«ԱՅՆ ՏԱՐԻՔՈՒՄ, ԵՐԲ ԵՍ ԼԻՐ ԿԽԱՂԱՄ, ԳՈՒՑԵ iPhoni -Ի ՓՈԽԱՐԵՆ ԹՌՉՈՂ ԱՓՍԵԻՑ ՀՐԱՄԱՆՆԵՐ ԱՐՁԱԿԵՄ»
Արխիվ 12-16«ԱՅՆ ՏԱՐԻՔՈՒՄ, ԵՐԲ ԵՍ ԼԻՐ ԿԽԱՂԱՄ, ԳՈՒՑԵ iPhoni -Ի ՓՈԽԱՐԵՆ ԹՌՉՈՂ ԱՓՍԵԻՑ ՀՐԱՄԱՆՆԵՐ ԱՐՁԱԿԵՄ»
Այս տարի «Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում ներկայացվեցին «Արմմոնո» փառատոնի նախորդ տարվա հաջողություն գրանցած ներկայացումները, որոնց թվում էր նաեւ երիտասարդ դերասան ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Ռոմեո» մոնոներկայացումը (բեմադրիչ` Հայարփի Ասոյան): Ռոմանտիկ սիրահար Ռոմեոն եւս մեկ անգամ հանդիսատեսին հիշեցրեց, որ անգամ 21-րդ դարում` հագեցած տեխնիկայի ժամանակաշրջանում, միեւնույն է, պարզ ու մաքուր սեր դեռ կարող է լինել: Իսկ սոցցանցերում ֆեյքերից բացի, կարող են հանդիպել անգամ մերօրյա Ռոմեոներ ու Ջուլիետներ: Մոնոներկայացման ու իր կերտած ժամանակակից Ռոմեոյի մասին էլ «Իրավունքը» զրուցեց Ն. Հարությունյանի հետ:
- Նարեկ, կարելի է ասել` Ձեր կերտած Ռոմեոն մեկ տարի մեծացել է: Ի՞նչ փոխվեց կերպարում այս մեկ տարվա ընթացքում:
- Գուցե նա էլ ինձ հետ մեկ տարի մեծացավ, բայց եթե ճիշտը կուզեք, այդ կերպարը չի մեծանում այնքան, որ հասունանա: Չէ որ այդ դեպքում չէր լինի այն Ռոմեոն, ով ապրում է իր սիրո ակնթարթով, եւ ում սիրտը բաբախում է առաջին իսկ հանդիպումից: Կարծում եմ` յուրաքանչյուր ծերունի իր սրտի մի անկյունում հիշում է իրեն Ռոմեոյի տարիքում, որովհետեւ այդ Ռոմեոն երբեք չի մեծանում:
- Ըստ Ձեզ, 21-րդ դարում դեռ կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կմեռնեն հանուն սիրո` դառնալով Ռոմեոյի ճակատագրի իրավահաջորդը:
- Միշտ էլ հավատացել եմ իրական սիրուն: Սերը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ մարդն ապրում է: Իսկ քանի դեռ մարդը սիրում է, նա ընդունակ է խենթության ու ինքնազոհության:
- Ինչպես Ձեր հերոսը` մերօրյա Ռոմեոն, երբեւէ սոցցանցային «աղջիկ խոսեցնելու» տարբերակին դիմե՞լ եք:
- Այո, եւ դա էլ միտք հանդիսացավ իմ Ռոմեոյին այդ կերպ ներկայացնելու: Հանգամանքները փոխվում են, բայց գաղափարը մնում է նույնը:
- Արդյո՞ք ռոմանտիզմը չի կորում օնլայն տիրույթում, թե այսօրվա հերոսներին առանց համակարգչի դժվար է պատկերացնել:
- Տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր կերպ են շփվել, բայց ռոմանտիզմը ոչ թե շփման ձեւի եւ տեսակի, այլ զգացմունքների եւ երեւակայության աստիճանի մեջ է:
- Իսկ Դուք գտե՞լ եք Ձեր Ջուլիետին կյանքում:
- Երեւակայությանս մեջ` այո, բայց իրականում` ոչ: Հուսով եմ` կգտնեմ:
- Ի դեպ, «Արմմոնո» փառատոնը մեկնարկեց դերասան Արեգ Գեւորգյանի «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացմամբ, որի ընթացքում հերոսը ասում է, թե Շեքսպիրն էլ միֆ էր: Հետաքրքիր է, թե Դուք ի՞նչ մտորումներ ունեք շեքսպիրյան իրականության մասին:
- Եթե նույնիսկ համարենք, որ Շեքսպիրը միֆ էր, նրա դրամատուրգիան միֆ համարել չենք կարող: Ինչպես եւ չենք կարող միֆ համարել Մոցարտի հիասքանչ երաժշտությունը:
- Այս փառատոնում այլեւս նորեկ չեq, կցանկանայի մի փոքր էլ խոսեինք «Արմմոնոյի» մասին: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն Ձեզ համար:
- Իսկապես, «Արմմոնոն» իմ կյանքում մեծ դեր ունեցավ: Այն առաջին անգամ ինձ հնարավորություն տվեց ներկայանալ հասարակությանը` որպես ստեղծագործող: Չեմ կարող առիթից չօգտվել եւ իմ երախտագիտությունը չհայտնել սիրելի Մարիաննա Մխիթարյանին (փառատոնի տնօրեն): Նա այն քչերից է, ով վստահեց ինձ եւ այս ասպարեզում ինքնահաստատվելու առիթ ունեցա:
- Հանդիսատեսը եւս մեկ անգամ տեսավ Ձեր մեկնաբանությամբ ժամանակակից Ռոմեոյին: Հնարավո՞ր է, որ սա ունենա իր շարունակությունը եւ մի օր էլ, ներկայացնեք, ասենք, Լիր արքային, ով հրամաններ է տալիս iphone-ով:
- Աշխարհն այնքան է զարգանում իր տեխնիկայով, որ այն տարիքում, երբ ես Լիր կխաղամ, գուցե iphoni-ի փոխարեն թռչող ափսեից հրամաններ արձակեմ: Բայց, միեւնույնն է, պիտի ասեմ այն, ինչ գրել է մեծն Շեքսպիրը, ոչինչ ավելի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունք»-ում:
