"ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ"
Արխիվ 12-16
"Ռիա Նովոստի" գործակալության փոխանցմամբ` Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը:"Իրավունքը" ԼՂՀ մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ պարզեց` այս հանդիպումն ինչ կտա արցախյան խնդրի կարգավորմանը:
"Ցանկացած նման հանդիպում մենք կարեւորում ենք, չնայած խեղաթյուրված ձեւաչափով (նկատի ունի հանդիպում ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում-խմբ.) չեն կարող հանգեցնել խնդրի վերջնական կարգավորմանը, քանի որ առանց Արցախի, անհնար է դա կատարել: Այնուամենայնիվ, կարեւոր է խաղաղ կարգավորման գործընթացի ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը",- ասաց Բաբայանը:
Ըստ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի` ինչպիսի հանդիպում էլ լինի, արցախյան կարգավորման խնդրի համար Մինսկի ձեւաչափը չի շրջանցվելու: "Համոզված եմ` այնտեղ ներկա կլինեն Մինսկի համանախագահության ներկայացուցիչներ կամ համանախագահները",- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Արդյո՞ք հնարավոր է ինչ-որ նախապայմաններ առաջ քաշվեն Հայաստանի առաջ ԼՂ հարցում` ԵՄ-ի հետ հռչակագրի ստորագրումից առաջ. "Չեմ կարծում, քանի որ աշխարհաքաղաքական առումով նման անհրաժեշտություն չկա: Բացի այդ` որեւէ նախապայման Արցախի հարցում չի կարող լինել",- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
