ՀԵՐՈՍՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԿՐԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱ ՇՇՆՋՈՒՄ ԷՐ.«ՏԵ՛Ր, ՈՂՈՐՄԻԱ»»
Արխիվ 12-16ՀԵՐՈՍՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԿՐԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱ ՇՇՆՋՈՒՄ ԷՐ.«ՏԵ՛Ր, ՈՂՈՐՄԻԱ»»
Անհերքելի փաստ է, որ երջանիկ սերունդ ենք, քանի որ նախ ունեցանք հերոս պապեր, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ պայքարում: Ապա մեր հայրերն իրենց արյունով ազատագրեցին Շուշին ու այսօր ունենք 23-ամյա Պաշտպանության բանակ եւ, իհարկե, Ազատ ու անկախ Արցախ: Իսկապես, մայիսի 9-ը ԵՌԱՏՈՆ է, ոչ միայն տոնացույցում ամրագրված, այլ գրված յուրաքանչյուրիս ընտանիքի պատմության մեջ ու այն էլ ոսկե տառերով: Այս երկու պատերազմներին մասնակցած յուրաքանչյուր զինվոր ՀԵՐՈՍ է` իր ուրույն ճակատագրով, իր անուրանալի սխրագործությամբ: Հենց այս հերոսներից մի քանիսի պատմության պատառիկներին էլ անդրադարձավ «Իրավունքը»` դրանք ներկայացնելով հերոսների սերունդների խոսքերով:
«ԱՄԵՆ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ ԶԵՆՔ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱ,ՄԵՆՔ ԹՈՒՐՔԻ ՆՄԱՆ ԹՈՒՐՔ ԹՇՆԱՄԻ ՈՒՆԵՆՔ»
Օրվա խորհրդին անդրադառնալով` ՀՀ գրողների միության անդամ, անվանի բանաստեղծուհի, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ նշում է, որ մեղք կգործած կլինի, եթե չպատմի հոր մասին,որովհետեւ ամբողջ օրը մտքով իր հետ է եղել` օրհնել, խոնարհվել իր հիշատակին. «Հայրս ծնվել է 1907թ.: Ութ տարեկան է եղել,երբ թուրքերը լցվել են գյուղ, պապս,իսկական կռվող հայ տղամարդ` երկու «բերդանկա» տիպի հրացան է ունենում,հորս ձեռքից բռնած դիրքավորվում է գյուղի թիկունքի սարի վրա. լիցքավորում է երկու հրացանը` մեկով ինքն է կրակում,մյուսը տալիս է հորս ու սովորեցնում ձգանը քաշել: Գյուղի ներսում տղամարդիկ են կռվել, իսկ գաղթականների թիկունքը հայր ու որդի պահում են այնքան,մինչեւ ժողովուրդը թաքնվում է լեռներում... 1941թ. հայրս` ՇԻՐԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ մեկնել է ռազմաճակատ: Կռվել է Կերչում,Թամանյան դիվիզիայում: Երկու անգամ վիրավորվել եւ Վրաստանի զինվորական հիվանդանցում բուժվելուց հետո, նորից ետ է մեկնել ռազմաճակատ: 1944թ. նա ծանր վիրավորվում է, գնդակի բեկորները թոքերի մեջ են մխրճված լինում, բժիշկները մի մասը հեռացնում են, մնացած մասը վտանգավոր է լինում հեռացնել, վերքն սպիանում է, մի օր բեկորներից մեկը շարժվեց եւ վերջ դրեց հորս կյանքին… Թող լույս իջնի բոլոր նրանց շիրիմներին,ովքեր կյանքով փրկեցին իրենց երազանքները եւ ովքեր տուն վերադարձան` իրենց հետ տուն բերելով պատերազմը: Մինչեւ կյանքի ավարտը ,նա հրացանից չբաժանվեց, որսորդմիության անդամ էր: Շատ քիչ էր որսի գնում, բայց ամեն երեկո խնամքով փայլեցնում էր զենքը ու հետն էլ ասում` «Ամեն հայ ընտանիք զենք պիտի ունենա,մենք թուրքի նման թուրք թշնամի ունենք»:
«ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԳՆԱՆՔ ԱՅՆՏԵՂ ԵՎ ԿԳՏՆԵՆՔ ՕՐԴՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ»
Իր հերոս պապի մասին է գրել ռեժիսոր, օպերատոր ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆԸ. «Պապս` ԱԼԵՔՍԱՆ ՕՐԴՅԱՆԸ զոհվել է Կերչի մատույցներում: Նա երկու անգամ է պատերազմ գնացել: Առաջին անգամ` 1941-ին վերադարձել է վիրավոր, իսկ երկրորդ անգամ` 1943-ին չի վերադարձել: Ես միշտ ցանկացել եմ լինել այդ կողմերում եւ գտնել այն հուշագիրը, որի վրա կլինի նաեւ պապիս անունը: Հիմա այդ ցանկությունն ավելի է հասունացել: Այսօր Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ ես իմ տղաներին խոստացա, որ մի օր անպայման կգնանք այնտեղ եւ կգտնենք Օրդյան ազգանունը: Սրա մասին երեւի հայրս էլ է երազել, բայց երբեք