ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԵՐԸ ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՀԱՅԵՐԸ
ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼ ԵՆ
Այն, որ ադրբեջանական լրահոսի ջրաղացին գիտակցաբար, թե անգիտակցաբար կարող է ջուր լցնել այս կամ այն ոլորտի հայ ներկայացուցիչը, ինչ-որ առումով կարելի է պատկերացնել, ներել կամ չներել: Բայց երբ խայտառակ սխալ կարող է թույլ տալ պետական գործիչը` այն էլ նախկին վարչապետը, սա, թերեւս դեռ 90-ականներից մեր ազգի վրա ծանրացած ողբերգությունն է: Եվ այսպես, օրերս, երբ հեռուստաալիքներից մեկի հյուրը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էր, իսկ թեման` մայիսյան Եռատոնը, վերջինս նման մի հայտարարություն արեց. «1992-ին` Շուշին գրավելիս, հայերս օգտվեցինք Ալիեւի եւ Էլչիբեյի հակասությունից»: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ մեկ էլ Ադրբեջանն է կարծում, որ մենք Շուշին գրավել ենք, մինչդեռ սա եղել է մեր հայրենիքի ԱԶԱՏԱԳՐՄԱՆ սրբազան պատերազմ: Եվ երբ բորբոքված հեռուստադիտողը մինչ այս պահը սպասում է, որ պարոն Բագրատյանը ներողություն կխնդրի, թե սա «լեզվի սայթաքում էր», նա հրապարակավ ներողություն է խնդրում այլ բանի համար. «Հաղորդման ժամանակ մի սխալ բան եմ ասել, ուզում եմ շտկել: 1992-ին` Շուշին գրավելիս, հայերս օգտվեցինք ոչ թե Էլչիբեյի եւ Ալիեւի հակասությունից, այլ Մութալիբովի եւ Էլչիբեյի հակասությունից: Ներողություն վրիպակի համար: Ի դեպ, Էլչիբեյի եւ Ալիեւի հակասությունից ԼՂՀ զինված ուժերն օգտվեցին 1993-ին` երբ գրավեցին Աղդամը»: Չէ, Բագրատյանն, ուղղակի, անուղղելի է, թերեւս երրորդ անգամ սխալվելով, նրանով պետք է զբաղվեն ոչ թե պատմաբանները, այլ ազգային անվտանգությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
