ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Պարզվում է, որ Թբիլիսիում կայացած շոտոկան-կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև տեղի ունեցած բախումն ամենևին էլ Հայաստանի հավաքականի մարզիկներին չի վերաբերել: ՀՀ սպորտի և երիտասարության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը «Իրավունք»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրականում միջադեպը տեղի է ունեցել Վրաստանը ներկայացնող ջավախահայ մարզիկի և ադրբեջանցի մարզիկի միջև: «Ես, որպես մամուլի քարտուղար տեղեկացնում եմ, որ Հայաստանը այդ միջադեպին որևէ առնչություն չի ունեցել և մենք հորդորել և պահանջել ենք, որ կազմակերպիչները կատարվածի մասին հաղորդագրություն տարածեն»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: Նա նաև կոչ է անում իր գործընկերներին միայն ճշտված տեղեկություններ հրապարակել, քանի որ «Յութուբ»-ում հայտնված ցանկացած տեսանյութ կարող է ապատեղեկատվություն լինել և տհաճ հետևանքների պատճառ հանդիսանալ:
Այնուամենայնիվ, որքան էլ որ հայկական կողմը փորձում է սպորտը չքաղաքականացնել, սակայն «հարևան» Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում ցանկացած առիթ օգտագործել այլ երկրի տարածքում ազգամիջյան կոնֆլիկտ հրահրելու համար: Բոլորովին վերջերս էր, երբ ադրբեջանցի մարզիկը կքանստել էլ հայկական հիմնը հնչեցնելու ժամանակ, իր պահվածքով փորձելով հունից հանել հայկական կողմի ներկայացուցիչներին: Ադրբեջանցու նման կեցվածքը չնայած համարժեք գնահատականի արժանացավ միջազգային կազմակերպությունների կողմից, սակայն այն, որ ադրբեջանցիները այնքան են սանձարձակվել, որ նույնիսկ հաշվի էլ չեն առնում, թե մարզիկը ո՞ր երկին է ներկայացնում փաստ է: Ստացվում է, որ հայատյացությամբ զոմբիացած ադրբեջանցի մարզիկները միայն մեկ խնդիր ունեն՝ եթե ազգությամբ հայ է, ուրեմն կոնֆլիկտը պատրաստ է: Ադրբեջանցի մարզիկների նման կեցվածքի մասին ՀՀ սպորտի և երիտասարության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանն նշեց, որ հայ և ադրբեջանցի միջադեպը միշտ լինելու է, բայց ինչ վերաբերում է այս միջադեպին այն որևէ ազգամիջյան տարր չի պարունակել:
«Չհերքելով այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ցավոք դեռ երկար ժամանակ լարված են մնալու, բայց կոնկրետ այս միջադեպը որևէ ազգամիջյան տարր չի պարունակել: Մենապայքարային մարզաձևի ընթացքում Վրաստան-Ադրբեջան մենամարտի ժամանակ քաշքշուկ է եղել և հետո այն տարածվել է մարզասերների միջև, բայց սա հաստատ ազգամիջյան կոնֆլիկտի հետևանք չի: Վրաստանի ներկայացուցիչը ծագումով հայ է եղել, իսկ ադբեջանական կողմը եղել է ադրբեջանցի»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Իսկ կա՞ արդյոք տեղեկությունայն մասին, թե ձերբակալված ադրբեջանցիների հանդեպ ինչ պատիճ է սահմանվել հարցին նա պատասխանեց, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին, պարզապես այն հնչեղություն է ստացել տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո: «Սա միջազգային մրցաշար է, որն ունի կազմակերպիչ-պատասխանատուն, որն էլ և կրում է միջոցառման ողջ պատասխանատվությունը: Մենք երբ ստանանք նրանց կողմից ներկայացված տեղեկատվությունը կատարվածի վերաբերյալ, նոր կարող են հստակ պատասխանել, սակայն այս պահին կազմակերպիչների եզրակացությունը դեռ չկա: Ընդունողը վրացական կողմն է և նրանք էլ պարտավոր են հանդես գալ հայտարարությամբ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Ի դեպ, Ա.Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ այդ վիճաբանությունից հետո մրցաշարը շարունակվել է և Հայաստանի հավաքականը բավականին լուրջ նվաճումներով է վերադարձել: Հայ մարզիկները շահել են 3 ոսկե, 3 արծաթե և մի քանի բրոզնե մեդալներ, հաղթանակներից մի քանիսը տանելով ադրբեջանցի մարզիկների նկատմամբ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