բարձրաձայն չի արտահայտվել: Ի դեպ, այդ տարիներին զոհվել է նաեւ պապիս եղբայրը` Կարապետ Օրդյանը եւ, փաստորեն, երկու եղբայրների ընտանիքներն իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի ողջ արհավիրքը: Վստահ եմ, որ մեր բոլորի ընտանիքներում կան մարդիկ, որոնք մասնակցել են 2-րդ համաշխարհայինին եւ նվիրել են իրենց սերունդներին կյանք եւ խաղաղություն»: Ապա անդրադարձել Արցախյան ազատամարտի մասնակից եղբայրներին. «Հպարտացել եմ ղարաբաղյան պատերազմին մասնակցած իմ եղբայրներով` Հովիկ Աթոյանով, Գագիկ Օրդյանով եւ Կամո Փայտյանով, որոնք իմ պատանեկության տարիներին կենդանի հերոսների օրինակներ էին եւ` են: Նրանց եւ նրանց նմանների շնորհիվ է, որ մենք այսօր հպարտություն ենք ձեռք բերել: Միայն մի բան կասեմ` ՇՆՈՐՀԱԿԱԼ ենք եւ շնորհավոր ՄԵՐ ՄԵԾ ԵՌԱՏՈՆԸ»:
ԵՐԳԻՉ ԱՐԱՄ MP3-Ի ՊԱՊԻԿԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՂԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿ
Իր պապի մասին խոհերով կիսվել է նաեւ երգիչ ԱՐԱՄ Mp3-ը. «Պապիկս` ԱՎԵՏԻՔ ՄԿՐՏՉՅԱՆԸ, պատերազմի ժամանակ եղել է ռազմական բժիշկ: Այս օրը ես միշտ նրա հետ հաղթանակի այգում էի լինում: Պապիկս իր ռազմական կոստյումով եւ շքանշաններով,իսկ ես պաղպաղակով եւ մի շքանշան էլ իմ կրծքին: Խոնարհվում ենք Ձեր առջեւ մեր սիրելի Պապիկներ եւ Տատիկներ»:
«ՀՊԱՐՏ ԵՄ ՀՈՐՍ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՐԱ ԱՆՁՆԱԶՈՀ, ԸՄԲՈՍՏ ՏԵՍԱԿՈՎ»
Մայիսի 9-ը հատկանշական է նաեւ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության փոխնախագահ, խմբագիր, գրող ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ համար, քանի որ նրա հայրը` ՄՀՆՋ գումարտակի հրամանատարի տեղակալ ԱՇՈՏ ՄԱՄԻԿՈՆԻ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, մասնակցել է Շուռնուխի, Բերձորի, Քաշաթաղի, Արցախի այլ բնակավայրերի ազատագրման համար մղվող մարտերին: «Զոհված ազատամարտիկների կատարած աշխատանքը թեեւ անգնահատելի է ու թանկ, սակայն պետք է շարունակենք ու ավելի ընդլայնենք մեր տարածքները, որպիսզի հայ գյուղացին հանգիստ մշակի իր հողը, հայ զինվորը խաղաղ պահպանի մեր սահմանը: Հպարտ եմ հորս անցած ճանապարհով եւ Հայրենիքի ազատության համար նրա անձնազոհ, ըմբոստ տեսակով», - անկեղծանում է հերոսի որդին` Մ. Խուրշուդյանը:
«ԱՍՈՒՄ ԵՆ` ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԿՐԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱ ՇՇՆՋՈՒՄ ԷՐ.«ՏԵ՛Ր, ՈՂՈՐՄԻԱ»»
Իսկ մոդել ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ հոր` զոհված ազատամարտիկ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ մասին, հպարտորեն նշում է. « Հայրս մեծատառով ՄԱՐԴ էր, ու այդ կարծիքին են բոլոր այն մարդիկ, ովքեր նրան ճանաչել են կամ առիթ են ունեցել շփվելու: Նա հայր էր, սիրող ամուսին, մարզիկ, ուսուցիչ, տաղանդավոր մարդ, ով նվագում էր տարբեր երաժշտական գործիքներ, գրում բանաստեղծություններ: Նա ինձ համար սուրբ մարդ էր: Նրա տեսակի մարդ ես էլ չեմ հանդիպել… Հայրս մեկնեց պատերազմի դաշտ` գիտակցելով, որ գնում է այդ քայլին, որպեսզի թշնամու ճիրաններից պաշտպանի իր երկրի սահմանները, իր հայրենիքը, ընտանիքը, հարազատներին, աշակերտներին: Ասում են` ամեն անգամ կրակելուց առաջ նա շշնջում էր.«Տե՛ր, ողորմիա»: Հասկանալով այն, որ դու մարդու ես կյանքից զրկում, բայց գիտակցում ես, որ այդ քայլով պաշտպանում ես հայրենիքդ, շատ ցավոտ է, սակայն ի՞նչ արած, կյանքն է այդպիսին: Հայրս իր մարտական ընկերներին վիրավոր չէր թողնում մարտի դաշտում: Նա 27 հոգու կյանք է փրկել ու իր շալակն առնելով վիրավոր ընկերներին` տարել է տասնյակ կիլոմետրեր: Նա իմ ՀԵՐՈՍ ՀԱՅՐԻԿՆ Է: Նա եղել է ու ապրում է իմ հուշերում, իմ սրտում, իմ մեջ»:
Պատրաստեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
