ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՌԱՏՈՆԻ ՇՈՒՐՋ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՌԱՏՈՆԻ ՇՈՒՐՋ
Ամփոփելով մայիսյան եռատոնը` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նախարարների շնորհավորանքներն ու մտորումները ինչպես Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի առթիվ, այնպես էլ Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ: Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, ՀՀ նախարարներից մի մասը գտնվում էր Արցախում` մասնակցելով տոնական միջոցառումներին, մյուս մասը` ներկա գտնվեց հայաստանյան տոնակատարություններին, իսկ մի քանի նախարարներ պատիվ ունեցան մասնակցելու Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած պատմական ռազմական շքերթին:
«ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈԳԻ ԷՐ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՍՐՏԵՐՈՒՄ»
ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ շնորհավորելով բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ` նշել է. «Մեր գործն արդար էր, քանզի այն ոչ միայն հայրենիքի պաշտպանության, այլեւ համամարդկային վեհ գաղափարների ծնունդ էր: Մեր պապերի ոգու եւ անմնացորդ նվիրումի շնորհիվ մեզ` սերունդներիս, ժառանգվեց ապրելու եւ արարելու անկոտրում կամք, հայրենիքը շենացնելու ու հզորացնելու պարտքի զգացում, իսկ մարդկությունն էլ ազատվեց նացիզմի կործանարար ճիրաններից: Այդ ժամանակների աշխարհի ամենահզոր ու կազմակերպված բանակներից մեկը՝ վերմախտը, պարտություն կրեց շնորհիվ մեր զինվորների ազատության տենչի, ապրելու իրավունքին տեր կանգնելու եւ հայրենիքի փրկությունը քաջագործելու վճռականության: Այսօր էլ տարիների հեռվից, հետադարձ հայացքը ստիպում է մի պահ խորհել, թե այդ ինչ հերոսական ոգի էր սավառնում խորհրդային ժողովուրդների սրտերում, ինչպես կարողացան պատվով հաղթահարել այդ դժնդակ տարիները եւ սեփական ազատությունը պարտադրել այն խլելու պատրաստ թշնամուն: Սա ժողովուրդների բարեկամության եւ միմյանց փոխօգնության հասնելու իսկական օրինակ էր, ինչի արդյունքը այն Մեծ Հաղթանակն է, որը տասնամյակներ շարունակ հպարտություն եւ հիացմունք է առաջացնում`միշտ արթուն պահելով խաղաղությանը նվիրվելու գիտակցումը»:
«ԳԱԼԻՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԵՆ ՎԵՏԵՐԱՆ-ԲԺԻՇԿՆԵՐԻՆ»
ՀՀ առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին` շեշտել է. «1941-1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմի մասնակից բժիշկ-վետերաններին հայրենիքի փրկության գործում ունեցած հսկայական ավանդի մասին վստահ եմ շատ է խոսվել: Հայաստանից պատերազմին մասնակցել է 430 բուժաշխատող, ովքեր կռվի դաշտում ճերմակ խալաթի հետ նաեւ զինվորական համազգեստ հագան: Այս օրերին, երբ տարբեր քաղաքներում անցկացվում են հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ, տխրությամբ պետք է փաստենք, որ պատերազմի մասնակիցների շարքերը նոսրացել են: Տարբեր տարիների կտրվածքով զինվորի կյանքը փրկած բժիշկների մասին գրվել են բազմում գրքեր, աշխատություններ: Շատ երիտասարդներդների համար հենց այս մարդկանց հերոսությունն ու նախանձելի մասնագիտական կամքը պետք է օրինակ ծառայեն: Անվիճելի է, որ ռազմական բժիշկներն իրենց ուսերին հսկայական բեռ են կրել` ծանր վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու նպատկով հայտնվելով մարտի ամենաթեժ կետերում: Պատմությունը լավագույն վկան է այն բանի, որ ռազմական բժշկությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում զարգացում է ապրել հատկապես պատերազմների նման արհավիրքների