«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՈՉ ՄԻ ՃՅՈՒՂ…»
Արխիվ 12-16«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՈՉ ՄԻ ՃՅՈՒՂ…»
Բոլորովին գաղտնիք չէ, որ Հայաստան-Սփյուռք կապի արդյունավետ համագործակցությունից բավականաչափ օգտակար պտուղներ են ծնվում, շոշափելի առաջընթացներ արձանագրվում, բայց որ այդ կապի հիմքում բազմաթիվ խնդիրներ ու չիրագործված հենքեր կան, ևս գաղտնիք չէ: Իսկ թե ի՞նչ խնդիրներ կան իրականում այսօր սփյուռքահայ մշակույթում, հայոց սփյուռքն արդյոք աչքի ընկնու՞մ է միջհամայնական մշակութային կապերով, կներկայացնի լոնդոնաբնակ գրող, սփյուռքահայ նշանավոր գործիչ ԱՍԱՏՈՒՐ ԳՅՈՒԶԵԼՅԱՆԸ:
«Սփյուռքահայ մշակույթի խնդիրները բազմաթիվ են, բայց առանձնահատուկ ուզում եմ շեշտադրել արևմտահայ և արևելահայ մշակույթների կապի հիմնախնդիրը: Օրինակ, երբ իմ հեղինակած գիրքը նվիրում եմ հայաստանաբնակ հայերին, նրանց մեծամասնությունը անկեղծորեն խոստովանում է, որ արևմտահայերեն չի կարող կարդալ և հասկանալ, ես էլ նույն անկեղծությամբ զարմանում եմ, թե ինչպես է ստացվում, որ ես արևելահայերեն կարդում և հասկանում եմ, իսկ իրենք արևմտահայերեն՝ ոչ: Արևմտահայերենը մեր դասական լեզուն է: Ես կողմնակից չեմ, որ ուղղագրությունը Հայաստանում և Սփյուռքում լինի արևմտահայերեն, կամ արևելահայերեն: Քանզի արևմտահայերենի և արևելահայերենի մեջ կան հնչյունաբանական լուրջ տարբերություններ, որոնք հաղթահարումը մեծ բարդությունների հետ է կապված: Ի վերջո, լուծման կարոտ ավելի կարևոր խնդիրներ կան, սակայն ՀՀ և Սփյուռքի կապերի ամրապնդման կարևոր նախադրյալներից մեկը հենց այս անջրպետի հաղթահարումն է»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում նշում պարոն ԳՅՈՒԶԵԼՅԱՆԸ, ապա շարունակելով նկատում է. «Ցավոք հայոց Սփյուռքը աչքի չի ընկնում նաև միջհամայնական մշակութային կապերով, ինչը շատ մտահոգիչ հարց է: Միջհամայնքային կապը որոշակիորեն ապահովվում է Հայ Բարեգործական ընդհանուր միության գրասենյակների միջոցով, բայց այդ կապը շատ թույլ է: Միջհամայնական մշակութային կապը նույնքան կարևոր է, ինչքան Հայրենիք-Սփյուռք մշակութային կապը: Ես բազմիցս առաջարկել եմ ստեղծել համաեվրոպական կոմիտե, որին իրենց մասնակցությունը կբերեն Փարիզը, Բրյուսելը, Աթենքը և այլ հայաշատ քաղաքները: Մեծ հաշվով, դա դժվար գործ չէ: Հուսով եմ, որ մի օր կիրականանա մեր փափագը…»:
Իսկ իբրև գրականագիտական գործիչ` այն հարցին, թե արդյո՞ք սփյուռքահայ գրական կյանքը հարատևում է և ինչքանո՞վ է անցյալի ժառանգությունը նպաստում գրական կյանքի աշխուժացմանը, պարոն ԳՅՈՒԶԵԼՅԱՆԸ նկատում է.
«Ցեղասպանությունից հետո յուրաքանչյուր ոք ցանկանում էր իր նպաստը բերել «կորած» գրականության կենդանացման գործին: Նորաթուխ սփյուռքահայ գրողները դարձան Վարուժանի, Սիամանթոյի շարունակողները: Սփյուռքի գրական կյանքը թրծվում էր Մելքոնյան կրթական հաստատության, Անթիլիասի դպրեվանքի, Հալեպի Քարեն Եփփե վարժարանի, Բեյրութի Նշան Փալանչյան ճեմարանի և մյուս ազգային կառույցների շրջափակում: Ցավոք, ներկայումս այդ գրողների սերունդը չկա: Օրինակ, ֆրանսահայ կամ ամերիկահայ համայնքները ներկայացնող գրողները մեծամասամբ եկել են այլ երկրներից, մասնավորապես Լիբանանից և Սիրիայից: Սփյուռքահայ գրականությանը մեծ հարված հասցրեց Մելքոնյան կրթական հաստատության փակումը: Աշխարհական վարժարանները նույնպես բարվոք վիճակում չեն. Սիրիայում պատերազմի հետևանքով հայկական վարժարանները մեծամասամբ հավասարվել են հողին, Լիբանանի Հայկազյան վարժարանում գրականության ուղղությամբ մասնագիտանում են հազիվ 5-10 ուսանողներ: Բացառություն է կազմում հնդկահայ համայնքը՝ մասնավորապես Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը: Ես չեմ բնակվում Հայաստանի Հանրապետությունում և ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել հայաստանյան իրականության տարբեր դրսևորումները, բայց իմ կարծիքով ո´չ Հայաստանում, ո´չ Սփյուռքում ներկայումս չկան շիրազյան, ծառուկյանական սերունդների շառավիղներ: Այս իրավիճակի գլխավոր պատճառը նյութական սուղ պայմաններն են: Նորություն չէ, որ մշակույթի զարգացում ապահովելու նպատակով անհրաժեշտ են հիմնադրամներ, անհատ բարերարներ, այլապես նվազագույն աշխատավարձերով հնարավոր չէ զարգացնել մշակույթի և ոչ մի ճյուղ»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
