«ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՆՍՏԵՑՆԵԼ ՄԵԶ ՄՏՔԻ ԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔԻ ՆԱՎՈՒՄ»
Արխիվ 12-16«ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՆՍՏԵՑՆԵԼ ՄԵԶ ՄՏՔԻ ԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔԻ ՆԱՎՈՒՄ»
«Արմմոնո» միջազգային թատարեկան մոնոներկայացումների 13-րդ փառատոնի շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հանդիսատեսին ներկայացրեց «Անլռելի Զանգակատուն» կոմպոզիցիան, ըստ Պարույր Սեւակի համանուն պոեմի (բեմադրիչ Արմեն Սաֆարյան): Դերասանուհին իր հուզառատ խաղով միահյուսեց հայ երաժշտական մշակույթի բացառիկ երախտավորի` Կոմիտասի կենսագրությունն ու
պատմական իրականության թելը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության դեպքերի սեւակյան մեկնաբանությունը: Հատկանշական էր այն, որ Զ. Խաչատրյանը ասմունքին համեմել էր կոմիտասյան երգ ու հեզաճկուն պար, ինչն էլ ավելի ազդեցիկ էր դարձրել մոնոներկայացումը: Իսկ վերջում` հաջողված ներկայացումից հետո, դերասանուհին արցունքներ քամեց ինչպես իր, այնպես էլ հանդիսատեսի աչքերից…
Ի դեպ, ներկայացմանը ներկա էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել Զ. Խաչատրյանի մոնոներկայացման մասին. «Անշուշտ, տպավորիչ էր:Ամենակարեւորը, որ սեւակյան «Անլռելի Զանգակատունը» մատուցվեց եւ ոչ թե մնաց անլռելի Զանգակատուն, այլ դարձավ հոգու զանգակների ղողանջը էությանդ մեջ: Իրապես, Զարուհի Խաչատրյանը կարողացավ այնքան գեղեցիկ մատուցել այդ ամենը, որ ամեն բառի հետ, կարծես, քայլում էիր պատմության այն
արահետներով, որ անցել էր Կոմիտասը` իր որբությունից մինչեւ իր ողբերգություն: Հաճելի էր, որ ոչ միայն պարզ ներկայացում էր որպես ասմունք, այլ կցել էր ներկայացմանը նաեւ երգը, պարային յուրահատուկ խորեոգրաֆիկ շարժումները, որն առավել տպավորիչ էին դարձնում միտքը, տրամադրությունը եւ մթնոլորտը: Եվ այն, որ այս ամբողջ ժամանակաընթացքում մարդիկ քարացած ունկնդիրներն էին ելույթի, խոսում է այն մասին, որ դերասանուհին կարողացավ իր էությամբ նստեցնել մեզ մտքի եւ զգացմունքի նավում եւ իրականացնել մի ճամփորդություն դեպի Հայոց ողբերգության օվկիանը: Այնպես որ, շատ հրաշալի ելույթ էր եւ շնորհավորում եմ դերասանուհուն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
