«ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ «ԱՐՏՖԵՍՏԸ» ԿԱԶԴԱՐԱՐՎԻ «ՄԵԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԹԱՏՐՈՆՈՎ»
Արխիվ 12-16«ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ «ԱՐՏՖԵՍՏԸ» ԿԱԶԴԱՐԱՐՎԻ «ՄԵԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԹԱՏՐՈՆՈՎ»
«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնն այս տարի կմեկնարկի մայիսի 11-ին՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում` «Մեկ թագավորի թատրոն» պիեսի բեմադրությամբ: ««Մեկ թագավորի թատրոն» ներկայացման պրեմիերայով կազդարարվի նաեւ Ուսումնական թատրոնի նոր խաղաշրջանի բացումը: Այն պատահական բնույթ չի կրում, քանի որ պիեսի ե՛ւ դրամատուրգը, ե՛ւ բեմադրիչը մեր թատրոնի շրջանավարտ են»,- այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ու հավելեց. «Պիեսը պատմում է Արտավազդ թագավորի կյանքը: Ինչպես գիտեք, Արտավազդ թագավորը եղել է նաեւ թատերագիր, ուստի` բեմադրության միջոցով փորձել ենք ներկայացնել Արտավազդ թագավոր եւ թատերագիր համատեղությունը, ինչպես նաեւ անդրադարձ կատարել մեր պատմությանը»:
Փառատոնն այս տարի կտեւի շուրջ մեկ ամիս, ի տարբերություն նախորդ երկու
տարիների: Երկու շաբաթի փոխարեն, այն շուրջ մեկ ամիս հանրությանը կներկայացնի արվեստի մի քանի ճյուղեր` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, դիզայն եւ դեկորատիվ կիրառական արվեստ ու երգարվեստ: Սակայն, փառատոնը չդավաճանելով իր ավանդույթներին` այս տարի եւս ունի նորամուծություններ, բայց դրանք ներկայացնելու հարցում փառատոնի տնօրենը ժլատ գտնվեց. «Նորամուծություններից թվեմ մի քանիսը, մնացածը թողնեմ
անակնակալ: Այս տարի ավելացել է երգարվեստի եւ դիզայն-դեկորատիվ արվեստների ոլորտները: Փառատոնին զուգընթաց այս տարի «Դոկտոր սինեմա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնելու ենք վավերագրական ֆիլմերի դասընթացներ, որին մասնկացելու են հայտ ներկայացրած երիտասարդները: Ի սկզբանե որոշել էինք, որ այն կլինի սահմանափակ, բայց հայտերի առատության պատճառով որոշեցինք չկրճատել մասնակիցների թիվը: Մոտ 20 երիտասարդ կմասնակցի այս ծրագրին, որի շրջանակներում կլինեն նաեւ վարպետության դասեր»,- ասաց Է. Բարսեղյանն ու շեշտեց ցուցադրությունների վայրն ու ժամը` կարեւորելով, որ փառատոնի շրջանակներում բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
«Կինոարվեստի դիտումները կընթանան «Մոսկվա» կինոթատրոնում` հունիսի 3-ին եւ 4-ին: Կերպարվեստի ցուցադրությունները՝ հունիսի 1-7-ը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում, երգարվեստի լսումները` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում՝ հունիսի 2-ին: Իսկ հագուստի մոդելավորման ցուցադրությունները` Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ մայիսի 25-ին: Փառատոնի մրցանակաբաշխությունն ու փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 11- ին` Պատանի հանդիսատեսի թատրոնում»:
«ԱՐՏ ՖԵՍՏ»-ն արդեն 3-րդ տարին է` 16-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին
հնարավորություն է ընձեռում ինքնադրսեւորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու` ձեւավորելով համագործակցության հեռանկարային լայն շրջանակներ: Ցուցադրություններից հետո մասնագիտական հանձնախումբը արվեստի ամեն տեսակից որոշում է` ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակակիրներին: «Մեկ տանիքի ներքո» խորագրով «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը` մշակութային միամսյակը մեկ տանիքի տակ համախմբել է նաեւ մարզերի երիտասարդ ստեղծագործողներին, որոնց այս տարվա ակտիվությունն ուրախացրել է փառատոնի տնօրենին. «Ակտիվ են մասնակցում մարզերի ստեղծագործ երիտասարդները, մասնավորապես՝ Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզից: Հույս ունենք, որ հետագայում նույն ակտիվ մասնակցությամբ մեզ կմիանան նաեւ մյուս մարզերը»,- լավատեսորեն ընդգծեց Է. Բարսեղյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
