"ՈՒԹ ՄԻԼԻՈՆՈՒԿԵՍԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴ ԽՓԵԼ ՉԵ՞Ն ՏԱԼԻՍ"
Արխիվ 12-16"ՈՒԹ ՄԻԼԻՈՆՈՒԿԵՍԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴ ԽՓԵԼ ՉԵ՞Ն ՏԱԼԻՍ"
ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստության համար մայիսի 4-ին ձերբակալված "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը "դրսում" է: Բայց ոչ թե մեղադրանքն է չեղյալ համարվել, այլ պարզապես դատախազի որոշմամբ տիկին Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է փոխվել: Այն էլ, դատախազության պարզաբանմամբ, մեղադրյալի տարիքը հաշվի առնելով: Ավելինª Ենոքյանը ներգրավել որպես մեղադրյալ` սպանություն նախապատրաստելու հոդվածով, քանի որ, ըստ դատախազության.
"Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, եւ նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով":"ԻՐԱ ՀԵՏԻ ՓՈՂ ՈՒՏՈՂՆԵՐՆ
ԻՐԱՆ ՀԱՆԵՑԻՆ, ՈՐ ԻՐԵՆՔ ԷԼ "ՉԾԱԿՎԵԻՆ"
Մի խոսքովª այս պատմությունը դեռ բուռն շարունակություն է խոստանում: Իսկ թե իրականում ի՞նչ խնդիրներ են ունեցել նախկին եւ ներկա պատգամավորները, որքանո՞վ է հիմնավոր, որ 73-ամյա կինը նախապատրաստում էր հազար անգամ "ընկած-ելած" պատգամավորի սպանությունը, փորձեցինք պարզել անձամբ ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ:
- Պարոն Կարապետյան, ի՞նչ խնդիր եք ունեցել Ձեր նախկին կուսակցի հետ:
- Ճիշտ կլինի` իրան էդ հարցը տաք, որովհետեւ ես չեմ նախապատրաստելիս եղել նրա սպանությունը: Ես որեւէ խնդիր չեմ ունեցել, ինքն է երեւի ունեցել, որ իմ սպանությունն էր ուզում սարքել:
- Ամեն դեպքում, հենց այնպես նա ինչո՞ւ պետք է Ձեր սպանությունը նախապատրաստեր:
- Դե էնքան էլ հենց այնպես չի, աղջիկ ջան: Բայց ինձ հիմա գիտե՞ք` ինչն է հունից հանում, այն, որ իմ սպանությունն էին նախապատրաստում, բայց հիմա որոշ մարդիկ սկսել են իմ անունը շահարկել:
- Ի վերջո, ի՞նչն է եղել ձեր երկուսի, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունների պատճառը:
- Ճիշտ ասացիք` ոչ բարեկամական: Ինչ վերաբերում է նրան, թե ինչի պետք է էդ անձնավորությունն իմ սպանությունը նախապատրաստեր, ապա ասեմ` որովհետեւ ութուկես միլիոն փող ա "գցել", կերել, էդ ութուկես միլիոնի համար մարդ խփել չե՞ն տալիս: Խնամուն է կանչել, առաջարկել... պարզ չի՞ էդ բոլորին: Պրոստը իրա հետի փող ուտողներն ուժեղ գտնվեցին, իրան հանեցին, որ իրենք էլ "չծակվեին": Բայց դե նախաքննությունը ընթանում է, դեռ շատ բաներ կբացվեն, համբերեք` կտեսնեք:
"ՇՈՒՏՈՎ ԿԱՍԵՄ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՌԵԱԼ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ"
Պատգամավորի վերոնշյալ պարզաբանումներից հետո մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության նախապատրաստում) մեղադրվող ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԻՑ: Տիկին Ենոքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վատառողջ է եւ առհասարակª այս պահին չի ցանկանում շատ խոսել այդ թեմայով, քանի որ դեռ որոշ մարդկանց հետ պետք է հանդիպի, զրուցի, պարզաբանումներ անի, որից հետո հանդես կգա հայտարարությամբ: Բայց մեզ հաջողվեց որոշ հարցերի պատասխանը ստանալ:
- Ձեզ մեղադրում են պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ի՞նչ կասեք այդ առումով:
- Շուտով հանդես կգամ հայտարարությամբ, որտեղ կբացահայտեմ, թե ով է իսկական մարդասպանը, շանտաժիստը: Կասեմ, թե ովքեր են ռեալ մարդասպանները, ովքեր ազատության մեջ են, իսկ ծեր կնոջը կարողանում են շանտաժ անել: Պարզապես որոշ մարդիկ փորձում են իմ անունը ժողովրդի մեջ սեւացնել, բայց ես դա թույլ չեմ տա, կբացահայտեմ բոլորի` ով ով լինելը: Ուղղակի հիմա անչափ թույլ եմ, խոսելն էլ է դժվար:
- Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ Ձեր խափանման միջոցը փոխելու մեջ Ձեզ օգնել են մարդիկ, ովքեր, ինչպես ինքն է ասում, Ձեր "հետի փող ուտողներն են, որ իրանք էլ "չծակվեն"":
- Դա էդ խուլիգանի, փչացածի պոզիցիան է, իր բնավորությունը. "ծակվի" բառը դաժե ամաչում եմ ասել: Ինձ` խափանման միջոցս փոխելու մեջ օգնել են երեսունյոթ պատգամավոր, եւ եթե էդ երեսուն յոթ պատգամավորը հանցագործ են, ուրեմն էդ ձեւի է: Ինձ միայն պատգամավորների խնդրանքով են թույլ տվել ստորագրությամբ մնալ իմ քաղաք Երեւանում. ցանկացած ժամանակ, երբ անհրաժեշտ լինի` քննիչը կանչի` ես հինգ րոպեից իր մոտ կլինեմ: Էլի եմ կրկնում, ինձ օգնել են երեսունյոթ պատգամավոր, ինձ գարանտ են կանգնել պատգամավորները: Ես թքել եմ իրա վրա էլ, իրա ասածների վրա էլ. ալամ աշխարհը գիտի` ես ով եմ, իսկ ինքն ով է: Կարոն գող, ավազակ, մարդասպան, Հայաստանի Հանրապետության համար առաջին վաշխառուն է, դրա համար էլ ընկել է էս օրը: Հիմա էլ փրփուրներից է բռնել, անմեղ մարդու է կպել, որ մի բան պլոկի իր արած ստորությունների դիմաց, բայց չի ստացվի: Վերջ, այլեւս ոչ մի բառ...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
