ԼՂՀ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ` ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ. «ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»
Արխիվ 12-16ԼՂՀ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ` ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ. «ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանականերում Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը։
«Իրավունքը» ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից պարզեց`այս հանդիպումը ինչ կտա արցախյան խնդրի կարգավորմանը:
«Ցանկացած նման հանդիպում մենք կարեւորում ենք, չնայած խեղաթյուրված ձեւաչափով (նկատի ունի հանդիպում ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում-խմբ.) չեն կարող հանգեցնել խնդրի վերջնական կարգավորմանը, քանի որ առանց Արցախի անհնար է դա կատարել: Այնուամենայնիվ, կարեւոր է խաղաղ կարգավորման գործընթացի ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը»,- ասաց Բաբայանը:
Ըստ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի`ինչպիսի հանդիպում էլ լինի, արցախյան կարգավորման խնդրի համար Մինսկի ձեւաչափը չի շրջանցվելու: «Համոզված եմ` այնտեղ ներկա կլինեն Մինսկի համանախագահության ներկայացուցիչներ կամ համանախագահները»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Արդյոք հնարավոր է ինչ-որ նախապայմաններ առաջ քաշվեն Հայաստանի առաջ ԼՂ հարցում ԵՄ-ի հետ հռչակագրի ստորագրումից առաջ. «Չեմ կարծում, քանի որ աշխարհաքաղաքական առումով նման անհրաժեշտություն չկա: Բացի այդ` որեւէ նախապայման Արցախի հարցում չի կարող լինել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
