«ՈՐՈՇ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆԸ, ԵՎ ԱՌԱՋԻՆԸ` ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ»
Արխիվ 12-16«ՈՐՈՇ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆԸ, ԵՎ ԱՌԱՋԻՆԸ`
ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ»
Այս օրերին, երբ աշխարհի առաջադեմ հասարակությունը պաթոսով խոսում է ահաբեկչությունների, ջարդերի, ցեղասպանությունների մասին, միեւնույն ժամանակ, լուռ ունկնդիրն է Իրաքում տեղի ունեցող սարսափելի սպանդի: Ամեն օր, ամեն վայրկյան հենց մեր քթի տակ ահաբեկիչների ձեռքով հարյուրավոր երեխաներ են սպանվում, հազարավոր ճակատագրեր խեղվում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Միդիա-Շանգալ Եզդիների ազգային միավորում ՀԿ անդամ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ հետ, ով բոլորովին վերջերս իր աչքով է տեսել Շանգալի սարսափը.
–Անցած ամիս եղա Իրաքում եւ այցելեցի մեր 423 հազար ու ավելի փախստական եզդիներին: Նրանք ապրում են «Յունիսեֆի» տրամադրած վրանների տակ` անհույս եւ առանց որեւէ հեռանկարի: Երեխաները հիվանդ են, մահանում են: Ունենք շատ որբ երեխաներ: Հնարավոր չէ պատկերացնել, որ այժմյան քաղաքակրթության դարաշրջանում հնարավոր է այսպես ապրել:
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ են գերտերությունները լռում այս մասին:
– Գերտերությունների եւ առհասարակ միջազգային կառույցների այս լռությունը չափից դուրս դժգոհելու տեղիք է տալիս: Դատապարտելուց ավել բան չեն անում: Իսկ դատապարտելը այս դեպքում զրոյական եմ համարում, եթե չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ` դադարեցնելու դեռեւս շարունակվող ողբերգությունը: Ավելին` կան որոշ կառույցներ, որոնք զենք եւ զինամթերք են ապահովում ահաբեկչական խմբավորմանը, եւ առաջինը` հենց Թուրքիան:
– Իրաքում դեռ մնացած եզդիների մասին ի՞նչ տեղեկություն ունեք այս պահին:
– Փախստական եզդիները, ովքեր մնացին Իրաքում, հաստատվել են հիմնականում Շարիայում, Զախոյում, Խանկում, Բաաեդիրում, Էյսեյում եւ այլն: Առավել ողբերգական է Զախոյում հաստատված եզդիների վիճակը, որոնց ոչ մի օգնություն չի հասնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
