ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՔԹԻ ՏԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍԵԼ, ԲԱՅՑ ՆԱ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞
Արխիվ 12-16ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՔԹԻ ՏԱԿ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՆ ՍԿՍԵԼ, ԲԱՅՑ ՆԱ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞
«Իրավունքի» տեղեկություններով` Հրազդան քաղաքի գլխավոր բժիշկը` «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանը գնել է Հրազդանի ավտոկայանը եւ պատրաստվում է այնտեղ ռեստորանային համալիր կառուցելու:
«Իրավունքի» հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վերոնշյալ լուրերի առնչությամբ ասաց, որ ավտոկայանը պատկանում է տրանսպորտի եւ կապի նախարարությանը եւ մենք այնտեղից էլ պետք է պարզաբանում ստանանք: «Ես նման լուրեր չեմ լսել ու ռեստորանային համալիր կառուցելու մասին փաստաթուղթ չենք ստացել»,- ասաց քաղաքապետը:
Կապ հաստատեցինք նաեւ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանի հետ, ով հերքեց այն լուրերը, թե ինքն է գնել այդ տարածքը եւ ինքն է կառուցում այդ ռեստորանային համալիրը. «Սխալ եք զանգել, ես դրա հետ կապ չունեմ: Իզուր են իմ անունը շրջանառում»,- ասաց Սահակյանը:
Իսկ թե ինչու են հենց իր անունը կապում կառուցվելիք ռեստորանային համալիրի հետ, «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենը դժվարացավ ասել, ապա արագորեն անջատեց հեռախոսը:
Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ արդեն մեկ ամիս է, որ շինաշխատանքները սկսվել են, ավելին` ամեն օր հենց այդ ճանապարհով է քաղաքապետը գալիս աշխատանքի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
