«ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. « ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ ՏՄՊՊՀ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՅՑ ԿԱՊՐԵՆՔ, ԿՏԵՍՆ
Արխիվ 12-16«ՄԱՐԱԹՈՒԿԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ ՏՄՊՊՀ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՅՑ ԿԱՊՐԵՆՔ, ԿՏԵՍՆԵՆՔ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նիստ էր հրավիրել` քննելու «Մարաթուկ» տուրիստական գործակալության դեմ հարուցված վարչական վարույթը: Հիշեցնենք` ապրիլի 7-ին կայացած նիստում ՏՄՊՊՀ-ն հարուցել էր վարչական վարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորման համար:
Ու քանի որ ժամանակին թեման լուսաբանելու առիթ ունեցել ենք, ներկայացանք նաեւ նիստին: Սակայն ստիպված էինք բախվել այս պատմությունից էլ դուրս գտնվող մեկ առնվազն տարօրինակ իրավիճակի. մինչ նիստը սկսելը ՏՄՊՊՀ-ն թույլ չտվեց լրագրողին տեսանկարահանել նիստը` պատճառաբանելով, որ գուցե հրապարակվեն վերոնշյալ կազմակերպությանն առնչվող առեւտրային գաղտնիքներ: Աբսուրդն այն է, որ մինչ այս սույն կառույցը հազար ու մի նիստեր է անցկացրել` հաճախ շատ ավելի լուրջ մեղադրանքներ ու ծանրակշիռ տնտեսվարողների վերաբերող գործեր քննել: Ու մինչ այժմ չէինք լսել նման պատճառաբանություններով փակ նիստերի մասին: Առավել եւս, որ կոնկրետ դեպքում տնտեսվարողը`«Մարաթուկ» տուրիստական գործակալությունը ամենեւին էլ դեմ չէր իրեն առնչվող ցանկացած տեղեկատվության հրապարակմանը: Բայց չէ, ՏՄՊՊՀ-ն ավելի «շատ» էր մտածում տնտեսվարողի «շահերի» մասին, եւ նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը դրվեց քվեարկության եւ անցավ միաձայն: Ամենատարօրինակ այն է նաև, որ ըստ հանձնաժողովի՝ վերջինիս վախը ԶԼՄ-ներից բացատրվում է նրանով, թե լրատվամիջոցները կարող են կատարեն վարույթի փաստերի վերաբերյալ մեկնաբանություններ և այլն, ինչը ըստ ՏՄՊՊՀ-ի թույլատրելի չէ: Այստեղ ցանկանում ենք փաստել մեկ կարևոր հանգամանք տեղեկություններ ստանալու և տարածելու`այդ թվում դրանց վերաբերյալ մեկնաբանություններ, վերլուծություններ կատարելը լրագրողի իրավունքն է, որը սահմանված է ՀՀ Սահմանադրության 27-րդ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածներով և այդ իրավունքը կարող է սահմանափակվել բացառիկ դեպքերում օրենքով նախատեսված կարգով: Լրագրողի կողմից վարույթի փաստերի վերաբերյալ հնարավոր մեկնաբանությունները և դրանց «հրապարակման վտանգը» որևէ կերպ չեն հանդիսանում օրենքով նախատեսված այնպիսի նպատակներ որոնք կարող են հիմք հանդիսանալ այդ իրավունքի սահմանափակման համար: Նման հիմքով լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումը ոււղակի աննախադեպ է և մեզ հայտնի չէ որևէ այլ պետական մարմին, որը նման կերպ երբևէ վարված լինի: Հավանաբար ՏՄՊՊՀ-ն թաքնվելու լուրջ պատճառներ ուներ:
Մոտ երեք ժամ տեւած նիստից հետո, այնուամենայնիվ, զրուցեցինք «Մարաթուկի» ներկայացուցիչ Զորիկ Վարդանյանի հետ, ով այսպես ներկայացրեց տեղի ունեցածը.
- Մենք ներկայացրինք մեր փաստերը, սակայն ՏՄՊՊՀ-ն չլսելու տեղ էր դնում: Մինչեւ անգամ մենք ներկայացրինք, որ այս ողջ պատմությունը «Մարաթուկի» դեմ պատվեր է, բայց ՏՄՊՊՀ-ն դա էլ «չլսեց»:
- ՏՄՊՊՀ-ն որեւէ հակափաստարկ կամ հակադարձում ներկայացրե՞ց:
- Ոչ: Իրենք մեր գովազդի սլայդը ներկայացրին: Ընդ որում` գովազդի վրա փակցված «Greece»-ն փակել են եւ ասում են, որ «Մարաթուկը» միայն Կրետե կղզին է գովազդում: Ես իրենց ասում եմ` մենք Հունաստանն ենք գովազդում: Նիստի ավարտին ՏՄՊՊՀ-ն մեզ ասաց, որ մենք կարող ենք մեր բողոքները նաեւ գրավոր ուղարկել:
- Ըստ Ձեզ` ՏՄՊՊՀ-ն հակվա՞ծ է «Մարաթուկի» գրավոր բողոքներն ուսումնասիրել:
- Երեւի` ոչ: Ես հասկացա, որ նրանք նախօրոք վճիռը կայացրել են եւ մի վատ բան «Մարաթուկի» հանդեպ անելու են, որպեսզի ոչնչացնեն այն` որպես տուրիստական գործակալության: Ավելին ասեմ` նիստի ընթացքում հօգուտ իրենց հարցեր էին ուղղում, եւ երբ մենք ճիշտ պատասխանում էինք, ընդհատում էին եւ անցնում այլ հարցերի: Օրինակ, հարցնում էին` Երեւան-Կրետե-Երեւան չվերթի քանի՞ փաթեթ ենք վաճառել, ինչքա՞ն շահույթ ես ունեցել անցյալ տարի: Մեզ համար անհասկանալի են ՏՄՊՊՀ-ի գործողությունները, բայց կապրենք, կտեսնենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
