ տարիներ առաջ էին սկսել խոսել:
Հաջորդը. մայիսի 8-ին Եվրասիական միության կազմի ընդլայնումը Ղրղզստանի հաշվին` ցույց տվեց, որ Ռուսաստանը նախընտրում է հիշատակված գլոբալ առանցքի ձեւավորմանը գնալ ոչ թե մենակ, այլª ԵՏՄ-ի կազմով: Ավելին. Ղրղզստանի անդամակցությունից հետո, հաշվի առնելով նաեւ Ղրիմի միացումը Ռուսաստանին, կարելի է ֆիքսել, որ ԵՏՄ-ի անդամ ներկայիս հինգ երկրների տարածքներից հնարավոր է ռազմավարական վերահսկողության տակ առնել ողջ երբեմնի խորհրդային տարածաշրջանը:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼԻ ԹԵԺ ԳՈՏՈՒՄ Է
Մի խոսքովª "նոր" աշխարհի ընդհանուր պատկերը կարծես թե վերջնականապես ուրվագծվում է, թեեւ որոշ դետալներ դեռ իրենց հանգուցալուծմանն են սպասում: Գլխավորը Եվրոպայի վերաբերմունքն է եվրասիական ուղղության նկատմամբ: Այս առումով, իհարկե, մայիսի 10-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Մոսկվա կատարած այցը որոշակի տպավորություն ստեղծում է: Սակայն մեկ այլ գործոն կա, որը մեծ էֆեկտ կարող է ունենալ Եվրոպայի այդ ընտրության վրա: Այս օրերին պաշտոնական հայտարարությունների տեսք ստացավ նաեւ այն գաղափարը, որ Չինաստանի հայտնի "Մետաքսի ուղու" ծրագիրը նախատեսվում է կապել ԵՏՄ-ի հետ: Չինաստանից Եվրոպա գնացող հզոր առեւտրային հոսքերը ԵՏՄ-ի հետ կապելը նշանակում է, որ նախª ժամանակի ընթացքում պարապուրդի են մատնվելու հիմնականում ԱՄՆ-ի վերահսկողություն տակ գտնվող ծովային ուղիներըª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Երկրորդը. Վաշինգտոնին այս դեպքում էլ չհաջողվեց առանցքային դարձնել այդ առեւտրային գծերը Ռուսաստանը շրջանցող ճանապարհներով տանելը: Խոսքը առաջին հերթին Լոնդոն-Ստամբուլ-Պեկին ծրագրի մասին է, որը դեռ տարիներ առաջ էր շրջանառության մեջ մտել: Այսինքն, եթե արդեն նախատեսվում է հիմնական առեւտրային հոսքերը Չինաստանից Եվրոպա հասցնել ԵՏՄ-ով, դա հուշում է, որ Եվրոպան հազիվ թե հակառուսական ուղեծրում ցանկանա երկար մնալ:
Բայց Հայաստանի համար այս իրավիճակը, անշուշտ, պակաս կարեւոր նշանակություն չունի: "Մետաքսի ճանապարհի" հիմնական ուղիներից մեկը Չինաստան-Հնդկաստան-Իրան ուղղությունն է, որն Իրանից Եվրոպա հասցնելու տարբեր սխեմաներ կային. մասնավորապեսª թուրքական եւ ադրբեջանական տարբերակները, որոնց նպատակով էլ ժամանակին սկսվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագիրը: Սրան հակակշիռ կարող էր լինել Իրան-Հայաստան երկաթուղին, որը մի կողմից Գյումրի-Կարս երկաթուղուն միանալու տարբերակն ունի, մյուս կողմիցª Վրաստան-Աբխազիա եւ Կերչի նեղուցի տրանսպորտային արդեն սկսված ծրագրի միջոցովª Ղրիմ եւ Ուկրաինա դուրս գալու հնարավորությունը: Իհարկեª Մոսկվայում կարելի էր նկատել, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հերթական անգամ խոսելով ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցության ցանկության մասին, մասնավորապես "Մետաքսի ճանապարհի" այդ ուղու լոբբինգն էր առաջ տանում: Նման լոբբինգը, անշուշտ, մեզ համար պետք է մտահոգիչ լինի: Թեեւ մյուս կողմից էլª այս նախնական իրավիճակում Հայաստանի շանսերն ավելի նախընտրելի են: Նախª Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, ոչ թե ԵՏՄ-ի հետ ընդամենը համագործակցության ցանկություն ունի, այլ այդ կառույցի անդամ էª շատ հարցերում վետոյի իրավունքով: Երկրորդը. "Մետաքսի ճանապարհը" միանգամից ԵՏՄ-ի հետ կապելը արդեն իսկ Հայաստանին հնարավորություն է տալիս հենց իր տարբերակն առաջ քաշել: Ու հենց նման հայտ պետք է համարել մայիսի 8-ին կայացած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, թե. "Անհրաժեշտ եմ համարում շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաեւ հարավային ուղղությամբ, մասնավորապեսª Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Անհրաժեշտ է նաեւ հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարեւելյան Ասիան եւ Պարսից ծոցը ԵՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը":
Եվ, վերջապես, չմոռանանք թուրքական տարբերակին Չինաստանի բավականին ընդգծված բացասական տրամադրվածության մասին, իսկ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը հուշում է, թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկընտրանքի դեպքում որն է ռուսական դիրքորոշումը: Առավելեւս, որ չնայած Նազարբաեւի լոբբինգին, Ադրբեջանն այս օրերին էլ շարունակում է ակտիվորեն խոսել Վաշինգտոնի քավորությամբ մշակվող Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի մասին, որը ոչ միայն Մոսկվան համարում է իր նկատմամբ թշնամանքի դրսեւորում, այլեւ այն փաստացի հիշատակված Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան-Իրան առանցքը ճեղքելու մեխանիզմ է: Ավելի կոնկրետª կարծես թե միակ մեխանիզմը, ինչը հուշում է, որ այս իրավիճակում հարավկովկասյան տարածաշրջանը դեռ մնալու է նոր ձեւավորվող այդ եվրասիական համակարգի եւ ԱՄՆ-ի միջեւ պայքարի հիմնական թատերաբեմերից մեկը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