շնորհիվ: Ռազմական բժշկությունը որպես մասնագիտություն, մեր երկրում ձեւավորվել է Հայոց բանակի կայացման դժվարին օրերին զուգահեռ: Մինչ այդ` Արցախյան գոյապայքարի տարիներին, որպես ռազմական բժիշկներ` իրենց աշխատանքային պարտքը կատարում էին բժշկական համալսարանի տարբեր ֆակուլտետների շրջանավարտները եւ ծառայության մեկնած զինվորները: Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը այսօր էլ գտնվում է մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության պայքարի առաջնագծում, ամեն օր զինվորական համազգեստ կրող մեր հարգարժան գործընկերները կատարում են անչափ շնորհակալ աշխատանք: Ցանկանում ենք եւս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել, մեծարել եւ պարզապես հիշել այն բուժաշխատողներին, ովքեր մարտի դաշտում ստանձնեցին ոչ միայն մարդկային հազարավոր կյանքեր փրկելու, այլեւ հայրենիքը պաշտպանելու անձնազոհ, վեհ առաքելությունը: Գալիք սերունդները պետք է ճանաչեն եւ գնահատեն վետերան-բժիշկներին, որովհետեւ անմոռանալի է նրանց սխրանքը Հայրենական Մեծ պատերազմի դժվարին գնով ձեռք բերված հաղթանակի գործում»:
«ՆԵՐԿԱ ՍԵՐՈՒՆԴԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
Իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆՆ ընդգծել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վետերաններ, շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տարեդարձի եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Հայ զորավարների, բարձրաստիճան սպաների, շարքային զինվորների եւ հերոսական ողջ հայ ժողովրդի միասնականության, համախմբվածության եւ հայրենասիրության շնորհիվ է, որ այսօր ներկա սերունդը հաղթական մայիսը դիմավորում է խաղաղ պայմաններում, որ ունենք կայացած ու զարգացող հայրենիք, որ հնարավորություն ունենք անամպ երկնքի տակ նշելու հայոց եռատոնը»: Ապա հավելել է. «Վստահ եմ՝ շնորհավորանքներիս միանում է ողջ մարզաշխարհը, եւ ես բոլորի անունից ու մեծ հպարտությամբ կրկին շնորհակալությունս եմ հայտնում Հայրենական պատերազմի եւ արցախյան ազատամարտի բոլոր վետերաններին, ազատամարտիկներին, հայոց հաղթական բանակին եւ ասում՝ մենք հպարտանում ենք ձեզանով»:
«ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ՄԵԾ ԷՐ ՄԵՐ ՓՈՔՐԱԹԻՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ»
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ դիմելով Մեծ Հայրենականի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին` մաղթել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսյան փառահեղ Եռատոնի կապակցությամբ: 70 տարի առաջ այս օրը Խորհրդային բանակը փառահեղ հաղթանակ տարավ Հայրենական Մեծ պատերազմում, որի կազմում աննկարագրելի մեծ էր մեր փոքրաթիվ ժողովրդի ներդրումը: Իսկ 1992 թվականին` նույն օրը, ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին, ինչը Հաղթանակի օրվան նոր իմաստ եւ խորհուրդ հաղորդեց: Միեւնույն ժամանակ կազմավորվեց եւ իր հաղթական ընթացքը մեկնարկեց հայկական երկրորդ պետության՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը: Մենք խոնարհվում ենք Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի մասնակիցների եւ վետերանների առջեւ, ովքեր իրենց կյանքի գնով, անձնուրաց նվիրվածությամբ եւ սխրագործությամբ հաղթանակներ կերտեցին եւ մեզ խաղաղ ապրելու իրավունք պարգեւեցին: Կրկին շնորհավորելով մեր հայրենակիցներին Մեծ Հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության Բանակի կազմավորման առթիվ` մաղթում եմ բոլորիս նորանոր հաղթանակներ եւ խաղաղություն»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
