ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԵԹԵ ԵՆՈՔՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԼԻՆԵՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ՀԱՆԴԵՍ ԿԳԱՅԻՆՔ ՆՈՒՅՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ»
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԵԹԵ ԵՆՈՔՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԼԻՆԵՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ՀԱՆԴԵՍ ԿԳԱՅԻՆՔ ՆՈՒՅՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ»
1in.am-ի փոխանցմամբ` նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը հետ է վերցրել ստորագրությունը` հօգուտ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ազատ արձակման:
«Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից պարզեց` իրոք Պետոյանը հետ է վերցրել իր ստորագրությունը: Տիկին Վարդանյանն ասաց, որ տեղյակ չէ` խոսքն ինչի մասին է: «Եղած ստորագրություններով փաստաթուղթը հանձնվել է դատախազությանը: Թե հետ վերցնելն ինչ է նշանակում, չեմ կարող ասել»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Մուշեղ Պետոյանի կողմից նման հայտարարություն չի լսել: «Ես կարդացել եմ իր հարցազրույցը, որտեղ Պետոյանը որոշակի մտահոգություն էր հայտնել իր ընկերոջ` Կարո Կարապետյանի հետ կապված: Ստորագրությունը հետ վերցնելու համար Մուշեղ Պետոյանը պետք է դիմեր ինձ, որպեսզի ես մինչ այդ փաստաթուղթը դատախազություն հանձնելը, հանեի նրա ստորագրությունը: Բայց նման դիմում չի եղել»,- պատասխանեց կուսակցության առաջնորդը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` Գոհար Ենոքյանի համար կատարված միջնորդությունն առնչություն չուներ Կարո Կարապետյանի հետ: Այն ընդամենը վերաբերում էր ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանին կալանքից ազատելուն, նրա առողջական վիճակի` հիպերտոնիայի պատճառով:
Արդյոք Մուշեղ Պետոյանի հետ կապ հաստատել է Նաիրա Զոհրաբյանը` պարզաբանում ստանալու: «Ո՛չ, չեմ խոսել եւ չեմ էլ պատրաստվում: Եթե ինքը ցավում է կամ զղջում, որ 73-ամյա առողջական լուրջ խնդիրներ ունեցող կնոջը փորձել է օժանդակել, որեւէ մեկնաբանություն անելը, կարծում եմ, ավելորդ է»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` արդյոք նման ստորագրահավաք կնախաձեռնվեր Գոհար Ենոքյանի համար, եթե նա չլիներ ԲՀԿ անդամ: «Մեզ համար առաջնային նշանակություն ունի մեր կուսակցական ընկերոջը սատարելը: Սակայն եթե անգամ տիկին Ենոքյանը չլիներ կուսակցական եւ նրա փոխարեն լիներ Կարո Կարապետյանը կամ այլ պատգամավոր, վստահ եմ` թե՛ ես, թե՛ այլ պատգամավորներ հանդես կգային նույն միջնորդությամբ, որպեսզի մարդը դատարանում պաշտպանի իր իրավունքը»,- եզրափակեց ԲՀԿ առաջնորդը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
